Գովազդի ու հակագովազդի փոխարեն

02/10/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Գյուղատնտեսության նկատմամբ մեր իշխանությունների վերաբերմունքը երկակի է: Այն մի կողմից՝ բավական հարմար երեւույթ է: Հուլիսից մինչեւ նոյեմբեր, այսինքն՝ բերքահավաքի շրջանում, գյուղատնտեսությունը խթանում է տնտեսական աճ նկարելուն: Նույն այդ շրջանում մեր վիճակագիրները եւ Կենտրոնական բանկը գների անկում արձանագրելու հնարավորություն են ստանում: Զուտ այն պատճառով, որ բերքահավաքի շրջանում գյուղմթերքների գներն ամենացածրն են: Բայց մյուս կողմից՝ հենց այդ ժամանակահատվածում գյուղատնտեսությունը իշխանությունների (հատկապես Գյուղնախարարության) համար գլխացավանք է դառնում: Ողջ տարին մեր փառապանծ Գյուղնախարարությունը նախարար Գերասիմ Ալավերդյանի գլխավորությամբ աշխատավարձ է ստանում, մասնակցում տարբեր միջոցառումների, տեղական ու արտասահմանյան գործուղումների գնում, հետո հարցազրույցներով ու ասուլիսներով պատմում այդ ամենի մասին: Կարճ ասած` ապրում հովվերգական կյանքով: Բայց բերքահավաքի ամենաբուռն շրջանում գյուղացիները խաթարում են այդ մեղրածոր կյանքի ռիթմը: Անցած շաբաթ Արարատի մարզի գյուղացիները հավաքվել էին մարզպետարանի մոտ ու հանդիպում էին պահանջում գյուղնախարարի հետ: Դա հավանաբար բավարար պայման չէր, որ գյուղնախարարն ընդհատեր իր մայրաքաղաքային աշխատանքային օրը: Բայց գյուղացիները չափն անցան ու սպառնացին փակել նույն մայրաքաղաք տանող մայրուղին: Ուստի գյուղնախարարը մեկնեց նրանց հետ հանդիպման: Գյուղացիներին, պարզվեց, զայրացրել է այն փաստը, որ մթերող գործարանները խաղողի գնման ցածր գին են «սահմանել»: Գյուղացիներին զայրացրել էր այն փաստը, որ Երեւանի կոնյակի գործարանը խաղողը մթերում է 1 կգ-ն 130 դրամով, իսկ մնացած ձեռնարկությունները` ընդամենը 70-ով: Ֆրանսիական «Պեռնո Ռիկարի» հայտնվելը մեր ներքին շուկայում իշխանությունների համար բավական բարդություններ ստեղծեց: Արեւմտյան գործարար մեթոդները բիզնես-քաղաքակրթության նոր որակ բերեցին: Երեւանի կոնյակի գործարանը ողջ տարին աշխատում է խաղողագործների հետ` մանրամասն ուսումնասիրում իր գործընկեր գյուղացիների այգիները: Նրանց հետ պայմանագրեր կնքում: Անհրաժեշտության դեպքում՝ վարկ տրամադրում: Բիզնեսի այս որակը մշակութային նոր մակարդակ էր հայ իրականության մեջ: Խաղող մթերող մյուս ձեռնարկությունները ստիպված էին այս կամ այն չափով ընդունել այս կանոնները: Այլապես նրանց բաժին էր հասնելու վատորակ բերք: Խաղող Հայաստանում, իհարկե, շատ ավելի է արտադրվում, քան մթերում է «Պեռնո Ռիկարը»: Այս ընկերությունը սովորաբար լավագույն խաղողն է մթերում՝ վճարելով ամենաբարձր գինը: Տարիներ շարունակ կառավարությունը ամենատարբեր մեթոդներով հետեւում էր, որ մյուս ընկերությունները մրցակցության մեջ լինելով՝ հեշտությամբ չոտնահարեն արտադրող գյուղացու շահերը: Գյուղմթերքների մթերման ամենամյա սկանդալները հաղթահարվեցին երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում: Բայց պարզվեց՝ դա անշրջադարձելի հաջողություն չէր: Պետական պաշտոնյաներն ու հատկապես կառավարության անդամները վստահ չեն իրենց պարտականություններում: Օրինակը երկար փնտրել պետք չէ: Գյուղացիների հետ ունեցած հանդիպումից հետո գյուղնախարարն ու նրա բարձրաստիճան ենթակաները հեռուստաեթերներից սկսեցին բացատրել, որ խաղողի գների կարգավորումը պետության գործառույթ չէ: Մեր իմաստուն կառավարիչները պակաս իմաստուն բնակչությանն իրազեկեցին, որ գները որոշում է շուկան: Սակայն այդ դեպքում անհասկանալի է դառնում, թե հասարակությունն ինչու է իր հաշվին պահում ու կերակրում կառավարության կազմն ընդհանրապես եւ գյուղնախարարությունը մասնավորապես: Բոլորս էլ հիշում ենք կաթ արտադրող ֆերմերների համաեվրոպական ակցիաները: Եվրոպայի վարելահողերը մի քանի շաբաթ ոռոգվում էին անարատ կաթով, որովհետեւ Եվրամիության անդամ պետությունների կառավարությունները պատրաստվում էին կրճատել այս ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցները: Ոչ մի եվրագյուղնախարարի մտքով անգամ չանցավ սեփական բնակչությանը բացատրել, որ կաթի գինը շուկան է որոշում: Եվ, որ իրենք գին որոշելու իրավասություն չունեն: Եվրագյուղնախարարները շուկայական տնտեսության կառավարման բավարար փորձ չունեն: Չունեն մեր գյուղնախարարի ու նրա ենթակաների համեմատ: Հետեւաբար՝ այս եւ եկող տարին գյուղացին պիտի պետությունից որեւէ ակնկալիք չունենա: Կառավարությունը ոչ դոտացիաների, ոչ մթերողներին շահագրգռող տնտեսական այլ մեթոդով գյուղատնտեսությանը չի աջակցելու: 2009-ն ու 10-ը համապետական ընտրությունների տարիներ չեն:

Հետեւաբար, ոչ իշխանությունները, ոչ էլ խորհրդարանի անդամ խոշոր գործարարները գյուղացու քվեի կարիքը չունեն: Մթերող մյուս խոշոր ձեռնարկատերերը գյուղնախարարի հետ ձեն ձենի տված շուկայի ամենազորության վրա են բարդելու ամեն ինչ: (Չնայած այն փաստին, որ հենց այդ գործարարներն իմացան, որ խաղողի մթերումների հարցը մտահոգել է ՀՀ նախարարին՝ միանգամից 20 դրամով գինը բարձրացրեցին): Հետեւաբար՝ մեր հասարակությունը երկու տարի անընդմեջ դատապարտված է ըմբոշխնելու դասախոսություններ շուկայական տնտեսության մասին: Ճիշտ այդքան ժամանակ մեր չինովնիկները վայելելու են պաշտոնի ընձեռած պատիվն ու բարիքները: Վայելելու են պարբերաբար զարմանալով, թե շուկայագիտության տեսանկյունից հասուն մեր իշխանությունների ձեռքը որքան խակ հասարակություն է բաժին ընկել: