Երեկ կոալիցիոն երեք քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, համատեղ հայտարարություն են տարածել` ողջունելով առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությունը: «Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Նախաստորագրված արձանագրություններն արտացոլում են Հայաստանի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների եւ իղձերի իրականացման որեւէ դուռ, այլեւ ընդհակառակը՝ ձեւավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ: Մենք ողջունում ենք այս քաղաքականությունը` կոչ անելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ՝ աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ` այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- նշված է հայտարարությունում: