Ռոքային (շոկային) օգնություն

03/10/2009

1988-ի աղետալի երկրաշարժից հետո միջազգային երաժշտական մեծություններից շատերն օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին: Տարբեր բարեգործական ծրագրերի արդյունքում ոչ միայն գումար հավաքվեց երկրաշարժից տուժած մարդկանց սատարելու համար, այլեւ` շատ գեղեցիկ ու երկար կյանք ունեցող երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծվեցին, իսկ հանրաճանաչ կոմպոզիցիաներից շատերը նորովի մեկնաբանվեցին: 1989 թվականին «Queen», «Pink Floyd», «The Who», «Deep Purple», «Black Sabbath», «Iron Maiden», «Rainbow» ռոք խմբերի մի քանի մասնակիցները միասին ձայնագրեցին «Deep Purple»-ի ամենահիթային «Smoke on the Water» երգը, որը ստեղծվել է 1971 թ. Մոնտրյո քաղաքի հայտնի ջազային փառատոնի ժամանակ տեղի բռնկված հրդեհից հետո: Ծուխը ջրի վրա էր, իսկ կրակը` երկնքումգ

We make a place to sweat
No matter what we get out of this
I know well never forget
Smoke on the water, fire in the sky

Այս երգը վերաձայնագրվեց ու թողարկվեց «Rock Aid Armenia» ալբոմի մեջ, որից ստացված հասույթը երաժիշտները փոխանցեցին Գյումրի եւ Սպիտակ: Երկրաշարժից անցել է 20 տարի, եւ մի քանի ռոք լեգենդներ կրկին Հայաստան են եկել: Առիթը «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագիրն է, որով փորձ է արվում երախտագիտություն հայտնել ռոք երաժիշտներին:

«Deep Purple» խմբի կիթառահար ու վոկալիստ Յան Գիլանը, «Black Sabbath» խմբի հիմնադիր Էնթոնի Այոմին, «Asia» խմբի դաշնակահար Ջեֆրի Դաունսը (նաեւ Դեյվիդ Գիլմորն ու Բրայան Մեյը, որոնք Հայաստան չէին այցելել) արժանացան ՀՀ «Պատվո շքանշանների»: Հանրապետության բարձրագույն պարգեւները հանձնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Բարով եք եկել Հայաստան, ընդունեք իմ անկեղծ շնորհակալությունը ձեր մարդասիրական ներդրման համար»:

Բացի երաժիշտներից, պարգեւատրվեցին նաեւ բարեգործական ծրագրեր իրականացնող ավստրալիական «Do sometning» կազմակերպության տնօրեն Ջոն Դիին եւ թենիսիստ Փեթ Քեշը:

Յան Գիլանը, ով նախորդ օրը եղել է Սպիտակում, ցանկություն հայտնեց հաջորդ տարվա գարնանը Հայաստան ժամանել հյուրախաղերով: Նրա տպավորություններով` Հայաստանում արկածախնդիր շունչ կա: Իսկ ռոքն առանց այդ շնչի չի լինում: Երաժիշտները պատրաստվում են կրկին ստեղծել «Smoke on the Water»-ի ռեմիքսը, այս անգամ արդեն` օգնելու համար Գյումրիի «Օկտետ» երաժշտական դպրոցի վերականգնմանը, որի խոնավ ու քայքայված շինությունը պիտանի չէ երեխաների ուսման համար: