Գին, որը գուցե վճարվի կեղծ փողերով

06/10/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման թեման ընդամենը երկու-երեք օրով դադարեց լինել նույնքան հրատապ ու հետաքրքիր, որքան ամեն օր է, քանի որ Հայաստան ժամանեցին «Deep Purple» խմբի մենակատար եւ կիթառահար, «Հիսուս Քրիստոս` գերաստղ» ռոք օպերայում Հիսուս Քրիստոսի դերակատար Յան Գիլանը, «Black Sabbath» խմբի հիմնադիր Էնթոնի Այոմին, «Asia» խմբի դաշնակահար Ջեֆրի Դաունսը: Նրանք գնացին: Սակայն Յան Գիլանը խոստացավ վերադառնալ գարնանը` համերգով: Այն տեմպերը, որոնցով ՀՀ նախագահը ձեռնամուխ է եղել հայ-թուրքական սահմանը բացելուն, բազում թուրքերի եւ թրքաբնակ քրդերի եւս թույլ կտա գարնանը ներկա լինել «Deep Purple» խմբի համերգին:

Այսօր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շեմին արհեստականորեն թեժացվող լարվածության մասին գրելը գուցե արդեն օրիգինալ չէ, եթե չասենք` մահու չափ ձանձրալի է, սակայն չգրել էլ հնարավոր չէ: Եվ որքան էլ թերթի խմբագիրը ակնկալում է այլ թեմաներ, ոչինչ անել հնարավոր չէ` անգամ աշխատանքը կորցնելու վտանգն աչքի առաջ ունենալով:

Հայ-թուրքական սահմանի օգտին կամ դրա դեմ հանդես եկողները վաճառքի են հանել` ով ինչ կարող է ու ով ինչ ունի: Հեռուստաեթերով եւ ռադիոյի FM կայանները ցանկացողներին արդեն հրավիրում են ոչ թե խաղատուն, ուր հրապուրիչ կանայք են եւ խոշոր շահումներ, այլ Հանրապետության հրապարակ` իրենց վճռական Ո՛չ-ն ասելու հայ-թուրքական արձանագրություններին: Ստորագրահավաքը` որպես բողոքի արտահայտման իրեն արդարացնող ձեւ, ժամանակավրեպ է եւ սպառվել է վաղուց, ընդ որում` հենց խորհրդարանում, ուր իրենց մշտական ներկայությունն ունեն դաշնակցականները: Այն, որ ՀՅԴ-ի կազմակերպած բողոքի ակցիայի անկեղծությանը, բացի ազնիվ, հետեւաբար՝ շարքային դաշնակցականներից, ոչ ոք չէր հավատում, այդպես է: Սակայն ինչո՞ւ են բողոքի կազմակերպիչները, չխնայելով Սփյուռքից ստացվող դրամական օժանդակությունը, առատորեն այսքան թուղթ ու թանաք օգտագործում` բուկլետներ տպագրելու եւ ստորագրությունները վավերացնելու համար բլանկներ տպելու համար: Ո՞ւմ են պետք մեր ազնիվ քաղաքացիների ստորագրությունները: Դրանք պետք է ներկայացվեն Սերժ Սարգսյանի՞ն: Դժվար թե վերջինս իր հայացքին արժանացնի թղթերի հաստափոր այդ տրցակը: Ո՞ր ատյանի համար են այդ ստորագրությունները: Ինչպես դրամաշնորհ ստանալիս են դոնոր կազմակերպությանն ուղարկում արած աշխատանքի արդյունքը` գումարը րոպե առաջ ստանալու համար, այս ստորագրությունները կարող են պիտանի լինել թերեւս հենց նման նպատակի: Այս ստորագրություններն ինդուլգենցիա են, որոնք, եթե Դրախտի դռները չեն բացում, ապա բացում են Սփյուռքի ՀՅԴ կառույցների գանձարանների դռները:

Բացի դա` ելնելով հայաստանյան կուսակցությունների ոչ ազնիվ մղումների տրամաբանությունից` հայ-թուրքական արձանագրությունների դեմ դրված յուրաքանչյուր ստորագրություն ՀՅԴ վերնախավը կարող է համարել կուսակցության օգտին դրված ստորագրություն` իբր այսքան մարդ հինգ րոպե պակաս դաշնակցական է: Այսինքն` համարյա ընդդիմադիր: Իսկ եթե ինչ-որ մեկը ստորագրել է ՀՅԴ ներկայացրած բլանկները, բնականաբար, Հայ Ազգային կոնգրեսի կողմնակից չէ:

Բողոքի շուրջօրյա ակցիա կազմակերպելու նախաձեռնությունը ՀՅԴ-ն վերցրեց ՀԱԿ-ից: Եթե Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ունկնդրում էին «Queen»-ի երգերը (որի կիթառահար Բրայան Մեյն, ի դեպ, ցավոք, չէր կարողացել գալ Հայաստան), Արա Գեւորգյան եւ Բեթհովենի «Ձոն ցնծությանը», ՀՅԴ-ն մարդկանց հայրենասիրական լադի վրա է պահում բացառապես հայրենասիրական երգերով եւ պարերով:

Եթե շարքային քաղաքացիները միանշանակ հավատում են Հանրապետության հրապարակում տեղի ունեցող միջոցառումների հայրենասիրական ակունքներին, ապա լուրջ աղբյուրներից տեղեկանում ենք, որ նախագահ Սարգսյանից առաջ բազմաթիվ հայաստանցի դաշնակցականներ են ժամանել Սփյուռքի այն գաղթօջախներ, ուր պիտի տեղի ունենային սփյուռքահայերի հանդիպումները Սերժ Սարգսյանի հետ ` պատշաճ ընդունելություն կազմակերպելու: Այն, որ սփյուռքահայերի անկեղծ ցասումը եւս կարող էր ծառայեցվել նախապես ծրագրված միջոցառմանը, թեեւ այնքան էլ բարոյական չէ, սակայն քաղաքականության մեջ նման մանրուքներին ուշադրություն չի դարձվում: Սփյուռքահայերի բողոքի բռնկումները, որոնք հատկապես հուզական էին Փարիզում, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մատույցներում, դրա վկայությունն են: Հատկապես օտար երկրում իր քաղաքացիների կամ, պարզապես, ազգակիցների հանդեպ ֆրանսիացի ոստիկանների կոպիտ վերաբերմունքը, օրինականություն պահպանելու ձեւերը, որոնք հաշվի չէին առնում դիմացինի սեռն ու տարիքը, պիտի որ գոնե տխրեցնեին ՀՀ նախագահին: Սակայն նրա դեմքի եւ ոչ մի մկան չշարժվեց: Թեեւ նախընտրական իր ելույթներում խոստացել էր լինել համայն հայության եւ անգամ ընդդիմության նախագահը: Ֆրանսահայերից մեկը, ով հաջողել էր մոտենալ նախագահին` համարյա աղաչում էր չստորագրել արձանագրությունները` շոյելով նրա ուսն ու խոստանալով, որ այդպիսով Սերժ Սարգսյանը կդառնա ազգային հերոս: Սակայն նման հեռանկարից Սերժ Սարգսյանը ակնհայտորեն չոգեւորվեց. առաջարկեց ֆրանսահային շարունակել բողոքել:

Նույն պատկերն էր նաեւ Սփյուռքի մյուս գաղթօջախներում: Սակայն այն, թե ինչպիսի հանդարտությամբ, եթե չասենք` գոհունակությամբ էր Սերժ Սարգսյանը հետեւում իր դեմ կազմակերպած բողոքի այս տեսարաններին, թույլ է տալիս ենթադրել, որ դրանք իր սրտով են: Կարելի է անգամ ասել` ամեն ինչ ընթանում էր` ըստ ծրագրի:

Ինչպես իր սրտով են Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում ՀՅԴ-ի կազմակերպած բողոքի ակցիաները: Այսինքն` Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի սրտում տեղի ունեցած բողոքի ակցիաները իր` հայ-թուրքական հարաբերությունները վավերացնող արձանագրությունները ստորագրել ցանկացող նախագահի դեմ, աշխարհին վկայում են, թե որպիսի հզոր արգելքներ հաղթահարելու, ինչպիսի զոհողությունների գնով է ինքը գնում այդ քայլին: Սա գուցե այն գինն է, որի մասին հայտնեց Հասարակական խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, եւ որը ինքը պատրաստ է վճարել: