Ճգնաժամ

02/10/2009

Ճգնաժամի վնասը՝ 3.4 տրիլիոն դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է համաշխարհային ֆինանսական համակարգի կորուստների մասին իր կանխատեսումը։ Ինչպես հաղորդում է «Բլումբերգ» գործակալությունը, նոր կանխատեսման համաձայն՝ համաշխարհային ճգնաժամի պատճառած վնասները կկազմեն 3.4 տրիլիոն դոլար՝ նախկին գնահատականից 15%-ով քիչ։ Բանկային համակարգի պոտենցիալ վնասների նվազումը նոր մեթոդոլոգիայի կիրառման արդյունք է։ Այս տարվա ապրիլին ԱՄՀ-ն հայտարարեց, որ բանկային համակարգի հնարավոր կորուստները կազմում են 4.1 տրիլիոն դոլար։ Այդ հոռետեսական կանխատեսումը բուռն քննադատության առիթ հանդիսացավ, որի պատճառով այս կառույցը ստիպված վերանայեց իր հաշվարկները։ ԱՄՀ-ի նոր տվյալների համաձայն՝ արդեն իսկ 1.3 տրիլիոն վնաս կրած բանկերը դեռ ունեն եւս 1.5 տրիլիոն դոլարի «թունավոր» ակտիվներ։ Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում եվրոյի գոտու երկրներում բանկային համակարգի վնասը կկազմի 470 միլիարդ դոլար, ԱՄՆ-ում՝ 420 միլիարդ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 170 միլիարդ։ ԱՄՀ ներկայացուցիչները նշում են, որ աշխարհի երկրների կառավարությունների աննախադեպ միջամտության շնորհիվ համակարգային ռիսկերն էականորեն նվազել են։ Այդուհանդերձ, նրանց կարծիքով, համաշխարհային տնտեսության վերականգնումը դանդաղ կընթանա, քանի որ վարկային համակարգը դեռ ամբողջովին չի թոթափել ճգնաժամի հետեւանքները։

Առաջին անգամ պակասուրդի խնդիր

Ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի սոցապահովության համակարգի առջեւ 1980-ական թվականներից ի վեր առաջին անգամ պակասուրդի խնդիր է ծառացել, որը եկող տարի կկազմի 10 միլիարդ, իսկ 2011 թվականին՝ 9 միլիարդ դոլար: Դրա պատճառ են դարձել միլիոնավոր աշխատատեղերի կորուստը եւ այն ամերիկացիների թվի կտրուկ աճը, որոնք անցել են թոշակի։ Այս մասին հաղորդել է «Nstional Public Radio» ռադիոկայանը: Ըստ ռադիոկայանի տվյալների՝ անցյալ տարվա համեմատությամբ ԱՄՆ-ում կենսաթոշակային նպաստի խնդրագրերի թիվն աճել է 23 տոկոսով, իսկ հաշմանդամության նպաստի դիմումների թիվը՝ մոտավորապես 20 տոկոսով: Դա հանգեցրել է այն բանին, որ ԱՄՆ-ի Սոցիալական ապահովության վարչությունը հարկադրված կլինի հաջորդ երկու տարում նպաստների տեսքով ավելի շատ փող վճարել, քան ստանում է հարկային մասհանումների տեսքով: Սակայն դա չի անդրադառնա նպաստների չափի վրա, քանի որ նախորդ տարիներին Միացյալ Նահանգների սոցիալական ապահովության համակարգը կուտակել է 2,5 տրիլիոն դոլարի չափով հավելուրդ:

Զվարճանք՝ մեկ օր աշխատելու դիմաց

Disney ընկերությունը յուրօրինակ միջոց է գտել՝ ճգնաժամի պայմաններում ծախսերը կրճատելու համար։ Ընկերությունը սկսել է կամավորների հավաքագրման մի ծրագիր, որը կոչվում է «Տուր մեկ օր, եւ ստացիր մեկ օր Disney-ում»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել շուրջ մեկ միլիոն մարդու, որոնք մեկ օր կաշխատեն Disney-ի զվարճանքների այգիներից մեկում։ Իրենց աշխատանքի դիմաց կամավորները հնարավորություն կստանան 2010թ. ընթացքում մեկ անվճար օր անցկացնել Կալիֆոռնիայի Disneyland-ում կամ Ֆլորիդայի Walt Disney World-ում։

Ծրագիրն անցկացվում է «Hands on Network» կազմակերպության հետ համատեղ։ Այն կամավորների յուրօրինակ աշխատանքային բորսա է, որը զբաղվում է ժամանակավոր աշխատատեղերի ընտրությամբ եւ աշխատանքային պարտականությունների իրականացման վերահսկողությամբ։ Նոր ծրագրի օգնությամբ Walt Disney ընկերությունը հույս ունի աշխատավարձի գծով միջոցներ խնայել, ինչպես նաեւ՝ մեծացնել շահույթը։ Չէ՞ որ կամավորների մեծ մասը, անվճար մեկ օր անցկացնելով Disneyland-ում, միեւնույն է՝ որոշակի գումար կարող է ծախսել, օրինակ, ճաշելով տեղի ռեստորանում։ Բացի այդ, կամավորների միջոցով ընկերությունը փորձում է նոր հաճախորդներ ներգրավել, քանի որ ճգնաժամի պատճառով հանգստացողների եւ զվարճացողների թիվը կայուն կերպով նվազում է։ Ի դեպ, Disney-ը նախկինում էլ որոշ քայլեր ձեռնարկել էր հաճախորդների պակասի խնդիրը լուծելու համար։ Այսպես, 3 օրվա ատրակցիոնների տոմս գնած այցելուներին տրամադրվում է եւս 2 լրացուցիչ անվճար օր։ Բացի այդ, յուրաքանչյուր ոք կարող է անվճար մուտք գործել Disney-ի բոլոր զվարճանքի կենտրոններն իր ծննդյան օրը։

ԱՄՆ-ի ամենահարուստ շրջանները

Պարզվում է՝ ԱՄՆ-ում ամենից բարձր վարձատրվում են Կոնեկտիկուտ նահանգի Բրիջպորտ մունիցիպալ վիճակագրական շրջանի (metropolitan statistical area) բնակիչները։ Այս եզրահանգմանն են եկել Forbes-ի փորձագետները։ Ընտանիքի միջին տարեկան եկամուտը այստեղ կազմում է 105.1 հազար դոլար, ինչը 2 անգամ գերազանցում է երկրի միջին ցուցանիշը։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Նյու Յորքը (որտեղ աշխատում է Բրիջպորտի բնակչության մեծ մասը) ամենահարուստ շրջանների առաջին քսանյակի մեջ անգամ չի մտել։ Ամեն դեպքում, Նյու Յորքի բնակիչների եկամուտները նույնպես ցածր չեն եւ զգալիորեն գերազանցում են երկրի միջին ցուցանիշը (77.8 հազար դոլար՝ 58.2 հազարի դիմաց)։

Հարկ է նշել, որ Բրիջպորտին մեծ եկամուտներ է բերում ոչ միայն Նյու Յորքի հետ հարեւանությունը, այլ նաեւ այն, որ այստեղ են տեղակայված General Electric եւ Xerox ընկերությունների ֆինանսական ստորաբաժանումները։

Ամենահարուստ շրջանների եռյակի հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցնում են Սան Խոսեն (103.2 հազար դոլար) եւ Վաշինգտոնը (101.6 հազար դոլար)։ Սան Խոսեում բարձր աշխատավարձերը պայմանավորված են բարձր տեխնոլոգիաների զարգացած ինդուստրիայով։ Իսկ Նյու Յորքում բարձր վարձատրվող աշխատատեղեր ապահովում են պետական կառույցները։ Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Սան Ֆրանցիսկոն, Բոստոնը, Թրենթոնը (Նյու Ջերսի նահանգ), Բոուլդերը (Կոլորադո), Օքսնարդը (Կալիֆոռնիա), Անքորիջը (Ալյասկա) եւ Պոկիպսին (Նյու Յորք)։ Այս քաղաքների բարձր եկամուտները պայմանավորված են պետական կառույցների, ֆինանսական կազմակերպությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների մեծ քանակով։

Հնդիկ օդաչուները «հանձնվեցին»

Հնդկական «Air India» պետական ավիաընկերության օդաչուները դադարեցրել են 5 օր տեւած գործադուլը՝ կապված աշխատավարձերի կրճատման հետ։ Գործադուլը գլխավորող օդաչուներից մեկը «The Times of India» թերթին հաղորդել է, որ Հնդկաստանի քաղավիացիայի նախարար Փրաֆուլ Փաթելը խոստացել է թույլ չտալ Air India-ի աշխատավարձերի կրճատում։ Փաթելն ասել է, որ այդ հարցում իրենց հաջողվել է համաձայնության գալ Air India-ի ղեկավարության հետ։

Գործադուլը սկսվել է սեպտեմբերի 26-ին։ Դրան մասնակցել են ավիաընկերության 180 օդաչուներ, որոնք, հիվանդ ձեւանալով, աշխատանքի դուրս չեն եկել։ Իսկ «հիվանդության» պատճառն այն էր, որ նախատեսվում էր օդաչուների վարձատրությունը կրճատել 25-50%-ով։ Air India-ի 100 %-անոց սեփականատերը կառավարությունն է։ Ընկերությունը թռիչքներ է իրականացնում աշխարհի 130 օդանավակայաններ եւ ուղեւորափոխադրումների ծավալով Հնդկաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ «Jet Airways»-ից հետո։

«Մարաֆոն»-ը փակվում է

Որոշ գնահատականներով՝ Ռուսաստանի ամենախոշոր բուքմեյքերական ընկերությունը՝ «Մարաֆոն»-ը, դադարեցնում է իր գործունեությունը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ընկերության իր աղբյուրները։

Փակման պատճառն այն է, որ «Մարաֆոն»-ը չի կարողացել ՌԴ Դաշնային հարկային ծառայության կողմից ստանալ Ռուսաստանում գործունեություն իրականացնելու լիցենզիա։ Հուլիսի 1-ից Ռուսաստանում արգելվեց խաղային բիզնեսի կազմակերպումը, բացի հատուկ 4 գոտիներից։ Ինչ վերաբերում է տոտալիզատորներին եւ բուքմեյքերական գրասենյակներին, ապա նրանք կարող են շարունակել իրենց գործունեությունը՝ մեկ անգամ եւս լիցենզավորում անցնելուց հետո։

«Մարաֆոն»-ն, ըստ երեւույթին, չի կարողացել բարեհաջող անցնել այդ գործընթացը եւ սկսել է փակել իր ռուսաստանյան մասնաճյուղերը, որոնց թիվն անցնում էր 300-ից։ Ըստ թերթի աղբյուրի, այժմ ընկերության տրամադրության տակ մնացել են խաղադրույքների ընդունման ընդամենը մի քանի տասնյակ կետեր Բելառուսում եւ Ղազախստանում։

«Մարաֆոն»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռեպրինցեւը հաստատել է խմբագրությանը, որ ընկերությունը կարող է հեռանալ շուկայից։ Իսկ դրանից առաջ «Շանս» բուքմեյքերական ընկերության տնօրեն Վադիմ Լունաեւի բլոգում Ռեպրինցեւը հաղորդել էր, որ «Մարաֆոն»-ը կհեռանա շուկայից, քանի որ հիմնադիրը «չի ցանկանում աշխատել այն պայմաններում, որոնք շատ հեռու են քաղաքակիրթ կոչվելուց»։

«Մարաֆոն» բուքմեյքերական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.։ Մինչեւ ազարտային խաղերի մասին վերոնշյալ օրենքի ընդունումը ընկերությանը բաժին էր ընկնում Ռուսաստանի բուքմեյքերական շուկայի 50%-ը։ Շրջանառությունը 2008թ. ընթացքում կազմել է, տարբեր գնահատականներով, 1.7-1.9 միլիարդ դոլար։

Անհավասարությունը խորանում է

Համաշխարհային ճգնաժամը եւ ռեցեսիան շատ մեծ բացասական ազդեցություն են թողել ամերիկացիների բարեկեցության վրա։ Ֆինանսական խնդիրները առավել սուր կերպով ազդել են միջին խավի վրա, իսկ աղքատների եւ հարուստների եկամուտների անհավասարությունն է՛լ ավելի է խորացել։ Նման եզրահանգման են եկել կառավարության կողմից անցկացված հետազոտության հեղինակները (հետազոտությունն անցկացվել է 3 միլիոն մարդկանց շրջանում)։ Բնակչության ֆինանսական բարեկեցության այս հետազոտությունը, որն ԱՄՆ-ում անցկացվում է 1967թ.-ից ի վեր, մի շարք մտահոգիչ եզրակացություններ է պարունակում։ Այսպես, ամենաապահովված ամերիկացիները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 138 հազար դոլարը, 2008թ. ընթացքում 11.4 անգամ ավելի շատ եկամուտ են ստացել, քան աղքատության մեջ կամ աղքատության գծից ցածր գտնվող մարդիկ։ Աղքատների թվաքանակը հասել է ռեկորդային չափերի. կազմում է բնակչության 13.2%-ը։ Նշենք, որ ԱՄՆ-ում աղքատ համարվում են այն մարդիկ, որոնց տարեկան եկամուտը 12 հազար դոլարից քիչ է։ Իսկ ամերիկյան իրականության մեջ այդքան եկամուտը հազիվ է բավարարում գոյատեւելու համար։ Փորձագետները խոսում են նաեւ միջին խավի կրճատման մասին, ինչը ամենաաղքատ եւ ամենահարուստ բնակիչների միջեւ առկա տարբերության մեծացման ուղղակի հետեւանքն է։ Կրճատվել են նաեւ այս խավի եկամուտները՝ 50.303 դոլար մեկ շնչի հաշվով։

Ուշագրավն այն է, որ տնտեսական ճգնաժամը գրեթե չի ազդել ամերիկյան հասարակության ամենահարուստ շերտի վրա, որը կազմում է բնակչության 5%-ը։ Նրանց եկամուտները 3.58 անգամ գերազանցում են միջին խավի ցուցանիշը։