Հայաստանի տնտեսական կյանքում ազատ տնտեսական հարաբերություններին բնորոշ
տարրեր փնտրելն անիմաստ զբաղմունք է: Ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ
(եւ առաջին հերթին) տնտեսության մեջ ամեն ինչ կատարվում է Ռոբերտ
Քոչարյանի նախընտրական կարգախոսի՝ «Կազմակերպված պետության»
տրամաբանությամբ: Կազմակերպված է գրեթե ամեն ինչ՝ հանցավորությունը,
սափրագլուխների բանդաները, քրեական խմբավորումները, կազմակերպված ձեւով
թալանվում է արտերկրից գումարներ ստացող հասարակությունը, կազմակերպված է
տնտեսության օլիգարխիկ համակարգը: Հայաստանում անգամ մրցակցությունն է
կազմակերպված. «ԱրմենՏելի» ու «Վիվա Սելլի» մրցակցությունը դրա լավագույն
օրինակն է: Վերջերս կազմակերպված է դարձել նույնիսկ ընդդիմությունը:
Սակայն վերադառնանք տնտեսությանը, որտեղ «կազմակերպվածությունն» ունի շատ
կոնկրետ եւ հսկայական փողային արտահայտություն: Անցած շաբաթ,
արտասահմանյան հանգստից վերադառնալուց եւ տեղական հանգստի մեկնելուց առաջ
Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Հարկային տեսչության աշխատակիցների հետ:
Հանդիպեց, «հզոր ղեկավարի» PR-ի շրջանակներում նախատեսված դոզայով
«հաթաթա» տվեց Հարկային տեսչության աշխատակիցներին ու գնաց սերֆինգ
քշելու: Եվ մինչ Քոչարյանը կվայելի վաստակած հանգիստը, Հարկային
տեսչության աշխատողները պետք է կատարեն նախագահի հանձնարարականները: Իսկ
ի՞նչ է նրանց հանձնարարել Ռոբերտ Քոչարյանը: Տնտեսությունը մաքրել
ստվերից: Ընդ որում, Քոչարյանը մատնանշել է, թե կոնկրետ որ ոլորտները պետք
առաջին հերթին մաքրել ստվերից: Այս անգամ նրա ուշադրության կենտրոնում
հայտնվել են տրանսպորտի եւ հանքերի շահագործման բնագավառները: Եթե հիշում
եք, տարեսկզբին էլ հարկային տեսուչների հետ հանդիպման ժամանակ Ռ.
Քոչարյանը մանրամասն ներկայացրեց, թե երթուղային տաքսիների գծերի տերերն
ինչքան հարկեր են թաքցնում, քանի վարորդի են գրանցում ու իրականում քանի
մեքենա են շահագործում եւ այդպես շարունակ: Իհարկե, նախագահի այդ
հանդիպումից անցել է ավելի քան վեց ամիս, սակայն նշված բնագավառում ստվերն
առանձնապես չի նվազել. երթուղային տաքսիների գծերը շարունակում են
աշխատեցնել ԱԺ պատգամավորներն ու օլիգարխները, որոնցից շատերը, խոշոր
հարկատուների ցուցակում հայտնվելու փոխարեն, հայտնվում են վնասով աշխատող
ընկերությունների ցանկում: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության
ոլորտին, ապա այստեղ որեւէ պատահական գործարար կամ պաշտոնյա
գործունեություն չի ծավալում, ավելին՝ այս բնագավառում կատարվող ցանկացած
տեղաշարժ, ըստ հավաստի տեղեկությունների, վերահսկվում է հենց
իշխանությունների կողմից: Իհարկե, շատերը կարծում են, թե տրանսպորտի ու
հանքարդյունաբերության ոլորտները մատնանշելով՝ Ռոբերտ Քոչարյանը
դժգոհություն է հայտնել կոնկրետ Անդրանիկ Մանուկյանից ու Վարդան
Այվազյանից: Սակայն կարծում ենք, եթե Քոչարյանը նրանց ասելու բան ունենար,
ուղղակի այդ երկու նախարարներին կկանչեր ու կասեր այն, ինչ մտածում է: Կամ
էլ դա կհանձնարարեր իր օգնականներից որեւէ մեկին, որը պակաս ազդեցություն
չունի նախարարների վրա: Չնայած, բացառված չէ նաեւ, որ նման
հայտարարություններով Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր «սեղմել» այդ
ոլորտների գործարարներին:
Հարկային տեսչության աշխատակիցներն, անշուշտ, Քոչարյանի հետ հանդիպումից
հետո համապատասխան հետեւություններ արած կլինեն: Հավանական է, որ
առաջիկայում մի քանի աղմկոտ չարաշահումների դեպքեր «բացահայտվեն» այդ
ոլորտներում, ինչը կներկայացվի որպես ստվերային տնտեսության դեմ պայքարում
ձեռք բերված հերթական հաջողություն: Նախագահի բարձր հովանու ներքո: Ի
վերջո, բացառված չէ նաեւ, որ տարեվերջյան ցուցանիշներն ամփոփելիս
հայտարարվի նաեւ, որ ստվերային տնտեսությունը կրճատվել է, ասենք, 10
տոկոսով: Կրճատողն էլ են իրենք, հայտարարողն էլ:
Ուշադրություն դարձրեք՝ տնտեսական ցուցանիշների հետ կապված հարցերը
համապատասխան գերատեսչությունների աշխատակիցների հետ քննարկում է
բացառապես Ռոբերտ Քոչարյանը: Ավելի ճիշտ՝ միայն նրա հանդիպումներն են
լայնորեն լուսաբանվում: Անցած տարիներին դժվար է հիշել որեւէ դեպք, որ
հարկային կամ մաքսային կառույցների աշխատողներին հանդիպի վարչապետ
Անդրանիկ Մարգարյանն ու նրանց հանձնարարականներ տա: Իհարկե, վարչապետն այդ
գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում ու հանձնարարականներ տալիս
է կառավարության նիստերի ընթացքում, սակայն այդ մասին ընդամենը կարճ
հաղորդագրություններ են տրվում: Մինչդեռ հասարակությունը
հեռուստատեսությամբ տեսնում է հարկային տեսուչների հետ «աշխատող» Ռոբերտ
Քոչարյանին: Հետեւաբար, ստվերային տնտեսության կրճատման համար ո՞ւմ պետք է
պարտական լինի հասարակությունը: Իհա՛րկե Ռոբերտ Քոչարյանին:
Հ.Գ. Ի դեպ, մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ այդ
հանդիպման ժամանակ Ռ. Քոչարյանը Հարկայինի աշխատակիցներին տրամադրել է
անպարտաճանաչ հարկատուների «սեւ ցուցակ», որում ընդգրկված սուբյեկտների
նկատմամբ նրանք պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնեն: Ընդ
որում, ըստ այդ տեղեկության, ցուցակում կան նաեւ որոշ օլիգարխների
անուններ: Թե որքանով է նման ցուցակի գոյությունը համապատասխանում
իրականությանը, էական չէ: Էականն այն է, որ Քոչարյանը նման քայլով
ցանկանում է օլիգարխներին հիշեցնել իր մասին: Փաստորեն, հարկային
վճարումների վերաբերյալ հայտնվել է եւս մեկ ցուցակ՝ նախագահականի «սեւ
ցուցակը»: Այսուհետ օլիգարխները պետք է ամեն ինչ անեն, որ չներառվեն խոշոր
հարկատուների ցուցակում, ընդգրկվեն վնասով աշխատողների ցանկում, եւ հանկարծ չհայտնվեն Քոչարյանի «սեւ ցուցակում»: