Հայկական խաչքարը` Բարսելոնայում

03/10/2009

Օրերս Բարսելոնայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Կատալոնիայի բարեկամությունը խորհրդանշող եւ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը, որի նախաձեռնողը Հայաստանի Բարեկամության միության նախագահ Դավիթ Համբարձումյանն է: Այս գործին ակտիվ մասնակցություն են ունեցել Միության 18 անդամները եւ տեղի մի խումբ հայեր: Մոտ 2 ու կես տարի պահանջվեց այդ գործն իրականացնելու համար: Այս գործում սատարել են Կատալոնիայի խորհրդարանում ներկայացված 12 կուսակցությունները եւ խորհրդարանի պատգամավորները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղի գրասենյակը (Amics de la UNESCO de Barcelona), Բարսելոնայի Արքեպիսկոպոսարանը, որոնց աջակցությամբ Բարսելոնայի քաղաքապետարանի կողմից տրվեց քարի տեղադրման թույլտվությունը եւ տրամադրվեց տարածքը: Խաչքարը գտնվում է Բարսելոնայի Montjuic թաղամասում` Թագավորական պալատի եւ Օլիմպիադայի թանգարանի հարեւանությամբ: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում, այնուհետեւ տեղափոխվել Բարսելոնա: Քաղաքապետարանի կողմից խաչքարի տեղադրման եւ տարածքի բարեկարգման աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել է մոտ 11 հազար եվրո: Խաչքարի բացմանը ներկա էին ՀՀ-ից ժամանած պատվիրակությունը եւ Կատալոնիայի Կառավարության անդամները: Խաչքարի բացման օրը քարի տեղադրման աշխատանքներին մեծագույն ներդրում եւ աջակցություն ցուցաբերած անձինք պարգեւատրվել են Ազատամարտի Վետերանների Միության եւ Հայաստանի Բարեկամության Միության կողմից շնորհակալագրերով: Այս խաչքարի տեղադրմանը առանձնապես մեծ աջակցություն են ցուցաբերել Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր, «Դեմոկրատական Միություն» կուսակցության անդամ Մարիա Ռոսա Ֆորտունին, Խուան Խոսե Սանմարտին Խիլը եւ Անտոնի Վիվես Տոմասը: