– Նյու Յորքում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հայտարարություններով ուզում էր ցույց տալ, որ իր երկիրը ճնշո՞ւմ է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա:
– Բնական է եւ ակնհայտ է, որ Արեւմուտքը, միջազգային հանրությունն իսկապես կուզենա տեսնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը: Դա մեծ հաշվով իրենց շահերից է բխում տարածաշրջանային առումով եւ իրենց ուսերից թոթափում են նաեւ ցեղասպանության ճանաչման խնդիրը: Բայց մենք պետք է առաջնորդվենք մեր շահերից: Ես կարծում եմ, որ հայկական կողմն առ այսօր ճնշման չի ենթարկվել, այսօր էլ պետք չէ ենթարկվի, եւ սեղանի վրա դրված այս փաստաթուղթը մեր շահերից չի բխում: Դա ճնշման կամ սխալ հաշվարկի արդյունք է: Փաստաթուղթն այս տեսքով, կարծում եմ պետք չէ ստորագրել: Լիներ անմեղ տեքստ, որտեղ այսքան վիճահարույց կետեր չլինեին, ես էլ երկու ձեռքով կողմ կլինեի, բայց այս փաստաթուղթը չեմ կարող պաշտպանել, որքան էլ ուզենամ, որ հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան:
– Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, չստորագրե՞ն արդեն նախաստորագրված արձանագրությունները: Հատկապես, երբ դրանց մեջ այլեւս ոչինչ հնարավոր չէ փոխել:
– Այսօր մեր ժողովրդի համար ճակատագրական այս բարդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ իշխանություններն ունենան ողջ հայության առնվազն ջախջախիչ մեծամասնության համաձայնությունը: Որովհետեւ սա այսօրվա խնդիր չէ, սրանք պատմական հարցեր են, մեր իրավունքներն են: Սա մեծ հաշվով կողմնորոշելու է մեր հետագա տեղն ու դերը այս տարածաշրջանում, ազդելու է ԼՂՀ հարցի վրա: Այս հապճեպությամբ նման իրավիճակում, երբ ժողովուրդն անկախ այս հարցից արդեն բաժանված է Հայաստանի ու Սփյուռքի, երբ բավական բարդ հարաբերություններ են, երբ տնտեսությունը ծանր վիճակի մեջ է, գնալ եւ այսպիսի փաստաթուղթ ստորագրել, ճիշտ չեմ համարում: Ակնհայտորեն, հայ ժողովրդի մեծամասնությունը դեմ է սրան: Սա սխալ ճանապարհ է, ճիշտ հակառակը պետք է լինի: Պետք է առանց նախապայմանների հարաբերություններ լինեն, որպեսզի մենք անկեղծ մթնոլորտում, փոխադարձ վստահության վրա ու համարձակորեն կարողանանք խոսել մեր խնդիրների մասին: Այս արձանագրությունները դրա հնարավորությունը չեն տալիս:
– Երեկ տեղեկատվություն հրապարակվեց, թե Վրաստանի խորհրդարանի պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել հայոց ցեղասպանության ճանաչման հարցն իրենց խորհրդարանում քննարկելու համար: Մինչդեռ Դուք ասում էիք, թե այս արձանագրությունների ստորագրումից հետո ցեղասպանության ճանաչումը կդադարի քննարկվել ու ընդունվել երկրների խորհրդարաններում:
– Ես կարծում եմ, որ դա հավանաբար հայ պատգամավորների նախաձեռնությունն է, ուղղակի ցույց տալու, որ հայության համար ցեղասպանության հարցը չի վերանալու անկախ այն հանգամանքից, թե կառավարությունները ինչպիսի համաձայնության են գալիս կոնկրետ այս արձանագրությունների ձեւակերպման հետ կապված: Բայց, դժբախտաբար, ես կարծում եմ, որ Վրաստանի խորհրդարանը շատ արագ դա կփակի` վկայակոչելով հենց հռչակագրերի, արձանագրությունների բովանդակությունը: Երկու տարի է, ինչ ոչ միայն որեւէ խորհրդարանում ցեղասպանության ճանաչում, այլ նույնիսկ քննարկում չի եղել: Սա աննախադեպ բան է: Նախորդ տասը տարիներին առնվազն հինգ-վեց խորհրդարաններում քննարկում է եղել, եւ առնվազն մեկ կամ երկու դեպքում ցեղասպանության ճանաչում է եղել: Վերջին երկու տարում դա իսպառ կանգնել է: Միայն Իսրայելի խորհրդարանում փորձ արվեց, որը տեւեց ընդամենը 10 րոպե, որովհետեւ պատգամավորները վկայակոչեցին, թե հայ-թուրքական երկխոսություն է գնում, եկեք չխանգարենք: Սա է Թուրքիայի նպատակը: Եվ արձանագրութան մեջ ցեղասպանության հետ կապված ենթահանձնաժողովի այդ ձեւակերպումը միանշանակ թուրքական կողմից շահարկվելու է իսպառ կանխելու ցեղասպանության հարցի ցանկացած քննարկում:
– Հոկտեմբերի 9-ին Քիշնեւում հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները: Այդ հանդիպման հենց հաջորդ օրը Շվեյցարիայում ստորագրվելու են այս արձանագրությունները: Ձեր կարծիքով՝ նախագահները ԼՂՀ հարցի հետ կապված վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերեն եւ միայն դրանից հետո՞ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ կսստորագրվեն արձանագրությունները: Չէ՞ որ Թուրքիայի պաշտոնյաները գրեթե ամեն օր իրենց հայտարարություններով ՀՀ-ի հետ հարաբերությունները պայմանավորում են ԼՂՀ հարցի հետ կապված առաջընթացով:
– Չեմ կարող ասել, բայց որ այս երկուսը իրար հետ կապված են, միանշանակ է: Այս երկու հարցերը երբեք իրար հետ այսքան կապված չեն եղել: Մեկի հաջողությունը կամ մեկի հանգուցալուծումը մյուսից է կախված: Եվ սա նույնիսկ ակնհայտ է առանց տողատակերը կարդալու: Սա ասում է այն մարդը, ով պետք է բացի սահմանը: Սա ասում է Էրդողանը:
– Հայտարարում եք, թե ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է եկել ոչ թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ Դուք էիք ՀՀ արտգործնախարարը, այլ ավելի շուտ` 1997թ.: Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի ու Ադրբեջանի հետ միասին վերջին առաջարկությունը ԼՂՀ-ին են ներկայացրել 1998թ., ինչը նշանակում է, որ այդ ժամանակ էլ Ղարաբաղը բանակցային կողմ էր, ուներ նաեւ վետոյի իրավունք: ՀՀ առաջին նախագահը ավելացրել էր, որ «երբ չի հասկանում կամ առնվազն ձեւացնում է, որ չի հասկանում Վ.Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք` անբարոյական»: Ինչո՞ւ 1998թ. այդ փաստը նկատի չեք ունեցել:
– Եկեք փոխադարձ պատասխաններ չտանք: Ես կարծում եմ, որ փաստերը պարզ են: Չեմ ուզում խորանալ դրա մեջ, այդ մասին իմ ասելիքն ասել եմ: