«Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրությունները»,- կիրակի օրը «Ֆրանսպրեսին» ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու: Սակայն երեկ արտասահմանյան ԶԼՄ-ները բազմաթիվ տեղեկություններ են հրապարակել այդ հանդիպման վերաբերյալ: Նույն «Ֆրանսպրեսը»` հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացրել է, որ երկու արձանագրությունները ստորագրելու են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն: Արարողությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը: Իսկ ըստ շվեյցարական «Neue Zurcher Zeitung» թերթի՝ հնարավոր է, որ ստորագրման արարողությանը մասնակցի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով նախօրեին հայտարարել է, թե պետք է վերջ դնել ԼՂ-ի հարցում առկա ստատուս-քվոյին: «ԱՄՆ-ի վարչակազմը անընդունելի է համարում ստատուս-քվոն հայ-ադրբեջանական հակամարտությունում»,- Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ասել է Քլինթոնը: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դրական է գնահատում հայ-թուրքական մերձեցումը, եւ, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար: ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջին մի քանի օրերին հնչած հայտարարությունների շարքը կարելի է շարունակել: Խնդիրն այն է, սակայն, որ դրանք հնչել են ամենեւին ոչ հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, եւ մեղմ ասած` հայանպաստ զարգացումների մասին չեն վկայում: Իրականում դրանցում որեւէ նոր բան չկա. պարզապես այդ հայտարարությունները վկայում են, որ այս երկու խնդիրներով շահագրգիռ գերտերություններն ու կազմակերպությունները ոչ միայն վերջնական որոշում են կայացրել, այլեւ ցանկանում են գործընթացները հասցնել վերջնական փուլին: Եվ մինչ Էրդողանը հայտարարում է արձանագրությունների ստորագրման ամսաթիվը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ երեկ «բանակցային գործընթացի համար կարեւորագույն այս պահին երկու կողմերին կոչ են արել իրենց հրապարակային հայտարարություններում կառուցողականություն ցուցաբերել»: Իսկ ինչպե՞ս է այս ամենին արձագանքում հայկական կողմը: Ըստ էության` լռությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Էրդողանի հայտարարությունը` հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրելու վերաբերյալ: «Երբ որ գործընթացի հաջորդ փուլերի վերաբերյալ հստակություն լինի, ապա մենք դրա մասին կտեղեկացնենք»,- այսպես էլ Էրդողանի հայտարարությանը արձագանքել է նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Հետաքրքիր է միայն, եթե հայ-թուրքական արձանագրությունները կամ ԼՂ հարցի կարգավորման բանակցությունների ընթացքը այդքան դրական են Հայաստանի համար, ինչպես ներկայացնում են իշխանական քարոզչամիջոցները, ինչո՞ւ են լռում իրենք` իշխանությունները: