Ռուսաստանը վերջնականապես կպարտվի ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, եթե վերջերս առաջարկված հայ-թուրքական «արձանագրությունները» վավերացվեն: Վավերացումից հետո երկու ամսվա ընթացքում Թուրքիան պարտավոր է բացել հայ-թուրքական սահմանը: Այնուհետեւ, կամ գուցե զուգահեռաբար, հայ-ադրբեջանական սահմանը կբացվի, եթե Ղարաբաղյան հակամարտության կողմերը կնքեն խաղաղ պայմանագիր, ինչը շատ հավանական է: Անկախ այն բանից, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանը կբացվի՞, թե՞ ոչ, բաց հայ-թուրքական սահմանը կհանգեցնի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներթափանցմանը Հայաստան:
Արեւմուտքի նպատակը` վերահսկում. Երկու տասնամյակ Արեւմուտքը, ինչպես նաեւ Իսրայելը երազել են Կովկասում վերահսկողություն սահմանելու մասին, որը մուտք կապահովի դեպի նավթով եւ գազով հարուստ Կասպից ծովի շրջան: Այսպես անելու համար հարկավոր էր, որ Կովկասի երեք նախկին սովետական երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, դուրս պրծնեն ռուսական արջի ճանկերից: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն բավականին մեծ հաջողությունների են հասել այս գործում: Արեւմուտքն արդեն իսկ երկու բավական խոշոր գազամուղ է կառուցել Ադրբեջանից դեպի Կասպից ափ, Վրաստանի եւ Թուրքիայի միջով: ԱՄՆ-ը պնդում է, որպեսզի բոլոր գազամուղները շրջանցեն Ռուսաստանը եւ Իրանը: Այս ամենը Հայաստանին դարձրել էր Ռուսաստանի միակ դաշնակիցը՝ որպես ԱՄՆ տոտալ վերահսկողության միակ խոչընդոտ: Համոզելով Թուրքիային բացել սահմանը, Վաշինգտոնը փորձում է կտրել Հայաստանին Ռուսաստանից եւ նրան գցել միշտ անսահման հարուստ եւ ժամանակակից, գրավիչ ու ժողովրդավարական արեւմտյան/ՆԱՏՕ միության մեջ:
Հայաստանի կարեւորությունը ԱՄՆ ռազմավարության մեջ. Նախորդ տարվա Ռուս-վրացական պատերազմից առաջ ԱՄՆ-ը լիովին գոհ էր Հայաստանի շրջափակմամբ: Վաշինգտոնը հուսով էր, որ բլոկադան, որն առաջացել էր Արցախի պատերազմի հետեւանքով, կօգներ լուծել այդ հակամարտությունը: Նշենք, որ միայն Ղարաբաղյան խաղաղ կարգավորումը կարող է միջամտել ադրբեջանա-հայա-թուրքական միջանցքի բացմանը, մի բան, որ ԱՄՆ-ը ցանկանում է:
Բայց Վրաստանի պատերազմը կասկած առաջացրեց, թե արդյո՞ք այդ երկիրը ի վիճակի է ընդունել Արեւմուտք գնացող գազատարներ: ԱՄՆ-ի համար միակ այլընտրանքը Հայաստանն էր: Սա բացատրում է, թե ինչու էր ԱՄՆ-ը անդադար ազդում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա, որպեսզի նրանք լուծեն իրենց տարաձայնությունները, ստեղծելով մի նոր ուղի դեպի Կասպից շրջան:
Ինչ է մտածում Ռուսաստանը Հայաստանի սահմանների հետ կապված:
Ռուսաստանի ճակատագրական սխալը. Կրեմլը երկար ժամանակ լիովին բավարարված էր փակ հայ-թուրքական սահմանով: Ի վերջո, սա խանգարում էր ԱՄՆ-ին մտնել Հայաստան եւ տիրել Կովկասյան երկրներում: Այժմ տարբեր աղբյուրներ տեղեկացնում են, որ Մոսկվան խրախուսում է հայ-թուրքական արձանագրությունները եւ Արցախի խաղաղ կարգավորումը: Ռուսաստանը հուսով է, որ առեւտուրը հայ-թուրքական սահմանի միջոցով հնարավոր կդարձնի մեծ եկամուտ ստանալ, հաշվի առնելով այն, որ իրեն է պատկանում հայկական տնտեսության բավականին մասը: Կրեմլը նաեւ վախենում է, որ մի նոր ռուս-վրացական պատերազմ կհարվածի Հայաստանի տնտեսությանը, քանի որ արտահանումն ու ներկրումը իրականացվում են Վրաստանի տարածքով: Մոսկվան եւ Անկարան կարեւորագույն տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ են զարգացրել վերջին տարիների ընթացքում: Հետեւաբար, Կրեմլը կարծում է, թե կարող է թելադրել Անկարային: Կրեմլը սխալվում է: Ինչքան էլ Թուրքիան մտերմանա Ռուսաստանի հետ, այն կմնա ՆԱՏՕ-ի անդամ: Ավելին, Թուրքիան եւ Վրաստանը հավանաբար կստեղծեն նոր այլընտրանքային էներգիայի աղբյուր եւ այլեւս խոցելի չեն լինի Ռուսաստանի կողմից: Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը կզիջի Հայաստանը Արեւմուտքին: Ռուսաստանը նույնպես փորձում է նավթային եւ գազային պաշարներ գնել Ադրբեջանից՝ այն հույսով, որ այսպիսով Արեւմուտքը կկորցնի իր հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ: Ռուսաստանը բացահայտորեն ազդում է Հայաստանի վրա, ստիպելով զիջել Արցախը Ադրբեջանին: Սա շատ մեծ սխալ է: Պատմականորեն ադրբեջանցիները միշտ դավաճանել են ռուսներին: Այդ ժամանակահատվածում Հայաստանի բարկությունը Ռուսաստանի վրա՝ Արցախը վաճառելու համար, միացած Արեւմտյան հարստության գայթակղության հետ, վերջնականապես կհեռացնեն Հայաստանը Ռուսաստանից: Միայն իսկական ռուսական միությունը առանց Հայաստանի ռազմական եւ տնտեսական դիսկրիմինացիայի կկարողանան պահել Հայաստանը՝ որպես բարեկամ: Թուրքիայից Հայաստանի վախը դեռ քիչ է:
Ռուսական քաղաքականությունը սխալվում է. Ռուսաստանը վատագույն քաղաքականություն վարելու բազմաթիվ տարիների փորձ ունի: 75 տարվա ընթացքում Ռուսաստանը կորցրեց 2 տերություն, ցարական եւ սովետական, նաեւ տանուլ տվեց սառը պատերազմը: Նաեւ այսօր Ռուսաստանի հարստության մեծ մասը ոչ թե մարդու, այլ մայր բնության շնորհքն է՝ նավթ եւ գազ: Կրեմլի վերջին շրջանի քաղաքականության վրա հատկապես ազդել է Ալեքսանդր Դուգինը: Ինչպես բազմաթիվ այլ ռուս փորձագետներ, Դուգինը Հայաստանը տեսնում էր որպես Թուրքիայի դեմ խոչընդոտ: Դուգինը փոխել է իր կարծիքը: Հիմա նա մտածում է, որ Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցն է: Այժմ Պուտինի եւ Մեդվեդեւի գլխավորած Ռուսաստանը կրկին ականջ է դնում կեղծ մարգարեների: Թուրքիայի ձեռքը կարող է պտտվել, բայց ոչ կոտրվել Ռուսաստանի կողմից: Մինչդեռ թուրքերը հավատացնում են ռուսներին, որ իրենք ընկերներ են դարձել: Ռուսները իրենց միակ դաշնակցին՝ Հայաստանին նետում են թուրք գայլի երախը: Ռուսաստանը կկորցնի Հայաստանին, բայց չի գտնի Թուրքիան:
Մերժել վտանգավոր արձանագրությունները. Հայերը պետք է բացեիբաց մերժեն հայ-թուրքական «արձանագրությունները»: Բացի հայկական իրավունքներից իր ցեղասպան հարեւանի նկատմամբ, այդ արձանագրությունները Հայաստանի հանդեպ Թուրքիայի վերահսկողության բանաձեւն են: Եթե հայ-թուրքական սահմանը պիտի բացվի, դա պետք է արվի այնպես, որպեսզի թույլ չտա թուրքերին ներթափանցել, գնել, օսմանացնել եւ կառավարել Հայաստանում: Հայերը պետք է հրապարակայնորեն շեշտեն իրենց ռուս դաշնակցի համար, որ «արձանագրությունները» կշրջափակեն Ռուսաստանը ՆԱՏՕ-ով եւ կավերեն այն, Հայաստանի հետ մեկտեղ:
Դավիթ ԲՈՅԱՋՅԱՆ