«ՀԱՅՖԵՍՏԻ» կրեդոն

03/10/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

7-րդ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի համեստ բացում ուներ, բացման արարողությունը զուրկ էր թատերականացված տարրերից ու պաշտոնյաների ճառերից: Փառատոնը բացվեց բացօթյա արարողությամբ եւ բուլղարական «Կրեդո» թատրոնի «Շինել» ներկայացմամբ: Մասնավոր այդ թատերախմբի առանձնահատկությունը նրանում է, որ դերասանները խաղում են ներկայացումը այն երկրի լեզվով, որտեղ ելույթ են ունենում: Թատրոնի պաշարում 9 լեզուներ կան: Երեւանում նրանք խաղացին ռուսերեն: Այս բուֆոնադայի տարրերով լեցուն, կամերային ներկայացումը դժվար է նույնացվում Նիկոլայ Գոգոլի հայտնի պատմվածքի հետ, այս բեմադրությունը լրիվ ինքնուրույն գործ է, որը նման է մանկական ուրախ տիկնիկային հանդեսի: Դժբախտ ու միայնակ չինովնիկ Բաշմաչկինը վերածվում է ուրվականի եւ շրջելով Սանկտ Պետերբուրգի փողոցներով` անցորդներից պոկում-տանում է շինելները: Եվ դրանով վրեժ է լուծում անարդար կյանքից: Բուլղարացի դերասանները խաղացին իրենց ներկայացումը թափառական թատրոնի սկզբունքով` օգտագործելով իրերի նվազագույն, բայց` տրանսֆորմացվող քանակը: Շինելը վերածվում էր վանդակի, այնուհետեւ՝ թղթապանակի, օրորոցի կամ դագաղի: Ոչնչից` ուղղակի օդից բուլղարացի դերասանների զույգը` Նինա Դիմիտրովան եւ Վասիլ Վասիլեւ-Զուեկը, կարողանում էր տարբեր իրավիճակներ ստեղծել, հնարել ու ուրվագծել հերոսներին, քաղաքը, նույնիսկ` ռուսական հյուսիսային սարսափելի ցուրտը: Նրանց մեկնաբանմամբ` չինովնիկական հսկա մեխանիզմում մանր «վինտիկ» դարձած Ակակի Ակակիեւիչը այդքան էլ տխուր չպիտի լիներ, քանի որ կարճատեւ, բայց շատ վառ երազանքի էր հասել` ձեռք էր բերել իր նոր շինելը: Եթե երազում ես, ուրեմն ազատ ես: Զարմանալի է, բայց բուլղարացի դերասանները կարողացան իրենց փոքր ներկայացման միջոցով ընդգծել այն միտքը, որ շինելը հենց ազատություն է, երջանկության մի փոքր բեկոր:

«Հայֆեստի» այս տարվա խորհրդանիշը խաղաթուղթն է, որի մի կողմում թագավորն է, իսկ մյուսում` ծաղրածուն: Ըստ փառատոնի նախագահ Ա.Ղուկասյանի` խաղաթուղթը ազարտի սիմվոլն է, իսկ առանց ազարտի՝ խաղի, տարերքի թատրոն չկա: Բուլղարացի դերասաններն ապացուցեցին այդ միտքը` ծաղրածուների դիմակի տակից ցուցադրելով մարդկային փխրունությունը: