Լավատեղյակ աղբյուրների համաձայն, իշխանությունները կրկին ինտենսիվ աշխատանքներ են տանում «միասնական ընդդիմություն» կամ «երրորդ ուժ ստեղծելու» վաղեմի ցանկությունն իրագործելու համար: Արդեն նոր սցենարի համաձայն, փորձում են միավորել ավանդական երեք կուսակցություններին` ՀՅԴ-ին, ՌԱԿ-ին, ՍԴՀԿ-ին եւ «Ժառանգությանը»: Ընդ որում, ըստ մեր աղբյուրների` այս սցենարի իրագործման միակ խոչընդոտը մնացել է ՍԴՀԿ-ն, եւ իշխանություններն այս օրերին ակտիվորեն աշխատում են հենց վերջինիս վրա ազդելու ուղղությամբ: Իսկ այդ գործն իր ուսերի վրա է վերցրել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես անցնող շաբաթվա ընթացքում վերջինս հանդիպել է այս օրերին Հայաստանում գտնվող ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սարգիս Աճեմյանին: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Տ.Սարգսյանին հաջողվել էր տրոհել նաեւ ՀՌԱԿ-ը ու ստեղծել «Արմենական-ՌԱԿ» նոր կուսակցությունը: Իսկ ՀՅԴ-ի ու «Ժառանգության»` այս ձեւաչափի մեջ ընդգրկվելու հարցն արդեն լուծված է եւ մնում է միայն համոզել ՍԴՀԿ-ին: Մեր տեղեկություններով` Ս.Աճեմյանը վարչապետի հետ եկել է համաձայնության եւ խոստացել է ապահովել ՍԴՀԿ-ի միավորումը նշված ուժերի հետ, սակայն այդ գաղափարին կտրականապես դեմ է արտահայտվել ՍԴՀԿ-ի հայաստանյան կառույցը, որն, ինչպես հայտնի է` անդամակցում է Հայ Ազգային կոնգրեսին: Երեկ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում բացառել է իշխանությունների հետ համագործակցելու, hետեւաբար՝ նաեւ որեւէ նման ձեւաչափում ընդգրկվելու հնարավորությունը` միաժամանակ չհերքելով, որ համագործակցության առաջարկ են ստացել ավանդական կուսակցություններից մեկից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Ս.Աճեմյանը վարչապետին խոստացել է այդ համագործակցությունն ամեն գնով իրականություն դարձնել: Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, «նոր ընդդիմությանը» հովանավորելու է գործարար Բարսեղ Բեգլարյանը: Թե ինչով կավարտվի լժե ընդդիմություն ստեղծելու իշխանությունների հերթական փորձը, դժվար է ասել: Բացառված չէ, որ, ասենք, Լյուդմիլա Սարգսյանին ինչ-որ ձեւով հեռացնեն կուսակցությունից («Ժառանգության» օրինակը դեռ թարմ է) եւ որեւէ ճոռոմ անունով ինչ-որ միավոր ստեղծեն, որը կօգտագործեն արտաքին աշխարհին «ընդդիմադիր տեսակետ ներկայացնելու» համար: Սակայն այսպիսով իշխանություններն ապացուցում են, որ իրականում թքած ունեն Սփյուռքի, «Սփյուռքի միասնականության», «համազգային կուռ բռունցքի» եւ նման այլ կատեգորիաների վրա, որոնցով ողողում են իրենց ելույթները տոնական օրերին եւ հատկապես Ցեղասպանության ճանաչման մասին խոսելիս: