Հերթական ապօրինի կառույցը

02/10/2009

Այս շինությունը կառուցվել է Ազատության 18 հասցեում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տարածքում: Եթե կառույցն ավարտվեր, դառնալու էր խանութ: Սա առաջին դեպքը չէ, երբ կրթական օջախի տարածքը զավթվում եւ որեւէ շահութաբեր օբյեկտ է կառուցվում: Քոլեջի մանկավարժների բողոքների արդյունքում կառույցի շինարարությունը կասեցվել է, բայց այն ամբողջությամբ չի վերացվել: Այնպես որ, վտանգը, որ մի օր այն նորից շարունակվելու է, դեռ մնում է: Քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե այդ շինության տերն ունի կառուցապատման համար բոլոր օրինական փաստաթղթերը: Նրա խոսքերով՝ շինությունն ընդամենը մեկ կամ կես մետրով է «հատում» քոլեջի տարածքը, սակայն առանց չափուձեւի էլ ակնհայտ է, որ այն ամբողջությամբ է գտնվում ուսումնական հաստատության այգում: Ավելի ուշ տնօրենը խոստովանեց, թե «օրենքով դա պետք է որ իրենցը լինի»: Այդ դեպքում ինչո՞ւ Ա.Հարությունյանը չի փորձել վերականգնել քոլեջի իրավունքները սեփականության նկատմամբ: «Եթե քաղաքապետարանը մարդուն ինչ-որ բան է հատկացնում, դա իմ պրոբլեմը չէ: Կառուցապատումը կասեցրել են, եւ եթե դրան ոմն մարդիկ խառնված չլինեին, պետք է մաքրեին այդ շինությունը: Ես ի՞նչ պետք է անեմ, երբ պետությունն իր ֆունկցիաները չի կատարել: Ուրեմն այդ մարդը լեզու է գտել նրանց հետ: Եթե պետության սեփականությունը պետությունը որոշել է հատկացնել ինչ-որ մեկին, ես չեմ կարող արգելել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ա.Հարությունյանը` եւ այդ հարցով հետաքրքրվող լրագրողներին մեղադրեց «պատվեր» կատարելու մեջ:

Ամեն դեպքում նույն «պատվերի» շրջանակում առաջիկայում կփորձենք պարզել, թե ովքեր են այս կառուցապատման հարցում «խառնված ոմն մարդիկ», կներկայացնենք նաեւ օբյեկտներ կառուցելու նպատակով կրթության ոլորտին պատկանող այլ հաստատություններում կատարված օտարումների մասին տեղեկություններ: