«Զաբոռի» բացմանը սպասելիս

06/10/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս մասին Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչները բավական զգուշությամբ են խոսում, քանի որ թուրքերի հետ նույնիսկ մեկ բառի փոխանակումը համարվում է օրենքի խախտում: «Դրա համար էլ սահման են գծել, որ չխախտենք: Մենք չենք խախտում, բայց պատահել ա, որ իրանք են խախտել: Նույնիսկ տարիներ առաջ թուրք էր մտել մեր գյուղ»,- ասում են գյուղի բնակիչները:

Գյումրեցի Արշավիր պապն արդեն 80 տարի բնակվում է Մարգարա գյուղում: Գյուղի` Հայրենական պատերազմի միակ վետերանը հայ-թուրքական բարեկամության մասին շատ հուշեր ունի, որոնք պատմելիս նրա կապույտ աչքերում ալիքվում էին հուզմունքն ու մտավախությունը: «Սովետի տարիներին էս գյուղում լիքը թուրքեր կային: Նրանք Վանա տառեխ էին վաճառում էստեղ: Հայրս մեխանիկ էր ու գործի բերմամբ Թուրքիա էր գնում-գալիս: Կարի մեքենաներ էր բերում վաճառում: Բայց դե, 1945թ. զաբոռը փակեցին, ու վերջ` մինչեւ էսօր Մարգարան փակ սահման ա»,- վերհիշում է պապը: «Մի բանում վստահ եղեք` բացեն-չբացեն, թուրքը Մարգարա չի գա: Էն ուրիշ ճամփա կգտնի Հայաստան գալու համար: Ինձ թվում է` իրենք դաժե մի նոր ճամփա կսարքեն»,- նշում է Արշավիր պապը, ով քիչ հետո սանձված արցունքներին ազատություն է տալիս ու արտասվում գյուղի անորոշ ճակատագրի համար: Մինչդեռ գյուղի մյուս բնակիչները ոգեւորությամբ են ընդունում Մարգարայի «զաբոռի» բացումը»: «Խոսքեր չկան` զաբոռը պիտի բացվի: Դու հեշտ-հեշտ խոսում ես, բա գիտե՞ս մեր օրը: Մենք մինչեւ էսօր մեր այգին պրոպուսկով ենք մտնում: Իսկ տարիներ առաջ դաժե գյուղ էինք պրոպուսկով մտնում: Օրինակ, իմ էրեխու կնունքին, ասենք, քաղաքից մի 10-20 ղոնախ էի կանչում, չէ՞, ուրեմն էդքան մարդու համար ես պիտի պրոպուսկ հանեի, սաղի անձնագրերը պիտի տանեի պեչատելու, իսկական քաշքշուկ էր: Դե համ էլ ինչի՞ պիտի էսքան տարի` հարեւանը հարեւանից խռով մնա»,- ասում է տիկին Վերգուշը ու զայրանում, երբ խոսքը գնում է հայերին կոտորելու մասին. «Ի՞նչ ա` մենք չե՞նք կոտորել իրանց: Բա իրանք խի՞ չեն ձայն հանում»: Նրա ուղեկցությամբ հասնում ենք այն վայրը, որը նախկինում սահմանապահներն էին հսկում: Ըստ գյուղացու` 4 տարի առաջ ռազմական նշանակության այս կետը փակվեց: Տիկին Վերգուշը մատնացույց է անում փակ սահմանը. «Այ էն ծառերի շարքը որ կան` դրանից էն կողմ էլ մերը չի: Էդտեղով մեր Արազն ա հոսում: Գետը գարնանը վարարում ա ու հունից դուրս ա գալիս: Դաժե 1967թ. էստեղ մեծ ջրհեղեղ էր, բայց դա միակ դեպքն էր»: Մեզ են միանում նաեւ գյուղի այլ բնակիչներ: Այս մարդիկ այնքան են հուսալքվել, ու այնքան են կքել սոցիալական ծանր խնդիրների տակ, որ հայ-թուրքական հարաբերությունների մեջ են փնտրում իրենց փրկությունը, որովհետեւ վաղուց արդեն հոգնել են սեփական երկրում մի կերպ գոյատեւելու մտքից: «100 տարուց մեծ ա մեր գյուղը, բայց էսքան տարի մեր ղեկավարությունը մի անգամ չի մտածել, որ էստեղ մարդիկ են ապրում, ովքեր խնդիրներ ունեն` տարիներ շարունակ խմելու ջուր չունենք, ում պրոբլեմն ա: Բայց մեկ էլ հանկարծ Մարգարայի տեղը հիշեցին, որովհետեւ մոռացել էին փակ զաբոռի մասին, մեր մասին չէ` փակ զաբոռի»,- ասում են Մարգարայի բնակիչները: «Գյուղացուն ձեռնտու չէ սահմանի բացումը: Եթե Թուրքիայում մի 5 անգամ բերք են ստանում, մեզ մոտ` մի անգամ: Սրանք էլ կբերեն իրենց բերքը մեզ մոտ վաճառելու` մենք էլ, ախպեր ջան, կմնանք բորդյուրին: Մեր գյուղի մոտ 85 տոկոսը պարտքի տակ ա: Էս թուրքերը, ասենք, եկան, լավ ա: Մի երկու տարի շինարարություն կանեն, մարդիկ կաշխատեն, բա հետո՞: Հասկանում ես, մեր պետության մեջ պիտի գործի ցախավելի կանոնը` միահամուռ լինելը, այսինքն` մեր պետությունում բոլոր կուսակցությունները պիտի հավաքվեն, որ ցախավելը հատ-հատ չջարդեն»,- համոզված է Մարգարա գյուղի բնակիչ Գերասիմ Դանիելյանը, ում դիտարկմամբ՝ իրենց գյուղի սահմանը միշտ էլ փակ է եղել: «Իսկ սահմանը բացելու են միայն Լենինականի կողմից»,- ավելացնում է 60-ամյա Գերասիմ Դանիելյանը: Չնայած այս կարծիքին, գյուղում արդեն պտտվում են այն լուրերը, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Թուրքիա գնալու է հենց իրենց գյուղով: «Դա ոչ հավաստի տեղեկություն է, բայց լսել ենք»,- ասում են բնակիչները, որոնցից յուրաքանչյուրն այս օրերին կարծես դարձել է մի դիվանագետ: «Ես ուզում եմ, որ բացվի: Չգիտեմ, լավ կլինի` մենք էլ կգնանք, իրենք էլ կգան»,- այսպես է մտածում 5-րդ դասարանի աշակերտ Գոռը, ում հանդիպեցի փակ սահմանի դարպասների մոտ` բահը ձեռքին: Չնայած այս ամենին` գյուղում կան մարդիկ, որոնց կարիքների ու հոգսերի սահմանն այնքան մեծ է, որ նրանց համար այսօր միեւնույն է` սահմանը կբացվի՞, թե՞ ոչ: Մարգարայի բնակիչները գյուղի վիճակն ավելի ճշգրիտ պատկերելու համար` մատնացույց արեցին այն հողաշեն տունը, որտեղ այսօր բնակվում է Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Լեւոն Թադեւոսյանն՝ իր ընտանիքով:

Երկաթե հոգսերի հողե տնակը

Հողաշեն տնակի փայտյա դողդողացող աստիճաններին ջղաձգված շունը, անծանոթ մարդ տեսնելով` թույլ չի տալիս առաջ գնալ: Աստիճանահարթակին կանգնած կինն ու տղան նայում են ներքեւ ու հարցնում, թե ի՞նչ եմ կորցրել իրենց բակում: Րոպեներ անց կինն ինձ ուղեկցում է տուն: Ավելի ճիշտ` տուն ասվածը մի փոքրիկ սենյակ է, որտեղ բնակվում են նախկին ազատամարտիկի ընտանիքի 5 անդամները: Երկաթե ձողերով երկու մահճակալ, անդուռ դեղնադարչնագույն մի պահարան, լվացքի հին մեքենայի վրա շարված բարձեր, փոքրիկ ու գույները կորցրած մի հեռուստացույց եւ պատուհանագոգին` այս ու այն կողմ ընկած մի քանի խաղալիքներ: Սա է այս «տան» ամբողջ կահկարասին, որտեղ զգացվում է հոգատար ձեռքի գորովանքը` եղածը չկորցնելու համար: Տիկին Սիլվան մեր հարցերին շատ լարված ու կտրուկ է պատասխանում: Նախ պատմում է ամուսնու մասին, որը պատերազմի թեժ կետերում պայքարեց ու վիրավորվեց: «Մի քանի տեղից վիրավորվեց, ու էսօր էլ առողջական լուրջ խնդիրներ ունի: Իսկ ո՞վ ա մտածում իր մասին: Ինքը էս երկրին միայն կռվելու պահին պետք եկավ, բայց էսօր նույնիսկ հաշմանդամության թուղթ չունի: Հասկանո՞ւմ եք: Մենք գոյատեւում ենք»,- մահճակալի փոսի մեջ նստած` ասում է կինը, ում աչքերում կամաց-կամաց արցունքներ էին հավաքվում: Ու գուցե լացելու վախից էր, որ տիկին Սիլվան հայացքը շրջեց դեպի որդին, որի թափանցիկ կանաչ աչքերն այնքան խաղաղ էին: Կինը փորձեց հիշել այն հոսպիտալի անունը, որտեղ տարիներ առաջ գտնվում էր պարոն Լեւոնը, բայց այդպես էլ չմտաբերեց: «Ամուսինս առավոտից դուրս ա եկել, ու դեռ չի եկել տուն: Իսկ ես չեմ հիշում հոսպիտալի անունը: Շատ բաներ մոռացել եմ: Մենակ մի հոգս ունեմ` էրեխեքիս իրենց նպատակին հասցնեմ: Հեն ա, մեծ աղջիկս նոր ա ավարտել դպրոցը, խելացի աղջիկ ա, բայց փող չունենք, որ մի տեղ ընդունել տանք: Չնայած, ասա` հաց ունե՞ք, որ գոնե տաք ուտեն: Չէ, ավելի լավ ա չխոսեմ, մեկ ա ի՞նչ` օգնելո՞ւ են, ո՞վ: Սուտ ա, ոնց որ կյանքը: Մեկը չկա, որ գա ամուսնուս ասի` ապրես, ծառայել ես, շնորհակալ ենք: Իսկ ընդհանրապես հույս ասվածը կա աշխարհում: Ով ինչ ուզում ա` անում ա` սահման բացել-չբացելգ Մեր գործը չի»,- շան նյարդային հաչոցների վրա ծիծաղելով` խոսում էր տիկին Սիլվան` այս անգամ արդեն վերնազգեստի թեւքով սրբելով թաց աչքերը, որոնք կարծես դադարել էին փնտրել նույնիսկ Աստծուն: