Գորդոնը վերահաստատել է

02/10/2009

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` Եվրոպայի եւ եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումների արդյունքները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա վերահաստատել է հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ ԱՄՆ աջակցությունը: «Սա բարդ գործընթաց է, որն առերեսում է քաղաքական դիմադրություն երկու կողմերում էլ: Եվ երբ մենք ասում ենք` դա պետք է կատարվի խելամիտ ժամկետներում, նկատի ունենք, որ մենք չենք ցանկանում տեսնել միմիայն գործընթացը, այլեւ դրա ավարտը: Եվ ինչպես դուք գիտեք, Հայաստանի կառավարությունը երկար ժամանակ պնդել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Դա իրենց կարծիքն է, ինչպես եւ մեր»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Պատասխանելով հարցին` արդյո՞ք «առանց նախապայմանների» ձեւակերպումը ենթադրում է, որ հայերը որպես նախապայման առաջ չեն քաշում Ցեղասպանության հարցը, Ֆ. Գորդոնը նշել է, որ առանց նախապայմանների նշանակում է՝ «երկու երկրների կողմից էլ նախապայմանների բացակայություն»: «Այս գործընթացի հետ կապելու շատ հարցեր կան, սակայն, մեր կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, ըստ էության, շատ արժեքավոր է, եւ այն չպետք է հետաձգվի կամ կապվի այլ հարցերի հետ: Այդ գործընթացը պետք է առաջ շարժվի»,- ասել է Ֆիլիպ Գորդոնը: Նաեւ հավելել է, թե Հայաստանն` առանց Թուրքիայի հետ բաց սահմանի, մեկուսացած է. «Վրաց-ռուսական պատերազմի ժամանակ մենք դրան ականատես եղանք: Եվ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կարող է, հիրավի, պատմական զարգացում լինել, որը շահավետ կլինի երկու երկրների ժողովուրդների համար էլ: Այն կնպաստի նրանց միջեւ առեւտրային հարաբերությունների հաստատմանը եւս»: Հարցին էլ, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից ոչ մի կերպ «չի՞ շահում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», Ֆ. Գորդոնը պատասխանել է. «Մենք բազմիցս ասել ենք, եւ այժմ էլ կրկնում եմ` այս երկու հարցերի միջեւ ոչ մի կապ կամ նախապայման չկա»: