ՀԱԿ-ի հայտարարությունը

02/10/2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել կալանավայրում գտնվող երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ, որտեղ ասված է. «Քաղբանտարկյալ Տ. Առաքելյանի գործը սկզբից եւեթ ոստիկանության ամոթալի ու մեղկ վարքագիծը բնութագրող փայլուն մի օրինակ էր: Այս տարվա հուլիսի 1-ին, ՀԱԿ-ի իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական թռուցիկները բաժանելիս, Աբովյան փողոցում երիտասարդների խմբի վրա ավազակային հարձակում էր գործել քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ ու նրանց ծեծի ենթարկելով փորձել խոչընդոտել թռուցիկների բաժանումը: Դեպքից հետո լուսանկարներից պարզվեց, որ բանդիտական խմբի մեջ ճանաչվում են զգեստափոխված ոստիկաններ: Ոստիկանությունը ստիպված էր ընդունել դա եւ, կատարված հանցանքի հիմքով ծառայողական քննություն սկսելու փոխարեն, կեղծելով իրողությունը՝ դիմել ճղճիմ, իր համար անպատվաբեր քայլի` գործը շուռ տալով երիտասարդների դեմ: Խուլիգանության հոդվածով գործ հարուցվեց երեք երիտասարդների, այդ թվում Տ. Առաքելյանի դեմ, որը եւ մի քանի օր անց ձերբակալվեց: Երկար ժամանակ է, ինչ Տ. Առաքելյանը տեսողության հետ կապված սուր եւ վտանգավոր խնդրով գտնվում է կալանավայրերի հիվանդանոցում, որտեղ բացակայում են այդ հիվանդության բուժման հնարավորությունները: Այն բանից հետո, երբ մասնագիտական հետազոտմամբ պարզվեց, որ առողջական այդ ծանր խնդիրը նա ստացել է ոստիկաններից մեկի կողմից գլխին ստացած ատրճանակի հարվածից, ոստիկանությունը, որպես պատասխան, դիմեց հերթական «ինքնապաշտպանական» նողկալի քայլին. նախաքննությունը վարող մարմնի միջոցով, քաղբանտարկյալին, 3 ամիս անց, նոր՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու ու մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք առաջադրվեց, ինչը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում: Գլխիվայր պատկերացնելով «մունդիրի» պատիվը պաշտպանելու երեւույթը, ոստիկանությունը առաջնորդվում է մանր քինախնդրությամբ եւ բացառիկ ցինիզմով ու սադիզմով խոշտանգում է անմեղ քաղաքացուն իր քաղաքական հայացքների համար: Այսօրինակ վարքագծով պետական ամենակարեւոր ինստիտուտներից մեկը, որի բուն պարտականությունը հենց օրենքն ու օրինականությունը, քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է, իրեն ոչ միայն դուրս է դնում օրենքից, այլեւ դառնում համընդհանուր արգահատանքի առարկա»: