Եվս մեկ եզրակացություն

28/09/2009

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով նաեւ «Մարտի 1-ի» խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ էր, երեկ ներկայացրել է իր այլընտրանքային զեկույցը: Ա. Կարապետյանը պարզել է, որ «Մարտի 1-ի առավոտյան իրագործված օպերացիան Ազատության հրապարակում՝ առանց քաղաքապետարանի թույլտվության անցկացվող խաղաղ ցույցի բռնի ուժով ցրումն իշխանությունները նախապես ծրագրած են եղել: Իրականում ոչ մի ցուցարար ընդհանրապես ռազմամթերք եւ հրազեն չի ունեցել, իսկ դրանց առգրավումը ուղղակի վատ կազմակերպված շոու էր»: Նրա համոզմամբ, մարտիմեկյան դեպքերի ժամանակ «Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, ոչ համաչափ»: Ի դեպ, Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է, որ Ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ:

Ա. Կարապետյանի ասելով` հանձնաժողովում աշխատելու ընթացքում ծանոթանալով նյութերին, ինքը եկել է այն եզրակացության, որ «ցուցարարները հրազեն չեն կիրառել եւ որեւէ մի ապացույց առայսօր ձեռք չի բերվել, որ ցուցարարներից կոնկրետ որեւէ մեկը նռնակ է նետել կամ հրազենից կրակել է ոստիկանների ուղղությամբ: Որեւէ մեկ քրեական գործով չկա կասկածյալ կամ մեղադրվող անձ ցուցարարներից, որին նման մեղադրանք է ներկայացվել»:

Ավելին, ըստ ՆԺԿ նախագահի` մեկուկես տարի անընդմեջ իրենք աշխատել են, փաստեր են բերել, պաշտոնյաներ են կանչել հանձնաժողով հարցաքննության, քաղաքական ուժերը ներկայացնող բոլոր անդամների կողմից շահագրգռվածություն է եղել ճշմարտությունն իմանալու, սակայն եզրակացության մեջ բոլորովին այլ պատկեր է ներկայացվել. «Բայց եկավ վերջին օրը, բերեցին ինչ-որ եզրակացություն, եւ պարզվեց, որ ամեն ինչ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա: Իմ կարծիքով, մարտյան իրադարձությունների վերաբերյալ ներկայացրած այդ զեկույցը գրվել է նախագահականում»,- ասել է ՆԺԿ նախագահը:

Նա նաեւ եկել է այն եզրահանգման, որ այդ օրը Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում տեղի ունեցած բախումների իրական հրահրողները եղել են պրովոկատորները եւ Ոստիկանության որոշ աշխատակիցները, այլ ոչ թե ցուցարարները: Ըստ Ա. Կարապետյանի` Ոստիկանությունը, հավանաբար, մտածել է, որ «ինչպես 2004թ. ապրիլի 12-ին, այնպես էլ այս անգամ հատուկ միջոցների` ջրցան մեքենաների, փշալարերի կիրառման օգնությամբ վախ կսերմանի ցուցարարների շարքերում, եւ նրանք կցրվեն: Սակայն ցուցարարները մի քանի ժամ դիմադրեցին Ոստիկանությանը: Եվ երբ իշխանությունները հասկացան, որ անհնար է նման մեթոդներով կանգնեցնել ժողովրդական ալիքը, այդ ժամանակ նրանք որոշում են կայացրել հրազեն կիրառել»: