Ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծ չարիք են

02/10/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Առողջության եւ բարձր աշխատունակության պահպանման գործում վճռական նշանակություն ունի մարմնի նորմալ քաշը: Ճարպի ավելցուկը, առավել եւս՝ ճարպակալումը, նպաստում է օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների խանգարմանը, դրա հետեւանքով՝ նաեւ մի շարք հիվանդությունների առաջացմանը: Նրա բնորոշ նշաններն են ընդհանուր թուլությունը, արագ հոգնելը, սրտի շրջանի ծակոցները, ոտքերի այտուցները եւ այլն: Հաճախ փոփոխություններ են ի հայտ գալիս վեգետատիվ նյարդային համակարգում, քունը խանգարվում է, մարդը քրտնում է, նույնիսկ թեթեւակի լարումներից պուլսն արագանում է, երբեմն առաջանում են ուղեղի արյան շրջանառության խանգարման երեւույթներ եւ այլն:

Բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրա դեպքում ամենից հաճախ ախտահարվում է սիրտ-անոթային համակարգը, դժվարանում է սրտի աշխատանքը, առաջանում հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզ: Ճարպակալումը հաճախ ուղեկցվում է ստամոքսի, լեղապարկի լեղուղիների քրոնիկական բորբոքումով, շաքարախտով, երիկամների հիվանդությամբ եւ այլն: Այն նպաստում է նաեւ ներզատական ու սեռական գեղձերի ֆունկցիայի խանգարմանը: Վերջինս տղամարդկանց մոտ հաճախ արտահայտվում է սեռական պոտենցիայի թուլացմամբ, կանանց մոտ` դաշտանային ցիկլի խանգարմամբ: Ճարպակալումով տառապող մարդկանց կյանքի տեւողությունը կրճատվում է 10-12 տարով: Այս բոլորը վկայում են այն մասին, որ ճարպակալումը վտանգավոր է առողջության համար, եւ անհրաժեշտ է ակտիվորեն պայքարել դրա դեմ:

Այժմ, երբ գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ զգալիորեն կրճատվում են օրգանիզմի էներգետիկ ծախսերը, եւ գիրությունը դարձել է սոցիալական չարիք, մարմնի նորմալ քաշի պահպանումը համարվում է առաջնային խնդիր: Դրա համար յուրաքանչյուրը պետք է ինքը հետեւի իր քաշի կարգավորմանը:

Գոյություն ունեն նորմալ քաշի որոշման մի քանի եղանակներ: Սեռից, տարիքից, հասակից, կազմվածքային առանձնահատկություններից կախված` կազմված են հատուկ աղյուսակներ: Առաջարկված են նաեւ տարբեր բանաձեւեր եւ այլն: Իհարկե, ոչ մասնագետների համար ամենից մատչելին Բրոկի առաջարկած մեթոդն է: Ըստ այդ աղյուսակի՝ մինչեւ 165 սմ հասակ ունեցողների պարագայում հասակի թվից հանվում է 100, (եթե հասակը 158 է, ուրեմն քաշը պետք է լինի՝ 158-100՝ ստացվում է 58 կգ) այսինքն՝ 166-175 սմ հասակի դեպքում պետք է հանել 105, իսկ 175-ից բարձր հասակի դեպքում` 110:

Բազմաթիվ հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ այս ձեւով հաշվելիս շեղումները կազմում են ընդամենը 10 տոկոս:

Գոյություն ունի ճարպակալման 4 աստիճան: Առաջին աստիճանի ժամանակ իդեալական քաշի համեմատությամբ ավելցուկը պետք է կազմի 15-29, երկրորդի դեպքում`30-49, երրորդի դեպքում` 50-100տոկոս, չորրորդի դեպքում` անցնի 100 տոկոսից:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ ավելորդ քաշը միշտ չէ ճարպակալման հետեւանք: Երբեմն այն կապված է լինում ֆիզիկական մարզվածության շնորհիվ մկանային մասսայի ավելացման հետ, որը չի կարելի դիտել որպես ախտաբանական երեւույթ:

Ցավալի է, բայց փաստ, որ այժմ ճարպակալումով մարդկանց թիվը բավական մեծ է: Պետք է ասել, որ ճարպակալմանը նպաստող գործոնները բազմաթիվ են: Կարեւոր դեր են խաղում անհատի նյութափոխանակության, ժառանգական-կազմվածքային առանձնահատկությունները, նյարդային, ներզատական համակարգերի գործունեության խանգարումները, սեռը, տարիքը: Տարիքի հետ զուգընթաց՝ հորմոնային ակտիվությունը նվազում է, գիրացման հակումը` մեծանում: Դա կանանց մոտ ավելի է արտահայտված, քան տղամարդկանց մոտ: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ճարպակալման հիմնական պատճառը ֆիզիկական ցածր ակտիվությունն է ու առատ սնունդը: Պահեստային ճարպի ձեւով կուտակվում է ոչ միայն սննդի հետ ընդունած՝ ավելորդ, այլեւ ածխաջրերի ու մասամբ սպիտակուցների ավելցուկից առաջացած ճարպը: Ահա թե ինչու ավելորդ քաշից խուսափելու գործում վճռական նշանակություն ունի սննդի կարգավորումը. նրա էներգետիկ համարժեքը պետք է համապատասխանի օրգանիզմի էներգետիկ ծախսերին: