Ցույցով են դիմավորել

03/10/2009

Երեկ Փարիզում մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի Համահայկական ուղեւորությունը: Գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը ելույթ է ունեցել, իսկ ավելի վաղ հանդիպել է Շառլ Ազնավուրի հետ ու ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին` Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին: Հուշարձանի հարեւանությամբ, ինչպես մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, ցույց է եղել: Ցուցարարները բողոքել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ եւ նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Ըստ Կ. Մանոյանի` ցույցը ցրվել է Ոստիկանության կողմից: Նա նաեւ նշել է, որ նախագահի հետ հանդիպման համար նախապես ցուցակներ են կազմվել` ըստ շրջանների, որոնցում ընդգրկվածների թիվը հետագայում նախագահականի պահանջով նվազեցվել է: