Ադրբեջանն ապահովագրված է

27/08/2005

Նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ամերիկյան
տարբեր պաշտոնյաների ու հասարակական գործիչների հաճախակի այցերը Ադրբեջան,
վերլուծաբաններից շատերի կարծիքով, այդ երկրում հնարավոր հեղափոխության
նախապատրաստման նպատակ ունեն: Մյուս կողմից, սակայն, հենց ամերիկյան
ազդեցիկ փորձագետներից ոմանց կարծիքով՝ Ադրբեջանում հեղափոխության
հավանականությունը շատ փոքր է: «Ես բացառում եմ Ադրբեջանում հեղափոխության
հնարավորությունը: Ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի՝
Ադրբեջանի իշխանությունների նյութական կարողությունները շատ մեծ են, իսկ
բանակը եւ ոստիկանությունը՝ վերահսկելի: Այդ պատճառով ես չեմ հավատում, որ
Ադրբեջանում հնարավոր է հեղափոխություն»,- «Ազատություն» ռադիոկայանին
տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի
Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի հետազոտությունների գծով տնօրեն
Սվանթե Քորնելը: Իսկ ամերիկյան «էմիսարների» այցերը Բաքու, ըստ Քորնելի,
կապված են «անարդար ընտրությունների դեպքում կայունության խախտման
հնարավորությամբ»:  

Ինչ վերաբերում է ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Ադրբեջան
կատարելիք առաջիկա այցին, ապա Սվանթե Քորնելն ասել է, որ Ռամսֆելդն «արդեն
երկար ժամանակ ձգտում է հասնել Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանի
տեղակայման հարցի լուծմանը»: Ընդ որում, ամերիկացի փորձագետը վստահ է, որ
Ռամսֆելդն այս անգամ էլ իր նպատակին չի հասնելու, քանի որ Ադրբեջանը՝
Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները չփչացնելու համար, ամեն կերպ
խուսափելու է իր տարածքում ԱՄՆ ռազմակայանների ներկայությունից: