Դերասան Վարդան Պետրոսյանը պատրաստվում է շուտով հանդիսատեսի դատին հանձնել իր նոր մենաներկայացումը, որն ի տարբերություն իր նախորդ աշխատանքների՝ լինելու է ավելի կամերային ու հուզական, քանի որ հիմնված է լինելու նրա անձնական կյանքի ու ապրումների վրա։ Ընդ որում՝ Ֆրանսիայում ապրող Վ.Պետրոսյանն իր անձնական կյանքի դրվագները փուլ առ փուլ է բացահայտելու հայ հանդիսատեսի առջեւ եւ օգտագործելու է նաեւ իր գեղանկարչական աշխատանքները։ Մասնագիտությամբ նկարիչ Վ.Պետրոսյանը կցուցադրի իր կտավները, որոնք ստեղծվել են տարբեր տարիներին, տարբեր պետություններում։ Նոր բեմադրությունը, որն ունի «Գույներ, ճակատագրեր» պայմանական վերնագիրը, 3 փուլանի է լինելու։ Ներկայացման առաջին՝ ընթերցումային փուլն արդեն ներկայացվել է հանդիսատեսին «Նարեկացի» արվեստի կենտրոնի սրահում, որտեղ դերասանը հանդիսատեսի հետ քննարկել է իր ներկայացման կառուցվածքն ու լսել արձագանքները։ Հոկտեմբերի 20-ից սկսած բեմադրությունը խաղացվելու է փոքրաթիվ հանդիսատեսի առջեւ՝ «Փոքր թատրոնի» բեմում, այնուհետեւ՝ բեմականացված տարբերակով տեղափոխվելու է Կամերային թատրոնի բեմ։ Նման ճանապարհորդ-ներկայացում ստեղծելու ցանկությունը Վ.Պետրոսյանի մոտ ծագել է ինքնաբերաբար։ «Քաղաքական ու սոցիալական սրություն չի լինի, ուզում եմ այլ կերպ ներկայանալ հանդիսատեսին ու հասկանալ, թե որքա՞ն անկեղծ կարող եմ լինել բեմի վրա։ Կարծում եմ՝ մեզ բոլորիս հիմա հենց անկեղծությունն է պակասում»,- նկատում է նա։ Ներկայացման բեմադրիչը լինելու է հայաստանյան լավագույն ժամանակակից բեմադրիչներից մեկը՝ Նարինե Մալյանը, ով հայտնի է իր մանրակրիտ ու նուրբ աշխատանքներով։ «Ինձ համար դա շատ հետաքրքիր աշխատանքային փորձ կլինի, քանի որ նպատակ ունենք նվազագույն միջոցներով՝ առանց հատուկ լուսային ու ձայնային էֆեկտների աշխատել։ Բեմում միայն Վարդանը, նրա կիթառն ու նկարներն են լինելու»,- ասաց նա։ «Մերկ» դերասանը «մերկ» բեմում հիշելու է իր մանկությունը, դպրոցական ու պատանեկան տարիները, փարիզյան առաջին դերասանական փորձերը, որոնցից անբաժան են փարիզյան մետրոյում երգելն ու այդ ճանապարհով գումար վաստակելը։ Ներկայացման ընթացքում հնչելու են երգեր, իսկ ներկայացման կառուցվածքը ֆիլմի նման է լինելու (Ն.Մալյանի գրեթե բոլոր ներկայացումները կինո են հիշեցնում)։ Հայաստանից հեռու գտնվող մարդիկ սովորաբար առավել զգայուն ու սենտիմենտալ են դառնում, եւ նման սենտիմենտալությունից զերծ չէ նաեւ շնորհալի դերասան Վարդան Պետրոսյանը, ով հիմա ներքուստ էմոցիոնալ խոստովանանք-ներկայացման պահանջ է զգում։ Նա պատրաստ է ներկայանալ ոչ թե որպես դիմակ հագած դերասան, այլ որպես Վարդան Պետրոսյան, որը բազմաթիվ դիմակների տակից գտել է իր դեմքը։ Նման անկեղծ, սակայն միաժամանակ՝ խոցելի վիճակը նրա նոր բեմադրության հիմքն են։