– Հիմնվելով Ձեր նախնական գնահատականի վրա եւ հաշվի առնելով հանրային կարծիքի տիրույթում հնչած տեսակետները, որո՞նք են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների վավերացման եւ իրականացման ուղղությամբ շարունակելու օգուտները եւ ռիսկերը: Ի՞նչ է հնարավոր անել ռիսկերը նվազեցնելու համար:
– Հայ եւ թուրք ժողովուրդների ներկա սերունդները, յուրաքանչյուրը յուրովի, անցյալից ծանր ժառանգություն են ստացել, եւ մեր հասարակությունները լուրջ խնդիրներ ունեն լուծելու` երկու ժողովուրդների միջեւ առկա խորը անվստահությունը հաղթահարելու ուղղությամբ: Հայերը ենթարկվել են Ցեղասպանության, կորցրել են իրենց պատմական հայրենիքի մի մասը, սփռվել են աշխարհով մեկ եւ շարունակում են պայքարել միջազգային հանրության ու հատկապես Թուրքիայի կողմից այդ պատմության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ, ինչը մեր ժողովրդի համար կնշանակեր արդարության երկար սպասված հաղթանակ: Թուրքերի ներկա սերունդն էլ ունի սեփական պատմության հետ հաշտվելու խնդիր. ի վերջո, Հայոց Ցեղասպանությունն ու հայկական հարցը Թուրքիայում տասնամյակներ շարունակ արգելանքի տակ են եղել, իսկ այն բարձրաձայնողները ենթարկվել են դատական հետապնդման եւ հասարակական պարսավանքի: Անշուշտ, սրան են գումարվում նաեւ վերջին երկու տասնամյակների զարգացումները, երբ Թուրքիան, միանշանակորեն սատարելով Ադրբեջանին, սառեցրեց ՀՀ-ի հետ որեւէ հարաբերությունների զարգացումը, շրջափակման ենթարկեց Հայաստանը` լուրջ վնաս հասցնելով մեր նորանկախ պետության տնտեսությանը: Ահա այսպիսի ընդհանուր համատեքստում է, որ մենք փորձում ենք կարգավորել 2 պետությունների միջեւ հարաբերությունները: Անշուշտ, 2 հասարակություններում էլ ոչ բոլորն են պատրաստ գնալ կարգավորման ճանապարհով, եւ դա բնական է: Հասկանալի են նաեւ դժվարությունները եւ կանխատեսելի են հնարավոր խոչընդոտները: Այդուհանդերձ, ամենակարեւոր գրավականը, կարծում եմ, 2 կողմերի այդ ճանապարհով գնալու մտադրության անկեղծությունն ու եղած կնճիռները ապագա սերունդներին չթողնելու վճռականությունն են: Ես ուզում եմ հավատալ, որ թուրքական կողմն իսկապես անկեղծ է այս գործընթացում, որ արձանագրությունների ստորագրման ու վավերացման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չեն ծագի, եւ որ 2 կողմերն էլ կիսում են հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտությունը: Իսկ մեծագույն ռիսկն առաջանում է այս գործընթացի տապալման պարագայում: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կխորացնի անվստահության մթնոլորտն ու թշնամանքը տարածաշրջանում: Դրանից հետո դեռ երկար ժամանակ որեւէ քաղաքական գործիչ չի կարողանա մոտենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:
– Արձանագրությունների առանցքային կետերից մեկն այն է, որ Թուրքիան համաձայնվում է բացել սահմանն առանց ԼՂՀ-ի հիշատակման: Սակայն Թուրքիայի վարչապետը մշտապես կրկնում է իր այն խոստումը, որ սահմանը չի բացվի, քանի դեռ ՀՀ-ն օկուպացնում է, ինչպես ինքն է անվանում, Ադրբեջանի տարածքները: Ինչպե՞ս կարող են համադրվել գրավոր համաձայնությունը եւ բանավոր հայտարարությունները: ԱՄՆ փոխպետքարտուղարն այս շաբաթ ասաց, որ հույս ունի Մոլդովայի գագաթաժողովում «շոշափելի արդյունքներ» տեսնել: Արդյոք հավանականություն կա՞, որ այնտեղ կամ մինչեւ տարվա վերջ ԼՂՀ-ի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեք:
– Այո, Թուրքիան իր հայտարարություններն ու իրական քայլերը հաշտեցնելու խնդիր կարող է ունենալ: Կրկնել եմ բազմիցս` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել արցախյան խնդրի կարգավորմամբ կամ որեւէ այլ նախապայմանով: Փոխշաղկապման որեւէ փորձ վտանգում է այս երկու գործընթացից յուրաքանչյուրը: Մի առիթով ասել եմ թուրքական կողմին. «Միակ տարբերակը, որով դուք կարող եք նպաստել արցախյան հիմնահարցի լուծմանը, դա չմիջամտելն է»: Իհարկե, անազնիվ կլիներ պնդելը, որ երկու խնդիրներն ամեեւնին առնչություն չունեն միմյանց հետ: Ի վերջո, թուրքերն ու ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մեկ ժողովուրդ են: Ես կասեի՝ 2 խնդիրների մեջ որոշակի փոխազդեցության մասին` մի խնդրի լուծումը, այսինքն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու ՀՀ-ի շրջափակման վերացումը, անշուշտ, կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մյուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Դա այդպես է, քանի որ կբարձրանա տարածաշրջանում փոխվստահության մակարդակը, որը կապահովի արցախյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ դրական միջավայր: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին: Ոչ, Մոլդովայում որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Ասեմ ավելին, հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որը մենք ունենք մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից, դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատեւ բանակցային աշխատանք եւ, անշուշտ, քաղաքական կամք:
– Երկար ժամանակ ՀՀ-ի դիրքորոշումն էր՝ ընդգծել ԼՂՀ-ի` Ադրբեջանին «ենթակայության անհնարինությունը»: Հայաստանյան պաշտոնյաները վերջերս խոսեցին ԼՂՀ «ինքնորոշման իրավունքի» մասին, իսկ, ինչպես գիտենք, Ադրբեջանն ասում է, որ կհամաձայնի «ինքնորոշմանն» իր սահմանների շրջանակում: Արդյո՞ք Հայաստանը դեռ հավատարիմ է մնում Ղարաբաղի` Ադրբեջանին «ենթակայության անհնարինության» քաղաքականությանը:
– Արցախյան խնդրի կարգավորման առանցքը` ԼՂՀ կարգավիճակն է: Ղարաբաղյան շարժումը սկսվել է կարգավիճակի խնդրից, եւ այդ խնդրի կարգավորումը միայն կարող է բերել հակամարտության լուծման: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ինչպիսին պետք է լինի այդ կարգավիճակը: Դա այն կարմիր գիծն է, որից այն կողմ հայկական կողմերը չեն կարող գնալ, դրանք ենթակա չեն սակարկության: Արցախի հիպոթետիկ ենթակայությունը Ադրբեջանին հնարավոր է միայն մեկ դեպքում` եթե Արցախի ժողովուրդը հանրաքվեով ինքը որոշի այդ մասին: Ինչպիսի՞ն է դրա հավանականությունը՝ հայտնի է բոլորին, նույնիսկ ադրբեջանցիներին:
– Թուրքական կառավարությունը որդեգրել է դիրքորոշում, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը գալիս է Հայկական Սփյուռքից, եւ դա առաջնահերթություն է Հայկական Սփյուռքի, այլ ոչ ՀՀ-ի համար: Այդ տեսակետն են կրկնում նաեւ Միջազգային ճգնաժամային խումբը, ինչպես նաեւ այլ ազդեցիկ կարծիքներ ձեւավորողներ: Այնուամենայնիվ, ՀՀ-ի ազգային անվտանգության հայեցակարգը, որը մշակվել է, երբ Դուք Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էիք, որոշակիորեն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կոչ է անում: ՀՀ-ում հանրային կարծիքի մեր ուսումնասիրության համաձայն՝ հայ ժողովրդի համար սա նույնպես առաջնահերթություն է: Ո՞րն է այս հարցի շուրջ Ձեր տեսակետը:
– Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարող դուրս գալ մեր օրակարգից: Ցեղասպանության միջազգային ճանաչման սատարումն ամրագրված է մեր Ազգային անվտանգության հայեցակարգում: Ինչպես կարող է որեւէ հայ հրաժարվել իր անցյալից, արդարության հաղթանակին հասնելու ձգտումից. Ցեղասպանության ճանաչումը միայն մեր՝ հայության խնդիրը չէ, այն համամարդկային խնդիր է: Սակայն կուզենայի այս համատեքստում ընդգծել մեկ հանգամանք. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առանցքային նպատակն այն է, որ թուրք ժողովուրդը եւ Թուրքիան հետեւեն բազմաթիվ քաղաքակիրթ երկրների օրինակին եւ ճանաչեն Ցեղասպանության փաստը: Երբեւէ թուրքական հասարակության մեջ Հայոց Ցեղասպանության խնդրի քննարկումը չի ունեցել ներկայիս ծավալները: Վերջին տասնամյակում թուրք հասարակության մեջ սկսել է իր ձայնը բարձրացնել մի հատված, որի ներկայացուցիչները, չնայած տասնամյակների պետական հակաքարոզչությանը, պատրաստ են սթափ եւ պատասխանատու հայացքով նայել իրենց պատմության մութ էջերին: Մենք պետք է աջակցենք այդ գործընթացին: Խնդիրը միայն հայ-թուրքական հաշտության մեջ չէ, կրկնում եմ, կա նաեւ թուրքերի ներկա սերունդների՝ իրենց պատմության հետ հաշտվելու խնդիր: Կարծում եմ՝ մեր այս նախաձեռնությունը որոշակիորեն դռներ է բացում նաեւ այդ ներքին քննարկման, ներքին հաշտեցման համար:
– Հայաստանում եւ ողջ Սփյուռքում էական մտահոգություններ կան արձանագրություններում ուրվագծված պատմական հարթության ենթահանձնաժողովի կապակցությամբ: Մտահոգությունն այն է, որ երկկողմ հանձնաժողովի գոյությունը արժանահավատ է դարձնում Թուրքիայի այն դիրքորոշումը, ըստ որի` «արդյո՞ք տեղի է ունեցել ցեղասպանություն» հարցի պատասխանը դեռ հայտնի չէ: Ի՞նչ կարող եք ասել փարատելու այս մտահոգությունը եւ այն մարդկանց մտավախությունը, որոնք պնդում են, որ հանձնաժողովը խարխլում է Հայոց ցեղասպանության փաստի եւ նրա շարունակվող հետեւանքների համընդհանուր ճանաչման շարունակական միջազգային ջանքերը:
– Կուզենայի հատուկ շեշտել, որ խոսքը չի վերաբերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որի առաջարկը արվել էր տարիներ առաջ: Սա միջկառավարական հանձնաժողովի մի ենթահանձնաժողով է, որի վերաբերյալ հակաառաջարկը ժամանակին արվել է հայկական կողմից: Ենթահանձնաժողովի նպատակն է՝ երկու կողմերի միջեւ պատմական հարթության շուրջ երկխոսություն ծավալելը` նպատակ ունենալով ապահովել փոխվստահության վերականգնումը: Սա երկարատեւ գործընթաց է, որը ներառում է հարցերի լայն շրջանակ` հայկական ժառանգության խնդիրները Թուրքիայում, դրա վերականգնման, պահպանման խնդիրները, ցեղասպանության զոհերի ժառանգների խնդիրը: Հնարավոր չէ հարաբերություններ հաստատել որեւէ երկրի հետ` առանց երկխոսելու կողմերին հուզող խնդիրների շուրջ: Իսկ պատմության ուսումնասիրությունից պետք է վախենա պատմություն կեղծողը: Ստեղծվելիք հանձնաժողովի եւ դրա ենթահանձնաժողովների օրակարգը սահմանելու են կողմերը, այսինքն` Հայաստանն ու Թուրքիան: Նրանք, ովքեր մտահոգություն ունեն, պետք է գիտակցեն, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա օրակարգում հարցերի այնպիսի ձեւակերպումներ, որոնք վիրավորական կարող են լինել հայ ժողովրդի համար: Գուցե որոշ երկրներում եւ որոշ հանգամանքներում հայկական լոբբիի համար կարող են ստեղծվել որոշակի դժվարություններ, բայց պետք է հասկանալ նաեւ, որ դժվարին այս գործընթացը ենթադրում է որոշ բարդություններ: Տարբեր առիթներով կրկնել եմ. միամտություն է կարծել, որ այնպիսի երկրների պարագայում, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ցեղասպանության ընդունման վերաբերյալ որոշումների կայացումը կարող է կանխորոշվել այլ երկրների կողմից արվող քայլերով կամ բերվող փաստարկներով: Այդ երկրներն ունեն Հայոց ցեղասպանության փաստային հիմնավորման աղբյուրների հսկայական ծավալ: Կա քաղաքական որոշման խնդիր: Անշուշտ, հայկական լոբբիի ջանքերը նպաստում են նման որոշումների կայացմանը, բայց միայն ու միայն իրենց՝ որպես այդ երկրների քաղաքացիների ձայնի ուժով: Ես խորապես վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցայսօր չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վաղ թե ուշ դա անելու են: Այս ուղղությամբ, կարծում եմ, մեր ամենակարեւոր կռվանն են ցեղասպանության խնդիրներով զբաղվող խոշորագույն գիտնականների եւ իրավաբանների գնահատականները, ինչպես նաեւ հարցի ներառումը բազմաթիվ երկրների ուսումնական ձեռնարկներում:
– Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարիների ուղղակի եւ անուղղակի շփումներին, Ձեր նախորդներին չհաջողվեց համաձայնության հասնել: Համաձայնություն ձեռք բերվեց Ձեր օրոք: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը: Արդյո՞ք վերագրում եք միջազգային իրավիճակում տեղ գտած որոշ փոփոխություններին: Արդյո՞ք դա տեղի ունեցավ, որովհետեւ Թուրքիան հասկացավ, որ ՀՀ-ն շրջափակելու իր քաղաքականությունը ձախողվել է եւ այժմ պատրաստ է, չնայած Ադրբեջանի մտահոգություններին, հետամուտ լինել իր սեփական շահերին: Արդյո՞ք Հայաստանն ավելի ճկուն է դարձել բանակցային իր դիրքորոշումներում: Արդյո՞ք դա վերոնշյալ գործոնների համակցությունն է:
– Կարծում եմ` այո, առկա է Ձեր թվարկած գործոններից մի քանիսի համադրումը:
Հարավային Օսիայում պատերազմն իսկապես փոխեց մթնոլորտը մեր տարածաշրջանում: Այն ի ցույց դրեց ազգերի ինքնորոշման համար մղած պայքարին ուժային արձագանքի անհեռատեսությունը: Որոշակի փոփոխություններ առկա են նաեւ Թուրքիայի ընկալման մեջ: Իհարկե, շրջափակման գաղափարը` թե Հայաստանը ծնկի կգա տնտեսապես եւ կզիջի ադրբեջանաթուրքական տանդեմին, չարդարացրեց իրեն: Անկախ Հայաստանի շրջափակված լինել-չլինելու հանգամանքից, ՀՀ-ն չի համաձայնի ԼՂՀ հակամարտության այնպիսի լուծման, որը կվտանգի ԼՂ ժողովրդի գոյությունը: Ինչ վերաբերում է մեր կողմից ավելի զիջողական լինելուն, ապա մեր դիրքորոշումն անփոփոխ է` հարաբերությունների հաստատումն ու շրջափակման վերացումը անհրաժեշտ են երկու կողմերին, եւ այդ ուղղությամբ շարժվելու համար Հայաստանը չպետք է որեւէ բան զիջի: Մեր կառուցողական մոտեցման վառ ապացույցն է արդեն իսկ այն, որ մենք պատրաստ ենք համագործակցության անգամ մինչեւ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
– Հայաստանի մասին խոսելիս Թուրքիան հետեւողականորեն 3 խնդիր է բարձրացրել` սահմանները, Ցեղասպանության համընդհանուր ճանաչման արշավի դադարեցումը եւ Ղարաբաղը: Որո՞նք են ՀՀ-ի մտահոգությունները: Բացի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից եւ փակ ցամաքային սահմանից, ՀՀ-ի շահերին առնչվող Թուրքիայի քաղաքականության այլ գծերից որո՞նք եք համարում ամենախնդրահարույցը եւ կուզենայիք փոփոխություններ տեսնել դրանցում:
– Այն, ինչ դուք անվանում եք՝ «մտահոգություն», Թուրքիայի կողմից տարիներ ի վեր առաջադրվում էր որպես նախապայման: Մենք նախապայմաններ չէինք առաջադրում, բայց, անշուշտ, դա չի նշանակում, որ չունեինք կամ չունենք մտահոգություններ: Դրանք բազմաթիվ են, երկուսը դուք արդեն նշեցիք` դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը եւ ՀՀ-ի շրջափակումը: Ավելացնեմ մի քանիսը եւս. Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ժխտումը, ինչը հայերի մեջ դեռեւս պահպանում է պատմական անարդարության եւ անվտանգության շարունակական բացակայության զգացմունքները, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, այդ թվում՝ եւ ռազմական օժանդակությունը, ինչը չի նպաստում տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, Թուրքիայում հայկական հուշարձանների եւ ընդհանրապես հայկական ժառանգության աղետալի վիճակը: Եվ եւս մի շարք մտահոգություններ, որոնք գուցեեւ պաշտոնապես չեն հնչեցվել, բայց առկա են եւ նույնպես հաշվի են առնվել կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու մեր որոշումն ընդունելիս: