Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի
հրամանով՝ Ոստիկանության Թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի
վարչությունը վերամիավորվել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության
դեմ պայքարի վարչության հետ, որի պետ է նշանակվել ոստիկանության
փոխգնդապետ Կարեն Բաբակեխյանը: Վերջինս նախկինում աշխատել է որպես
Ոստիկանության Երեւան քաղաքի Քրեական հետախուզության բաժնի պետ: Իսկ
Թմրամոլության ապօրինի շրջանառության վարչության պետ գնդապետ Աշոտ
Մկրտչյանն այժմ գտնվում է ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Մեզ
հասած տեղեկություններով՝ Ոստիկանության Երեւան քաղաքի Քրեական
հետախուզության բաժնի պետի պաշտոնի համար պայքար է ծավալվում Քրեական
հետախուզության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ
Վարդան Մինասյանի եւ Ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիրի բաժնի Քրեական
հետախուզության պետ մայոր Արթուր Մեհրաբյանի միջեւ, ովքեր հովանավորվում
են բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների կողմից:
Մեր լավատեղյակ աղբյուրները նաեւ հայտնում են, որ ՀՀ Ոստիկանության պետի
տեղակալ է նշանակվելու ՀՀ Ոստիկանության «Պահպանություն» միավորման պետ,
գեներալ-մայոր Արամ Զաքարյանը: Նշենք, որ այս պաշտոնը թափուր է շուրջ մեկ
տարի: Նույն «Պահպանություն» միավորման պետի պաշտոնն առաջարկվել է
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Ստեփանյանին: Մեր
աղբյուրները նաեւ վկայում են, որ վերջինիս պաշտոնը եւս թափուր չի մնալու,
քանի որ այն առաջարկվել է Երեւանի Էրեբունու ոստիկանության պետ Նվեր
Հովհաննիսյանին:
Հ.Հ.