8-րդ դասարանի աշակերտ Մամուդի հետ քայլում ենք Արեւաբույր գյուղի այն փողոցով, որը տանում է դեպի «Արտաշատ Վինկոն» ընկերություն: Մամուդն իր գույնզգույն պայուսակի պես վառ գույներով պատմում է գյուղի կյանքի մասին, իր ընտանիքի, ու նույնիսկ խոսում հայ-թուրքական սահմանների բացման մասին: «Գիտես, ես լսել եմ, որ հայերի նախագահը ուզում ա սահմանները բացի, բայց երեւի սխալ են անում: Բա որ հայերը երկրից գնան, ու թուրքերը նորից գա՞ն»,- ասում է ազգությամբ եզդի Մամուդը, հետո դժգոհում, որ ինքը չի կարող եզդիերեն կարդալ` գրքեր չունենալու պատճառով: Մամուդի հետ կանգ ենք առնում ծեր ամուսինների այգու մոտ, որոնք երկուսով իրենց այգին էին մշակում: Այստեղ չորացած կարմիր բիբարների շարքերը հստակ ընդգծում էին ծեր ամուսինների այն վրդովմունքը, որը պայմանավորված է հայ-թուրքական սահմանների բացմամբ: «Գյուղացուն ընդհանրապես օգուտ չի: Իբր հիմա կարողանում ենք մեր բերքը վաճառել, հետո ավելի վատ կլինի` իրանք կգան ու էժան-էժան իրենց բերքը կծախեն: Բա մե՞րը: Համ էլ մեր աղջիկներին նորից կպղծեն: Դրա համար էլ պետք չի, որ սահմանները բացեն»,- կաղամբի շարքերին նայելով` խոսում է տատը: Մամուդի պատմությունները կաղամբի թերթիկների պես սկսում են փաթաթվել իրար, երբ հանկարծ եզդի տղան, տեսնելով մեքենաների շարասյունը, ինքնամոռաց սկսում է խոսել խաղողագործների մասին: «Էսօր ավելի քիչ են մեքենաները: Գիտեք, մենք հենց էդ գործարանի կողքին ենք ապրում: Թե ինչ մե՜ծ հերթ կար երեկ` չեք պատկերացնի»,- ասում է Մամուդը:
Գիշերավայր` դարպասների մոտ
«Արտաշատ Վինկոն» ընկերության դարպասներն, արդեն երկու օր է, Արտաշատի Բուրաստան, Դալար, Դմիտրով, Բաղրամյան, Մշավան, Դիտակ, Արեւաբույր, Մխչյան, Մրգավետ, Ջրահովիտ, Ջրաշեն եւ Արեւաբույր գյուղերի խաղողագործների համար դարձել է գիշերավայր: Խաղողագործներից շատերը մթերման կետ են եկել ներքնակներով ու վերմակներով: «Երեկվանից էստեղ ենք: Ստեղ էլ քնել ենք, բայց ի՞նչ օգուտ: Ասում են` չենք ընդունելու: Ստիպված տեղաշոր ենք բերել: Շատերն էլ արդեն չհավատալով` թողել-գնացել են»,- դժգոհում են խաղողագործները` երանությամբ հիշելով նախորդ տարիները, երբ իրենք առանց արգելքի կարողանում էին բերքն իրացնել: Ըստ խաղողագործների` նախորդ տարի խաղողի իրացման գինը 130 դրամ էր, ու որեւէ խոչընդոտ չկար: «Ի՞նչ իմանայինք, որ էսպիսի վիճակ ա լինելու: Ախր զարմանալին էն ա, որ մեզ տարվա սկզբից ասացին` գնացեք, խաղող աճեցրեք, կառնենք: Մենք էլ աճեցրինք, իսկ հիմա, երբ եկել ա էն պահը, որ մեր բերքը պիտի առնեն, չեն առնում»,- միաձայն նշում են խաղողագործները` հավելելով, որ բացի մի քանի մեքենա խաղողից, ընկերությունն այլեւս խաղող չի մթերել գյուղացիներից: «Դե ասում ա` ինձ պետք չէ: Բայց մենք էլ ի՞նչ անենք, որտե՞ղ հանձնենք»,- շարունակում են նրանք: Բողոքականների շարքում միակ «բախտավորը» Մխիթար Աբրահամյանն էր, ումից երկու օր առաջ ընկերությունը 110 դրամով գնել էր 6 տոննա խաղող: «Բայց հլա 3,5 տոննա խաղող էլ ունեմ մթերելու: Ու հիմա չգիտեմ` կընդունի՞, թե՞ չէ: Ես էս գործարանից պարտք էի վերցրել բուժանյութերի համար, հենց հանձնեցի՝ 150.000 դրամ պարտքս էլ տվեցի: Հույս ունեմ, որ մնացածն էլ կվերցնեն»,- նշում է գյուղացին, ում, ի պատասխան, մյուս խաղողագործները պարտադրում են ասել, թե ինչպես պատահեց, որ հենց իր խաղողը գնեցին: «Ճիշտն ասած, ծանոթի միջոցով էր, որ հանձնեցի»,- խաղողագործ ընկերների հարցին պատասխանում է Մխիթար պապը` խուսանավելով մեր այն հարցից, թե քանի՞ հոգի էին իր պես «բախտավորները»: «Ես չգիտեմ, բայց կային էլի …»,- կտրուկ պատասխանում է Մխիթար պապը: Սակայն քիչ անց խաղողագործների զայրույթն էլ ավելի շատացավ։ «Սերժ Սարգսյանը մեր ասածը լսելու ա՞: Եթե լսելու ա` խոսենք: Ժողովրդի ոչ մի ցավն էլ հետաքրքիր չի: Խի՞ չի թողնում, որ վրացիները առնեն` վրացիք ասացին չէ՞` պամիդորն էլ կառնենք, խաղողն էլ, որ ուզեն` կառնեն»,- առաջարկում են գյուղացիները` միաժամանակ չմեղադրելով այն սեփականատերերին, որոնց հույսին են մնացել: «Ինչի՞ պիտի էսպես լինի: Հիմա նայեք` էս սեփականատերը 130 հա հող ունի ու իրա խաղողի այգին ունի: Պարզ ա, որ էդ մարդը սկզբից իրա խաղողն ա ընդունելու: Տենց ա` գյուղացիներն արդեն ոչ մեկի պետքը չեն: Սաղ վերխուշկեն մաֆիա ա` մենք ի՞նչ անենք,- հարցնում են խաղողագործները` ավելացնելով,- Հեն ա, թուրքական Սարդարակ գյուղում առաջարկել են, որ մեզնից խաղող գնեն: Վերջին դուռն ա էդ»: «Ցավն էն ա, որ խաղողն արդեն դուրս ա քցում ջուրը ու հենց մտնենք ներս` չեն ընդունի»,- սա էլ ասում էին նրանք, որոնք, այնուամենայնիվ, հավատում էին հրաշքներին: «Արտաշատ Վինկոնի» տնօրեն Բաբկեն Պապիկյանը` ի պատասխան մեր հարցերին, ասաց, որ իրենք նախեւառաջ կմթերեն իրենց սեփական խաղողը, այնուհետեւ հերթը կհասնի նաեւ գյուղացիներին: Իսկ թե ե՞րբ կհասնի այդ հերթը գյուղացիներին, տնօրենը պատասխանեց. «Էլի պրոբլեմ չկա, սա ժամանակավոր է: Նա, ով պայմանագիր ունի, իրենցը առաջնահերթ է: Ընդունելու ենք, բայց մեր խաղողը մթերենք, հետո կընդունենք մյուսներինը»: Ի դեպ, ըստ Բ. Պապիկյանի, ընկերությունը պայմանագիր է կնքել շուրջ 2-3000 գյուղացիների հետ: