Բուժիչ նամակներ

03/10/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Ինչպիսի սնունդը կարող է փոխարինել դեղորայքին

Դեռեւս հին ժամանակներում մեծագույն բժիշկ Ավիցենան չէր հոգնում իր հիվանդներին կրկնել «դեղը պետք է սնունդ լինի, իսկ սնունդը` դեղ» արտահայտությունը: Ավելի պարզ ասած` պետք է աշխատել ուտել այն, ինչն օգտակար է` այդպես շտկելով եղած առողջական խնդիրները: Մեր օրգանիզմն ինքնակառավարվող համակարգ է: Եթե չխանգարենք նրան ու անընդհատ վնաս չհասցնենք ալկոհոլով, ծխախոտով ու անկանոն կենսակերպով, այլ ընդհակառակը` սնվենք էկոլոգիապես մաքուր սնունդով, օրգանիզմն ինքը դրականորեն կարձագանքի` ավելի առողջանալով: Եվ այսպես` սնունդը կարող է մարդու օրգանիզմի վրա ազդել այնպես, ինչպես` դեղը:

Օրինակ` արգանակ հոդերի համար, որը սովորաբար եփվում է տավարի ջլերից: Մեզ մոտ դա, կարելի է ասել` համարվում է խաշը: Այն շատ օգտակար է հոդերի կռճիկային մասի վերականգնման համար:

Կարտոֆիլը` սրտի համար: Կարտոֆիլի թուրմը, որն այդքան անխնա դեն են նետում տնային տնտեսուհիները, շատ օգտակար է: Համարվում է, որ այդ թուրմը, իհարկե առանց աղի, հանում է այտուցվածությունն ու խթանում սրտի աշխատանքի լավացմանը: Այն իր մեջ պարունակում է շատ կալիում եւ այլ հանքային աղեր:

Ոսպի ապուր. Ոսպն իր մեջ պարունակում է շատ օգտակար ու օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող սպիտակուց: Իհարկե, ոսպի սուպ խորհուրդ չի տրվում ուտել պոդագրայով հիվանդներին:

Ավելի լավ է վերցնել ոսպի արագ եփվող տեսակը, որն արագ վերածվում է պյուրեի: Ոսպը լվանալ, դնել կրակին, իսկ եփելիս ավելացնել մի քիչ գազար, համեմունքներ: այս սուպը կարելի է ուտել թթվասերով:

«Բանջարեղենային պյուրե». վերցնում ենք կաղամբ, կեղեւով կարտոֆիլ, բազուկ, գազար, մաղադանոսի արմատներ ու այս ամենը անց ենք կացնում քերիչով կամ մանր կտրատում ենք ու պատրաստում թուրմ, իսկ օգտագործելուց առաջ քամում ենք: Հետո 1 ճաշի գդալ ոլոռը, 1 ճաշի գդալ ծլած հացահատիկի հատիկները եւ 1 ճաշի գդալ հաղարջը` թեկուզ ոչ թարմ, խառնում ենք իրար, վրան ավելացնում վերը նշված բանջարեղենի թուրմից, եւ վիտամինային պյուրեն պատրաստ է: Սրանով բուժում են նաեւ երիկամները:

Օգտակար ճարպը. Ստամոքսի ցավը կարող է դադարել, եթե փորձենք մի փոքրիկ կտոր ճարպ ընդունել` առանց համեմունքների: Ուտելով մի փոքրիկ կտոր ճարպ, անմիջապես կարող ես կուշտ լինելու զգացողություն ունենալ, ինչը թույլ չի տալիս շատ ուտել: Ճարպն իր մեջ պարունակում է այնպիսի նյութեր, որը կարող է պրոֆիլակտիկ միջոց հանդիսանալ քաղցկեղի դեմ:

Սուպ-պյուրե դիմադրողականության համար. Բազուկը, գլուխ սոխը, կարտոֆիլը, կես կիլոգրամ դդումը մանր կտրատել ու եփել՝ մինչեւ բոլոր մթերքները կփափկեն: Հետո այս ամբողջը սարքել խյուսանման զանգված, ավելացնել սերուցք, մաղադանոս եւ մի քիչ էլ կոճապղպեղ: Կոճապղպեղը սուպին տալիս է թեթեւակի թթվայնություն, մի քիչ էլ` կծվություն:

Հնդկաձավարն արագ ձեւով. Հնդկաձավարը շատ համեղ ու օգտակար է: Բայց ավելի ճիշտ է հնդկաձավարն ուտել առանց եփելու: Դրա համար պետք է մաքրել հնդկաձավարը, լվանալ, վրան լցնել 1:1 հարաբերությամբ եռացրած գոլ ջուր ու ծածկել կաթսայի բերանը` թողնելով մոտ 2 ժամ: Հնդկաձավարն ուռչելու հատկություն ունի, եւ հավատացած եղեք, 2 ժամ հետո այն չի տարբերվի եփածից: Իսկ եթե ցանկություն ունեք այն տաք ուտելու, ապա կարելի է պարզապես տաքացնել միկրոալիքային վառարանում: Այն պետք է ուտել ոչ թե աղով, այլ` սոյայի սոուսով: Նման ձեւով սնվելով կարելի է ազատվել ավելորդ քաշից: Ընդ որում` հնդկաձավար կարելի է ուտել անսահմանափակ:

Դդումը` չամիչով. Դդումի օգտակարության մասին գիտենք բոլորս: Այն իր մեջ պարունակում է կարոտին, բջջահյութ եւ կալիում: Իսկ հետեւյալ աղանդերը պատրաստում են այսպես. դդումը կտրատել խորանարդիկներով, կաթսայի մեջ լցնել այնքան ջուր, որ հազիվ ծածկի դդումի կտորները, այնուհետեւ շոգեխաշել: Վերջում ավելացնել մի բուռ չամիչ, մի քիչ դարչին, մի փոքր էլ մեղր: Այն շատ լավ բարձրացնում է դիմադրողականությունը եւ հաղթահարում է շատ հիվանդություններ: