Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Բողկը հրաշքներ է գործում
Ժողովրդական բժշկության մեջ բողկը համարվում է շատ գնահատելի բանջարեղեն: Հարյուրամյակներ շարունակ այն օգտագործվել է մարդկության կողմից, քանի որ օժտված է օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ ու օգտակար նյութերով, ինչպիսիք են` հանքային նյութերը, կալիումը, կալցիումը, յոդը, ֆոսֆորը: Այն իր մեջ պարունակում է նաեւ B, C, PP եւ այլ վիտամիններ, որոնք պատասխանատու են մաշկի, մազերի, աչքերի, բերանի խոռոչի, լյարդի եւ այլ օրգանների առողջության համար:
Բողկի օգտակար հատկությունները բազմազան են. այն գրգռում է ախորժակը, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, լավացնում մարսողությունը: Բողկի հյութն օգտագործվում է մրսածության, սակավարյունության եւ հազի դեպքում: Այն պրոֆիլակտիկ միջոց է հանդիսանում աթերոսկլերոզի ժամանակ, շատ օգտակար է խոլեցիստիտի, լյարդի բորբոքման ժամանակ: Այն բարձր է գնահատվում որպես միզամուղ միջոց:
Կան բողկի շատ տեսակներ` սեւ, սպիտակ, կարմիր, կանաչ, որոնք էլ իրենց հերթին ունեն իրենց տարատեսակները: Բոլորն էլ առողջության համար լավ են, բայց ավելի օգտակար է սեւ բողկը: Սեւ բողկը պարունակում է B1 վիտամին, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել նյարդային համակարգի թուլացման, մազաթափության եւ այլն: Բողկի բոլոր տեսակներն էլ նպաստում են վահանագեղձի նորմալ աշխատանքին, սպանում են աղիների վնասակար միկրոֆլորան:
Իսկ ահա մեր մշտական ընթերցող եւ նամակագիր Ջուլիետա Սահակյանի ուղարկած դեղատոմսերում նշվում է. «Բողկը կարելի է օգտագործել որպես ողնաշարը բուժելու միջոց: Հիվանդ հոդերին կարելի է քսել սեւ բողկի հյութ: Կարելի է սեւ բողկի մոտավորապես 1 բաժակ հյութի մեջ լցնել կես բաժակ մեղր, 1 ճաշի գդալ աղ, կես բաժակ օղի եւ ստացված խառնուրդով շփել ցավոտ մասերը: Ցավը հանգստանում է: Բողկի թարմ հյութը կարելի է գործածել իշիասի, ռադիկուլիտի բուժման համար: Պարզապես հյութը պետք է քսել վնասված նյարդի ուղղությամբ:
Բողկի թարմ հյութը շատ լավ օգնում է գլխացավին. պետք է ընդամենը բողկի հյութով մերսել քունքամասերն ու քթարմատը:
Փորկապությամբ տառապողներին շատ լավ օգնում է բողկի տերեւիկների թուրմը: Դրա համար պետք է տերեւները 1 բաժակ ջրով թրմել 1 ժամ, ապա քամել եւ խմել օրվա մեջ 3 անգամ` ուտելուց 20 րոպե հետո: Օգտագործման ժամկետը 2-3 օր է:
Կարմիր բողկի տերեւիկներից կարելի է պատրաստել կանաչ բանջարապուր: Կարելի է նաեւ օգտագործել մածնաբրդոշի ու աղցանների մեջ:
Բողկին կարմիր գույն հաղորդող անտոցիանի նյութը շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն նվազեցնում է քաղցկեղածին բջիջներ առաջանալու հավանականությունը, կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը, այնպես որ` շաքարային դիաբետով տառապողները պետք է բողկ շատ ուտեն: Կարմիր բողկը շատ լավ է տեսողության համար, այն խոչընդոտում է ճարպային նստվածքների առաջացմանը եւ կարգավորում է նյութափոխանակությունը:
Եվս մեկ օգտակար բաղադրատոմս. տարեկան բողկը լվանալ, մաքրել, կտրատել բարակ շերտերով, վրան շաքարավազ անել ու թողնել 5-6 ժամ` այնքան, որ հյութը դուրս գա: Այնուհետեւ այդ հյութը ընդունել յուրաքանչյուր ժամը 1 անգամ` 1 ճաշի գդալից: Այս միջոցը շատ լավ օգնում է երեխաների հազին»:
Պետք է ասել որ բողկը, բացի օգտակարությունից, ունի նաեւ իր հակացուցումները. այս բանջարեղենի չարաշահումը կարող է որովայնի շրջանում ուժեղ ցավերի պատճառ դառնալ: Բողկ չի կարելի գործածել ենթաստամոքսային գեղձի, երիկամների հիվանդություն ունեցողներին, տասներկումատնյա աղիի եւ ստամոքսի խոցով տառապողներին: Սրտային եւ լյարդի հիվանդությամբ տառապողներին այն եւս հակացուցված է: