Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

02/10/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Ոչ պաշտոնական, հանպատրաստի զրույց

Այս տիպի զրույցները երկրի տարբեր խավերի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ տեղի են ունենում հիմնականում հանպատրաստից, տարբեր տեղերում, տարբեր պայմաններում` ընդունելությունների, ճաշկերույթների, կոկտեյլների, ցուցահանդեսների, ներկայացումների, հասարակական-մշակութային միջոցառումների եւ այլնի ժամանակ: Երբեմն՝ կարճատեւ, պատահական հանդիպման արդյունքը լինում է ավելի արժեքավոր, քան երկարատեւ եւ պլանավորված հանդիպումների արդյունքը: Դրանում համոզվել եմ անձնական փորձով:

Լիբանանում մեր դեսպանությունը պատրաստվում էր կազմակերպել հայաստանյան արտադրանքների ցուցահանդես: Այդ կապակցությամբ ընդունելություն էի խնդրել պրեմիեր-մինիստր Ռաֆիկ Հարիրիից, ակնկալելով նրա աջակցությունը: Ընդունելությունը ձգձգվում էր նրա բազմազբաղվածության պատճառով: Օգնեց պատահականությունը: Պրեմիեր-մինիստրը ամանորի կապակցությամբ ամենամյա ճաշկերույթ էր կազմակերպել իր նստավայրում: Օգտվելով առիթից, ոտքի վրա շարադրեցի խնդրանքս: Հարցը լուծվեց օրերի ընթացքում: Ցուցահանդեսը բացվեց նրա բարձր հովանավորությամբ եւ ֆինանսական օգնությամբ:

Հեղինակի անձնական արխիվից

Զրույցի նախապատրաստումը եւ մոդելավորումը

Զրույցին նախորդո՞ւմ է նախապատրաստական աշխատանք, թե՞ ոչ: Դիվանագետը կարիք ունի՞ դրան: Միանշանակ` այո: Մի առիթով Նապոլեոն Բոնապարտը իր արտաքին գործերի նախարար Շառլ-Մորիս Թալեյրանին, որը պատմության մեջ մտավ որպես բանակցությունների եւ զրույցի չգերազանցված վարպետ, տալիս է հետեւյալ հարցը. «Դուք զրույցի թագավոր եք Եվրոպայում: Ի՞նչ գաղտնիքի եք տիրապետում»: Նախարարը պատասխանում է. «Երբ դուք պատերազմ եք վարում, միշտ ընտրում եք ձեր ճակատամարտի դաշտը, այնպես չէ՞… Ես էլ հող եմ նախապատրաստում զրույցի համար»: Այդուհանդերձ, դիվանագետը ի սկզբանե պետք է պատրաստ լինի ցանկացած զրույցի: Նախ` նա պարտավոր է քաջատեղյակ լինել իր երկրի աշխարհագրությանը, պատմությանը, մշակույթին, քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ ազգագրական կառուցվածքներին, երկրի ինստիտուտներին, նրա մարդկային եւ տնտեսական ռեսուրսներին` գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների բնագավառում, հստակ պատկերացնել սեփական պետության արտաքին քաղաքականության գերակայությունները: Այս ամենը հավասարապես վերաբերում է դեսպանի իմացությանը այն երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ուր նա տվյալ պահին գործուղված է: Դիվանագետը պետք է լրիվ տիրապետի ընդհանուր միջազգային եւ տարածաշրջանային քաղաքական զարգացման տենդենցներին` միտումներին, ազատորեն կողմնորոշվի դրանցում: Սակայն անկախ այն հանգամանքից, թե ինչ էրուդիցիայի տեր է դիվանագետը, ինչ հանրագիտական գիտելիքներ ունի, հարկ է, որ նա խմանքով պատրաստվի յուրաքանչյուր հանդիպմանը` ում հետ եւ ինչ մակարդակով էլ որ այն նախատեսվում է: Հաշվված է, որ 10-15 րոպեանոց զրույցը պահանջում է 16 ժամանոց նախապատրաստական աշխատանք` չհաշված այն բազմաթիվ ժամերը, որոնց նվիրել է իր կյանքը պրոֆեսիոնալ դիվանագետը ուսումնառության եւ պրակտիկ աշխատանքի տարիներին` Արտգործնախարարությունում եւ արտասահմանում: Իսկ ի՞նչ է նշանակում նախապատրաստվել զրույցին: Նախ` անհրաժեշտ է գրի առնել մոտավոր պլան: Զուր չէ ասված, որ ամենագունատ թանաքը գունեղ է ամենալավ հիշողությունից: Այնուհետեւ մոդելավորել հանդիպման հնարավոր կառուցվածքը, մշակել զրույցի վարման ստրատեգիան, տակտիկան եւ տեխնիկան: Եթե հանդիպումը տվյալ զրուցակցի հետ առաջինը չէ, դիվանագետը կարդում է նախորդ զրույցների գրառումները, ծրագրելով գալիք զրույցի հիմնական կետերը: Կայացած պետությունների դեսպանություններում գոյություն ունի քարտարան, որոնցում պահվում են տվյալ երկրի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների եւ օտարերկրյա դիվանագետների բնութագրերը, այսպես կոչված, «Քաղաքական դիմանկարները»:

ԽՍՀՄ Դիվանագիտական ակադեմիայում ուսանելու ընթացքում, 1973 թ. ամռանը երեքամսյա պրակտիկա էի անցնում Լոնդոնի խորհրդային դեսպանությունում: Ինձ հանձնարարվեց կազմել տեղեկանք փոքրաթիվ հայ համայնքի վերաբերյալ, կապ հաստատել հայկական եկեղեցու առաջնորդ Պոզապալյանի հետ, կազմակերպել նրա հանդիպումը դեսպան Նիկոլայ Լունկովի հետ: Կարդացի Պոզապալյանի «Քաղաքական դիմանկարը», որտեղ նա եւ՛ քաղաքական, եւ՛ անձնական առումով բնութագրվում էր միանգամայն դրական: Իմ հանդիպումները նրա հետ հաստատեցին, որ տեղեկանքը կազմված էր օբյեկտիվ, չնայած դեսպանությունը նրա երեսն անգամ չէր տեսել: Պոզապալյանը այցելեց դեսպանին, իսկ իմ բարեկամությունը այդ ազնվագույն հոգեւորականի եւ հազվագյուտ անձնավորության հետ շարունակվեց մինչեւ նրա վախճանը:

Հեղինակի անձնական արխիվից

«Քաղաքական դիմանկարը» հնարավորություն է ընձեռում դիվանագետին գաղափար կազմելու իր պոտենցիալ զրուցակցի քաղաքական հայացքների, հոգեկան կերտվածքի, բնավորության թույլ եւ ուժեղ կողմերի, ընտանեկան կարգավիճակի, նախասիրությունների մասին, ինչը մեծապես նպաստում է զրույցի հաջողությանը: Ճիշտ կազմված «Քաղաքական դիմանկարում» նշվում է տվյալ անձնավորության խառնվածքը` տեմպերամենտը (սանգվինիկ, մելանխոլիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ): Այդ փաստաթուղթը, ինչպես նաեւ ցանկացած լրացուցիչ ինֆորմացիա, ունի մի հիմնական նպատակ` իմանալ զրուցակցի մասին ավելին, քան նա գիտե քո մասին: Որքան լավ գիտես զրուցակցիդ, այնքան հաջողության գրավականը մեծ է: Զրույցը նախապատրաստելիս եւ մոդելավորելիս հարկ է հաշվարկել բոլոր հնարավոր դժվարությունները եւ փոխզիջումային տարբերակները, ինչն ուղղված է դեսպանության առաջ դրված խնդրի լուծման հաջողությանը:

Զրույցի սցենար եւ դերաբաշխում

Լավագույնն է համարվում զրույցի այն սցենարիան, որի կազմմանը մասնակցել են դեսպանության համապատասխան ստորաբաժանումների (ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, ինֆորմացիոն, մշակութային եւ այլն), իսկ անհրաժեշտության դեպքում, քաղաքական եւ ռազմական հետախուզությունների ներկայացուցիչները: Մասնակիցների շրջանակը պայմանավորված է պլանավորվող զրույցի բնույթով: Անհրաժեշտության դեպքում սցենարի մշակմանը, բացի դիվանագետներից, հաղորդակցվում են նաեւ արտասահմանում մյուս գերատեսչությունների աշխատակիցները (առեւտրական ներկայացուցչություն, մշակութային կենտրոն, ծովային, ավիա, տուրիստական ներկայացուցչություններ եւ այլն): Նման միջոցառում կազմակերպվում է այն դեպքում, երբ դեսպանը պատրաստվում է կարեւոր հանդիպման երկրի ղեկավարի կամ շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որի ընթացքում շոշափվելու են առաջնային նշանակության խնդիրներ, եւ կամ Կենտրոնից ժամանած պատվիրակության մասնակցությամբ անցկացվելու են երկկողմ կամ բազմակողմ բանակցություններ: Գործնական դիվանագիտական զրույցները «չեն սիրում մարդաշատություն»: Որքան քիչ է զրույցում ընդգրկված անձանց թիվը, այնքան այն արդյունավետ է: Դեսպանի մոտ հաճախ է հարց ծագում. մենակ գնալ հանդիպմանը եւ զրուցել tՍte Ո tՍte, դեմ առ դեմ, թե` դիվանագետներից մեկնումեկի ուղեկցությամբ: Պատասխանը չի կարող լինել միանշանակ: Եթե խոսքը վերաբերում է խիստ պաշտոնական հանդիպմանը, որի բովանդակությունը պետք է ոսկերչական ճշգրտությամբ արձանագրվի, անշուշտ, նպատակահարմար է իր հետ վերցնել սղագրող դիվանագետ: Եթե դեսպանը չի տիրապետում օտար լեզուների (սա, ըստ իս, անոմալիա է, սակայն լինում են նաեւ այդպիսի դեպքեր), ապա ներկա է լինում երկրորդ դիվանագետը որպես թարգմանիչ: Մյուս բոլոր դեպքերում մենք դեսպանին խորհուրդ կտայինք հանդիպմանը գնալ մենակ, եթե նա, իրոք, ցանկանում է, որպեսզի զրույցը լինի վստահելի եւ միանգամայն անկեղծ: Այս հարցի նկատմամբ խորհրդային, մասնավորապես՝ ստալինյան տարիներին կար ուրույն մոտեցում: Համատարած կասկածանքի եւ անվստահության մթնոլորտում արտասահմանում աշխատող յուրաքանչյուր ոք համարվում էր օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության օբյեկտ եւ նրանց կողմից հավաքագրման հնարավոր թեկնածու: Նման կասկածանքը տարածվում էր անգամ դեսպանների վրա, եւ ԿԳԲ-ի արտաքին հակահետախուզությունը ուշի ուշով հետեւում էր նրանց գործունեությանը եւս: (Մեր նախկին` «Առաջին մեծության աստղը» հոդվածաշարում մենք նկարագրել էինք նման դիպված Կանադայում արտակարգ եւ լիազոր դեսպան Համազասպ Հարությունյանի հետ): Այնպես որ, ավելորդ կասկածանքից զերծ մնալու նկատառումով էր նաեւ պայմանավորված այն հանգամանքը, որ դեսպանները երբեմն խուսափում էին առանց վկաների հանդիպումներից:

Դերաբաշխումը կատարվում է այն ժամանակ, եթե զրույցին, դեսպանից բացի, մասնակցում է նաեւ մեկ ուրիշ դիվանագետ: Նախօրոք որոշվում է, թե զրույցի որ մասն է վերջինս վերցնում իր վրա, լուսաբանում նեղ մասնագիտական հարցերը, ծանոթացնում համապատասխան փաստաթղթերի հետ, մասնակցում զրույցին՝ որպես «պահեստային խաղացող»: Սցենարը մշակելիս դիվանագետը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր մանրուք` տարածության եւ ժամանակի մեջ: Եթե հանդիպումը կայանում է քո «դաշտում», այսինքն՝ սեփական դեսպանությունում, ապա որպես կանոն՝ այն անցկացվում է հյուրերի համար նախատեսված սենյակում, որը համապատասխանում է պաշտպանվածության եւ անվտանգության բոլոր կանոններին: Եթե այն տեղի է ունենում ռեստորանում կամ որեւէ այլ հասարակական վայրում, պետք է ընտրել այնպիսի միջավայր, որը տրամադրում է հանգիստ եւ կոնֆիդենցիալ զրույցի: Եթե նստած եք ընդհանուր սրահում, բացառեք ուշադրությունը շեղող բոլոր հանգամանքները եւ առարկաները: Հնարավորության դեպքում նստեք դեմքով դեպի ներկաների մեծամասնությունը, այն հաշվով, որ զրուցակիցը լինի ձեր դիմաց եւ հիմնականում տեսնի ձեզ: Այս դեպքում նրա ուշադրությունը հիմնականում կպատկանի ձեզ, այլ ոչ թե մատուցողին եւ ռեստորանի մյուս այցելուներին: Երրորդ անձնավորության մոտենալու դեպքում հասկացրեք կամ բացատրեք, որ դուք զբաղված եք: Եթե պաշտոնական միջավայրում եք, անջատեք հեռախոսները եւ համակարգիչը։ Մի՛ պատասխանեք ձեռքի հեռախոսազանգերին, եթե դրանք հրատապ չեն: Պահպանեք տեսողական կոնտակտը: Եթե զրույցի ժամանակ զննում եք շրջապատը` բոլորին եւ ամեն ինչ, բացի զրուցակցից, նա մտածում է, որ դուք ձանձրանում եք: Իսկ եթե խոսելիս նայում եք նրա աչքերին, նա տեսնում է, որ դուք տարված եք զրույցով: Եթե մատներով թմբկահարում եք սեղանին՝ դիմացինը կարող է կարծել, որ ձանձրանում եք: Այս եւ նման շատ այլ մանրուքների հաշվառումը ապահովում է դիվանագետի 100 տոկոսանոց «ներկայությունը» զրույցին, ինչը պրոֆեսիոնալներն անվանում են «ներկայության էֆեկտ»: Դեռեւս հանդիպումից առաջ դիվանագետը պատկերացնելով զրույցի ողջ ընթացքը՝ պետք է ունենա ժամանակի սուր զգացողություն, որպեսզի «դուրս չընկնի» ժամանակացույցից, բաց չթողնի կարեւոր հարցերի քննարկումը: Չշտապի, բայց եւ չուշանա: Ելնելով զրուցակցի պահվածքից, տրամադրությունից եւ ռեակցիայից, դիվանագետը պետք է անցնի իրեն հուզող թեմայի քննարկմանը` ճիշտ հաշվարկելով հարմար պահը: Այն պետք է լինի ոչ շուտ, ոչ ուշ: Քիչ չեն դեպքերը, երբ դիվանագետը գլխավոր հարցը թողնում է վերջում, եւ, ընկնելով ցայտնոտի մեջ, հանդիպումից վերադառնում է ձեռնունայն: Ընդ որում, նա երբեք չպետք է նայի ժամացույցին, ինչը համարվում է «mauvais ton»` վատ տոն դիվանագիտական էթիկայի տեսակետից: Եվս մի կարեւոր հանգամանք: Դիվանագիտական զրույցի ժամանակ բացառվում է տեխնիկայի օգտագործումը` ձայնագրումը: Այս կանոնի խախտումը հղի է քաղաքական սկանդալով` իր ամենավատ հետեւանքներով հանդերձ: Հայտնի են դեպքեր, երբ դեսպանության «տանիքի» տակ աշխատող եւ դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող հետախույզները խախտել են այս չգրված օրենքը եւ առաջին հերթին տուժել են իրենք` հայտարարվել են «persona non grata»՝ անցանկալի անձ, եւ վտարվել երկրից:

Շարունակելի