Ռուսական ճենապակու հմայքը

02/10/2009

Երեկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ներկայացվեցին հրապարակախոս, գրող Ռուբեն Անգալադյանի անձնական հավաքածուից Սանկտ Պետերբուրգի հեղինակային-գեղարվեստական ճենապակու տասնյակ նմուշներ։ Ցուցահանդեսը ներկայացնում էր կենցաղային արվեստը, տվյալ դեպքում՝ Ռուսական Կայսրության իշխանական ընտանիքների կենցաղային մշակույթը։ Փոքրիկ եւ նրբաճաշակ ցուցադրությունն ուղեկցվում էր ռուսական ռոմանսների հրաշալի կատարումներով: Ցուցահանդեսը դիտելու էին եկել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կամերային այս ցուցադրությունը խիստ արժեքավոր է իր գեղարվեստական ճաշակի առումով. ներկայացված են Կայսերական գործարանի հեղինակային աշխատանքները, որոնք համաշխարհային ճանաչում են բերել ռուսական ճենապակուն։ Ցուցադրության հովանավորներն էին ՀՀ Մշակույթի նախարարությունը, «168 Ժամ» թերթը եւ «3 Միլիոն» ամսագիրը: Ռուսական ճենապակին ասպարեզ է եկել Եկատերինա Երկրորդ կայսրուհու տիրակալության օրոք։ Առաջին ճենապակու գործարանը հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգում 1744թ.։ Ճենապակու գործի հիմնադիրը Ռուսաստանում եղել է Դ.Ի. Վինոգրադովը, որն ավարտել էր Ֆրեյենբերգի (Գերմանիա) լեռնամետալուրգիական ակադեմիան։ Հետագայում այդ գործը շարունակել է Դ. Գուրեւը, որը հիմնականում գերմանական ճենապակու նմանակում էր պահանջում։ Եվ միայն գործարանի նոր տնօրենի՝ Ն. Ստրուկովի ղեկավարության օրոք էր, որ գործարանը փոխեց իր դեմքը, այդ աշխատանքների մեջ ներգրավելով բավական տաղանդավոր եւ երիտասարդ ուժեր։ Կայսերական գործարանին համաշխարհային ճանաչում է բերել Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Այդ շրջանում գործարանում աշխատում էին այնպիսի ճանաչված նկարիչներ, ինչպիսիք էին Կ. Պետրով-Վոդկինը, Բ. Կուստոդիեւը, Ն. Ալտմանը, Կ. Մալիչեւը, Մ. Ադամովիչը, Ռ. Վիլդեն եւ ուրիշներ։ Ներկայացված երեք հազվագյուտ ափսեները, որոնք ժամանակին արտադրվել են մոտ մեկ տասնյակ օրինակներով, հետաքրքիր քաղաքական եւ սոցիալական լոզունգներ են պարունակում: Օրինակ, 1924թ. Ադամովիչի կողմից նկարազարդված ափսեն` Լենինի պորտրետով եւ խորհրդային սերնդին հայտնի լոզունգով` «Ով չի աշխատում` նա չի ուտում»: Նույն հեղինակի 1923թ. նկարազարդած ափսեն կրում է «Պայքարն է ծնում հերոսներին» հեղափոխական կարգախոսը: Պլակատային արվեստի յուրօրինակ եւ հազվագյուտ ցուցանմուշներ, որոնց մի մասն այսօր զարդարում է տարբեր երկրների թանգարանները: Ցուցադրված էին նաեւ կայսերական սպասքի սուրճի բաժակների էքսկլյուզիվ կրկնօրինակները (Կայսերական գործարանի հնագույն նկարչուհու` Վ. Սեմյոնովայի կատարմամբ), որոնք պատկանում էին Պյոտր Առաջինին եւ Եկատերինա Երկրորդին: Բնօրինակները գտնվում են Էրմիտաժում: