«Դա էգոիզմ է»,- մեզ հետ զրույցում այս բառերով բնութագրեց քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Սփյուռքի արձագանքը հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների նկատմամբ:
«Եվ հետո` ինչո՞ւ ենք մենք Հայաստանում նստում ու մտածում` Ամերիկայի, Եվրոպայի, Ռուսաստանի ու այլ երկրների հայերին այս կամ այն բանը դուր կգա՞, թե՞ չի գա: Մենք մտածում ենք նրանց մասին, բայց նրանք մեր մասին բացարձակապես չեն մտածում: Նրանք միայն մի բան են մտածում, նրանց բոլորի կոնցեպցիան հետեւյալն է` ինչքան հնարավոր է՝ շատ վնաս տալ թուրքերին: Բայց չեն հասկանում, որ դա չպետք է լինի մեր ու մեր զավակների հաշվին»,- ասում է Ս. Գրիգորյանը: Ըստ նրա՝ մեզանում տարածված է այն կարծիքը, թե հայրենասերը այն մարդն է, որն ասում է` Կարսն ու Արդահանը մերն է, իսկ ավելի շատ է հայրենասեր այն մարդը, որն ասում է` Մուշն ու Էրզրումն էլ է մերը: Ս. Գրիգորյանը ասում է, որ իր համար հայրենասերը մեր պետությանը հարկ վճարողն է: «Ես շատ պարզ մի բան եմ առաջարկել այն հայտնի սփյուռքահայերին, որոնք այդպիսի չակերտավոր հայրենասիրական ելույթներ են ունենում` պատրաստ եմ բնակարանս 1 տարով փոխել իրենցից ցանկացածի բնակարանի հետ: Ես, իհարկե, չեմ գնա Հայաստանից, թեեւ այդ հնարավորությունն ունեմ, բայց սա սկզբունքային հարց է, որը դիտմամբ հենց այդպես եմ ձեւակերպում: Գոնե 1 տարի իրենց երեխաների հետ թող գան ապրեն Հայաստանում, մենք էլ գնանք մեկ տարի մի քիչ հանգստանանք: Գիտե՞ք ինչեր են ասում, երբ նման բան եմ առաջարկում»,- նշեց Ս. Գրիգորյանը: Նրա ասելով, որպեսզի մենք չհակադրվենք Սփյուռքին, պետք է բացատրենք նրանց, որ շրջափակման պայմաններում Հայաստանը շատ բան է կորցնում: «Պետք է ասենք նրանց` եկեք մտածենք, ո՞նց է լինելու մեր ապագան, շրջափակման մեջ մեր երկրից ժողովուրդը դուրս է գալիս, ունենք դեմոգրաֆիական խնդիր: Դու չես կարող երիտասարդության աչքերը փակել, նա ինտերնետ է մտնում, տեսնում է, թե ինչ է կատարվում աշխարհում: Իսրայելը, օրինակ, ստանում է տարեկան հարյուրավոր միլիարդ դոլարների օգնություն, դրա համար էլ կարող է իրեն թույլ տալ թշնամական հարաբերություններ ունենալ հարեւանների հետ: Մենք Սփյուռքից ստանում ենք առավելագույնը տարեկան 50 մլն դոլար: Եթե գոնե մի մեխանիզմ լիներ, որով Հայաստանը սփյուռքից տարեկան 5-6 մլրդ-ի գումար ստանար, այդ դեպքում կարելի էր հայ-թուրքական սահմանի բացման հարցը հետաձգել, այդ դեպքում նրանք իրավունք կունենային ասել` դժվա՞ր է ապրել շրջափակման պայմաններում, ես քեզ այսքան տալիս եմ, դիմացի՛ր»,- նշեց Ս. Գրիգորյանը:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի խորհրդարանը վավերացնի նախաստորագրված արձանագրությունները, իսկ Թուրքիայինը` ոչ, Ս. Գրիգորյանը պատասխանեց` «չեմ կարծում»: Այդ դեպքում, ըստ նրա, Թուրքիան միջազգային հանրության առջեւ շատ ծանր վիճակում կհայտնվի: Ս. Գրիգորյանի կարծիքով՝ Թուրքիան այսօր սահմանի բացումը կապում է ոչ թե ԼՂ հարցի հետ, այլ այդ հարցում որոշ առաջընթաց է ակնկալում, ինչից, սակայն, բացառված չէ, որ շուտով հրաժարվի: Նա վստահ է, որ սահմանի բացումը զգալիորեն կբարելավի Հայաստանի վիճակը` բոլոր առումներով: Իսկ եթե ընդդիմությանը հաջողվի հասնել նրան, որ Ս. Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացի արդյունքում ի վերջո հրաժարական տա, սա ավելի մեծ դրական հետեւանքներ չի՞ ունենա Հայաստանի վրա` բոլոր առումներով: Այս հարցին պատասխանելիս՝ Ս. Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր առմամբ համաձայն է այդ մտքի հետ: «Բայց ես իրատես եմ: Նախ` նման զարգացումների դեպքում, երբ ձախողվի հայ-թուրքական սահմանի բացման այս գործընթացը, Հայաստանը կարող է շատ բան կորցնել: Բացի այդ` վստահ չեմ, որ Ս. Սարգսյանի հրաժարականի դեպքում ընդդիմությունը կկարողանա գալ իշխանության, ավելի շուտ, ինչպես ասում են, «ստավկան» Ռ. Քոչարյանի վրա կարվի, որն այսօր հսկայական ռեսուրսների է տիրապետում: Պատահական չէր Լ. Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ինքը որպես նախագահի թեկնածու կառաջադրվի միայն մի դեպքում` եթե առաջադրվի Ռ. Քոչարյանը»,- նշեց Ս. Գրիգորյանը: