Ֆրանսիական կառավարության կրթաթոշակ

02/10/2009

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, Մշակույթի եւ համագործակցության բաժին
Երեւան 375015, Գր. Լուսավորչի 8, հեռ.՝ 59-19-50

Ֆրանսիական կառավարության կրթաթոշակի համար կարող են դիմել

Միայն այն ուսանողները, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ բնակվում են Հայաստանում եւ ունեն բուհ-ի դիպլոմ (բակալավր/ 4տարվա բարձրագույն կրթություն)։ Ֆրանսիա մեկնելուց առաջ նրանք կարող են առաջադրել իրենց թեկնածությունը ֆրանսիական կառավարությունից կրթաթոշակ ստանալու համար։

Թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 30 տարեկանը, եւ նա պետք է տիրապետի ֆրանսերեն լեզվին (բացառիկ դեպքերում, դոսյեի կարեւորությունից ելնելով՝ ունենա ֆրանսերենի տարրական իմացություն)։

Կիրառման շրջանակը

Կրթաթոշակներ տրամադրելու հարցում առաջնահերթությունը տրվում է այն ուսանողներին, ովքեր ցանկանում են սովորել Մաստեր 1, Մաստեր 2-ում, դոկտորանտուրայում եւ հետդոկտորանտուրայում։

Դասընթացների ընտրությունը

Ֆրանսիական կառավարության կրթաթոշակի համար հայտ ներկայացրած ուսանողը պետք է ինքն ընտրի իրեն հետաքրքրող բաժինը կամ բաժինները եւ կապվի այդ բաժինների պատասխանատուների հետ Ֆրանսիայի համալսարաններում։ Ֆրանսիայում ուսուցման մասին տեղեկություններ կարելի է ստանալ հետեւյալ կայքերից. www.onisep.fr, www.cidj.fr, http://www.edufrance.fr

Թեկնածության առաջադրում

Թեկնածուն պետք է լրացնի թեկնածության համար ներկայացվող ձեւաթուղթը եւ ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը

1. Առավելագույնը 2 էջից բաղկացած ինքնակենսագրություն (curriculum vitae) ֆրանսերեն լեզվով՝ նշելով իր կոորդինատները. հասցե, հեռ. համար, էլ. փոստ։

2. Առավելագույնը 2 էջից բաղկացած մոտիվացիոն նամակ ֆրանսերեն լեզվով (lettre de motivation), հստակեցնելով թեկնածուի պրոֆեսիոնալ ծրագրերը եւ Ֆրանսիայում ուսումը շարունակելու դրդապատճառները։

3. Առավելագույնը 2 էջից բաղկացած ֆրանսերեն լեզվով նամակ (descriptif), որտեղ հստակորեն կներկայացվի ընտրված դասընթացների ծրագիրը։ Անհրաժեշտ է նշել առարկաների ցանկը, ուսումնական գծով ֆրանսիացի ղեկավարի անունը եւ կոորդինատները, ինչպես նաեւ դասընթացները սկսելու եւ ավարտելու ամսաթվերը։

4. Ուսումնական տարվա ընթացքում ստացած ամենավերջին գնահատականների քաղվածքը՝ հայկական բուհ-ի դիպլոմի պատճենի եւ թարգմանության հետ միասին:

5. Ֆակուլտատիվ (բայց նախընտրելի է). Նամակ ուսումնական գծով Ֆրանսիացի ղեկավարի կողմից, որտեղ նշված կլինի, որ ֆրանսիական կառավարության կրթաթոշակի թեկնածուն ի վիճակի է ընդունվել (տե՛ս ստորեւ բերված ծանոթագրությունը**) կամ էլ արդեն ընդունվել է տվյալ ուսումնական հաստատություն։

Կրթաթոշակի թեկնածության համար փաստաթղթերը պետք է լինեն ամբողջական (հակառակ դեպքում չեն ուսումնասիրվի) եւ ներկայացվեն Ֆրանսիայի դեսպանություն։

* Ծանոթագրություն ֆրանսերեն լեզվի մակարդակի մասին

Ֆրանսիական կառավարության կրթաթոշակի համար դիմող թեկնածուները պետք է ունենան ֆրանսերենի իմացության այնպիսի մակարդակ, որ նրան թույլ տա այդ լեզվով շարադրել իր ուսումնական ծրագրերը (մոտ 10 րոպե տեւողությամբ) եւ ֆրանսերեն լեզվով պատասխանել ընդունող հանձնաժողովի անդամների հարցերին։

Այն թեկնածուները, ում լեզվական մակարդակը բավարար չէ, բայց դոսյեն հետաքրքրություն է ներկայացնում, բացառության կարգով կընտրվեն նախնական փուլով՝ պայմանով, որ մեկնելուց առաջ լրացնեն իրենց լեզվական իմացությունը։

** Ծանոթագրություն ուսումնական գծով ֆրանսիացի ղեկավարի նամակի առնչությամբ

Թեկնածուն պետք է անպայման վստահ լինի, որ իր թեկնածությունը կընդունվի ուսումնական գծով ֆրանսիացի ղեկավարի կողմից։ Եթե թեկնածուն մինչեւ Ֆրանսիա մեկնելը վերջնականապես չի ընդունվել տվյալ հաստատություն, կամ էլ տվյալ հաստատությունը տեղ չունի նրան ընդունելու՝ կրթաթոշակը չի կարող նրան հատկացվել։ Հետեւաբար, ուսումնական գծով ֆրանսիացի ղեկավարի կողմից նամակ ստանալը, որում նշվում է, որ նրա թեկնածությունը ընդունելի է, ելնում է թեկնածուի շահերից։

Օժանդակություն

Ֆրանսիական կառավարության կրթաթոշակառուները ստանում են հետեւյալ օժանդակությունը.
– Աջակցություն արտոնագիր ստանալու հարցում (անվճար վիզա)
– Ամսական նպաստ

Այս նպաստի (որը, ուսման մակարդակի համապատասխան տատանվում է ամսական 615-767 եվրո) նպատակը ուսման ընթացքում կրթաթոշակ ստացողին պատշաճ պայմաններով ապահովելն է։

– Սոցիալական ապահովագրություն

Կրթաթոշակ ստացողները կարող են օգտվել բարձր մակարդակի բժշկական ծառայությունից, ինչպես նաեւ ապահովագրված են դժբախտ պատահարի դեպքում եւ ունեն քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն։

– Բնակարանային նպաստ

Ֆրանսիական կառավարությունից կրթաթոշակ ստացողների կարգավիճակը ուսանողին թույլ է տալիս օգտվել լրացուցիչ օրենքներից, ինչպիսիք են՝ ALS (Համերաշխության բնակարանային նպաստ), ինչը կարող է գումարվել «Ընտանեկան նպաստների դրամարկղի» կողմից բոլոր ուսանողներին հատկացվող բնակարանային նպաստին։ Համերաշխության բնակարանային լրացուցիչ այս նպաստը, որ տրվում է միայն ֆրանսիական կառավարության կրթաթոշակ ստացողներին, հաճախ ամբողջությամբ ծածկում է բնակարանի վարձը։

– Ազատում ուսումնական հաստատությունում գրանցվելու ծախսերից

– Օժանդակություն ադմինիստրատիվ գործարքների եւ բնակարանի որոնման հարցում

Ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակները կառավարվում են CNOUS-ի կողմից (Համալսարանական եւ դպրոցական հաստատությունների ազգային կենտրոն)։ Ֆրանսիական կառավարության հայազգի կրթաթոշակառուները, Ֆրանսիայում գտնվելու ամբողջ ընթացքում կարող են ակնկալել CNOUS-ի օժանդակությունը, որը Ֆրանսիա գալուց ի վեր նրանց կօգնի ադմինիստրատիվ հարցերում եւ, նրա ցանկությամբ, բնակարանի որոնման հարցում՝ մասնավորապես համալսարանի հանրակացարանում։

*** Ծանոթագրություն վերապատրաստման եւ ճանապարհածախսի մասին

– Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից հատկացված կրթաթոշակը չի կարող ծածկել որոշ Մաստերների վերապատրաստման ծախսերը, ինչը պետք չէ նույնացնել գրանցման ծախսերի հետ։ Այդ ծախսերը մնում են կրթաթոշակ ստացող ուսանողի վրա։

– Ճանապարհածախսը հոգում է Ֆրանսիական կառավարության կրթաթոշակառուն։

– Ուսումը Ֆրանսիայում մատչելի է, գործում են շատ ցածր գներ, քանի որ այդ ծախսերը ծածկվում են ֆրանսիացի հարկատուների ներդրած գումարներով։ Օրինակ 3-րդ փուլի ուսանողի համար նախատեսված ծախսերը կազմում է 30.000 եվրո։ Դրան գումարվում է ձեր կրթաթոշակը, անվճար վիզան, սոցիալական ապահովագրությունը, գրանցման ծախսերը եւ այլն։ Հետեւաբար ֆրանսիական կառավարության կրթաթոշակ ստանալը լուրջ պարտավորության ստանձնում է, եւ միայն լուրջ դոսյե ներկայացրած թեկնածուները կարող են օգտվել դրանից, հաշվի առնելով Ֆրանսիայում ուսման բարձր մակարդակը եւ դրանից բխող սոցիալական առավելությունները։

Թեկնածուների ընտրությունը

Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության բաժինը կկատարի փաստաթղթերի նախնական ընտրություն եւ կկապվի ընտրված թեկնածուների հետ։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն Ֆրանսիայի դեսպանություն՝ հարցազրույցի։