Խուլերի տան բեմի խունացած կարմիր վարագույրների վրա հայտնված սպին նույնիսկ տեսանելի է դահլիճից, ինչը չի խանգարում իրականության աղմուկը չլսող երեխաներին, ովքեր ամեն օր հաճախում են այն մեծ տունը, որտեղ բոլորն ուղղակի անաղմուկ խոսելու վարպետներ են:
Պարերից մինչեւ բառեր
Բեմի կենտրոնական հատվածից կախված կլոր ջահն առավել ընդգծուն է դարձնում հիպ-հոպ ոճի պարուհիների ու նրանց պարուսույց Հայկի ապրումների թրթիռները: Հանդիսատեսի կարգավիճակում նրանց թարգմանչուհի Սիրանուշի հետ հետեւում ենք վարժությունների ընթացքին: Երբեմն Հայկը դժգոհում է, ուղղում է այս կամ այն շարժումը, ապա շարունակում է պարել, որտեղ երաժշտությանը փոխարինելու են գալիս 26-ամյա պարուսույցի հաշվարկները: «Երբ մարդիկ նրանց հետ խոսում են, նրանք ամեն ինչ հասկանում են: Եթե խոսողները չեն արտահայտում այն, ինչից դժգոհ են, ապա այս մարդիկ անպայման հայտնում են իրենց դժգոհությունը` ասելով` ինչո՞ւ ես այդպես նայում ինձ»,- ասում է խուլերի ու համրերի մշակույթի պալատի աշխատակից Սիրանուշը: Քիչ հետո մեր զրույցին միանում են նաեւ պարուհիներն ու պարուսույցը, ովքեր սիրում են կյանքը ու նույնիսկ այն մարդկանց, որոնց խոսելու ընթացքում իրենք պարզապես լռում են: «Մենք բոլորս էլ ուզում ենք լավ պարողներ դառնալ: Չենք հոգնում փորձերից: Մենք մարդկանց զարմացած չենք նայում, այնինչ նրանք, երբ փողոցում մեզ խոսելիս են տեսնում, ուշադրությամբ նայում են: Դրան հարմարվել ենք, ի՞նչ արած,- ասում է Հասմիկը ու ծիծաղելով ավելացնում,- Ամենաշատը վախենում եմ շատ հսկա մարդկանցից, որոնք խիստ ու բարկացած քայլում են փողոցներով: Գիտեմ, հա, ինձ չեն նեղացնի, բայց շատ եմ վախենում»: Այս խոսքերից հետո մյուս երեք աղջիկներն էլ` Գայանեն, Սերինեն ու Նարինեն սկսում են ծիծաղել: «Բոլորս էլ երազում ենք դառնալ լավ դիզայներ, նկարիչ, պարուհի, բայց մեզ դրսում տեղ չեն տալիս, ասում են` ձեզ պես մարդկանց աշխատանքի չենք վերցնում: Բայց մենք միայն մի բան չենք կարող` խոսել: Մի՞թե դա այդքան վատ է»,- ասում են նրանք: «Իմ քույրը ծաղիկների դիզայներ է: Էնքան գեղեցիկ կոմպոզիցիաներ է ստեղծել, բայց ոչ ոք նրան աշխատանքի չի ընդունում, որովհետեւ նա չի լսում ու չի խոսում: Ոչ մի գործատու չի ուզում, որ իր աշխատակիցը էսպիսին լինի»,- ասում է Աննան, ով նույնպես աշխատում է Մշակույթի պալատում: «Մի բան եմ ուզում միայն, որ աշխարհում խաղաղություն լինի: Սա բոլորին է պետք»,- հավելում է նա: Ու գուցե Աննայի այս մտքի շարունակությունն էր կանխատեսում Հայկը, որն անմիջապես փորձեց վստահեցնել. «Ես հիպ-հոպ եմ պարապում, գիտե՞ք ինչու. աշխարհն առաջ է գնում, ինչո՞ւ մենք հետ մնանք, որ հետո էլ մեզ ասեն` հետամնացներ: Եթե մեզ համար մի հովանավոր գտնվի կամ գոնե հրավիրեն համերգների, մենք շատ երջանիկ կզգանք մեզ: Մենք զգում ենք երաժշտությունը, նույնիսկ երգում ենք, բայց առանց բառերի»։ Հայկը քիչ հետո վերսկսում է ընդհատված պարապմունքը` բեմի վրայից ասելով. Մենք ուժեղ ենք: Մենք դա գիտենք»: Իսկ դահլիճի կարմիր վարագույրներից այն կողմ կյանքի հարատեւ ներկայացումն է, որի լեզուն հասկանալի է բոլորին: Ու սա ամենեւին էլ այն կատակ պարը չէ, որը տարիներ առաջ պարում էր Մշակույթի պալատի տնօրեն, վաստակավոր պարող ու թատերական խմբակի ղեկավար Լյովա Մկրտչյանը:
Լռության «հոգսերը»
Խուլերի մշակույթի եւ սպորտի տան տնօրենն արդեն 43 տարի ղեկավարում է պալատը: Նա դժվարացավ հիշել գոնե մի դեպք, երբ Հայաստանի կառավարությունը հիշել է իրենց մասին: «Այս տունը, որ տեսնում եք, միայն խուլերի ջանքերով է կառուցվել: Մեր նկատմամբ ոչ խորհրդային ժամանակաշրջանում կար ուշադրություն, ոչ էլ հիմա: Մեր մասին միշտ մոռանում են»,- նշում է տնօրենը` հիշելով Մշակույթի տան անցյալը, երբ իրենք ունեին գործարաններ` երկուսը՝ Երեւանում, մեկը` Գյումրիում: Ընդ որում` այս գործարաններն արտադրում էին տրիկոտաժ, կոշկեղեն ու սպիտակեղեն: «Նախկինում խուլերի կուլտուրայի տունը գտնվում էր Կոմիտասում` Վ. Փափազյան փողոցում, իսկ այս շենքը պաշտոնապես շահագործվեց 1986թ.: Մինչեւ հեղափոխությունն ամեն ինչ շատ լավ էր: Իսկ երկու տարի առաջ վիճակն ավելի վատացավ` պալատում ամեն ինչ դատարկվել էր: Ղեկավարությունը (խոսքը Հայաստանի խուլերի միավորման նախագահի մասին է.- Մ.Մ.) ուշադրություն չէր դարձնում մեզ: Էստեղ խղճուկ ու աղքատիկ վիճակ էր: Դա չէր կարող այլեւս շարունակվել, մինչեւ նոր ղեկավարություն չընտրեինք»,- դժգոհում է Լյովա Մկրտչյանը` համոզված լինելով, որ պետությունն ընդառաջում է բացառապես գոռացողներին կամ մշտապես իրենց կյանքից նվնվացողներին, այնինչ իրենք էլ ունեն կարիքներ ու չլուծված խնդիրներ: Այս մասին, սակայն, տնօրենն անօգուտ համարեց խոսել, որովհետեւ այդ նույն պետության համար իրենք անաշխատունակ են: Հայաստանի խուլերի միավորման նախագահի տեղակալ Գրիգոր Գրիգորյանի կարծիքով էլ` իրենք արդեն շուրջ երկու տարի պայքարում են դրա դեմ: «Մենք փորձում ենք պայքարել այն կետի դեմ, որ խուլերի հաշմանդամության փաստաթղթում ամրագրված է, որ իրենք երկրորդ խմբի հաշմանդամ են ու անաշխատունակ: Ինչո՞ւ են խուլերը անաշխատունակ: Այս մասին բազմիցս դիմել ենք սոցապնախարարություն, բայց որեւէ պատասխան չենք ստացել: Եվ ընդհանրապես պետությունը մեզ որեւէ աջակցություն չի ցուցաբերում: Երկու տարի առաջ մենք այս շենքը վերանորոգեցինք մեր ուժերով: Ու այսօր էլ դեռ աշխատանքներ կան, բայց գումար չկա: Մենք ստիպված ենք պալատի որոշ սենյակները վարձակալության տալ, որ գոնե այդ գումարով կարողանանք աշխատակիցներին վճարել»,- ասում է Գրիգոր Գրիգորյանը, ում աշխատասենյակում իրենց շքեղությամբ աչքի էին ընկնում այն հուշամեդալներն ու մրցանակները, որոնք մարզական միջոցառումներից ու մրցույթներից բերել էին պալատի «բնակիչները»: Այժմ նրանք պատրաստվում են 2011թ. ըմբշամարտի համաշխարհային առաջնությանը, որը տեղի կունենա հենց իրենց պալատում: «Նոյեմբերին մենք պատրաստվում ենք նաեւ մեր թատերական խմբով մեկնել Չեխիա` փաստաթղթային մասն արդեն պատրաստ է, բայց հովանավորի խնդիր ունենք: Իսկ առաջիկա ծրագրերում նպատակ ունենք նաեւ մեր խուլերին տանել Արեւմտյան Հայաստան: Թեկուզ առանց Կառավարության աջակցության, մենք ամեն ինչ անելու ենք, որ խուլերը երբեւէ իրենց մենակ ու անօգնական չզգան»,- նշում է Հայաստանի խուլերի միավորման փոխնախագահը` ավելացնելով վերջերս լսած անեկդոտը, երբ մի խուլ պատմում է մյուս խուլին, որ իր ամբողջ տոհմը խուլ ու համր է եղել: «Ու չես պատկերացնի վերջերս մեր ընտանիքում կատարված դժբախտ դեպքը` իմ երեխան խոսող է ծնվել»,- ժպտալով՝ անեկդոտը եզրափակում է փոխնախագահը:
Հ.Գ. 1932թ. հիմնված խուլերի տունը մինչ օրս տոնում է Խուլերի միջազգային տոնը` սեպտեմբերի 29-ը: