Դիմել եմ բուհերին

28/09/2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ նամակով դիմել է Երեւանում գործող 17 պետական, միջպետական բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատությունների ղեկավարներին` խնդրելով նրանց մինչեւ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել հանդիպում բուհի ուսանողության հետ, որտեղ իրենք եւ մյուս շահագրգիռ քաղաքական ուժերը բանավեճի ու քննարկումների ձեւաչափով իրենց դիրքորոշումը կներկայացնեն ուսանողությանը եւ կպատասխանեն նրանց հուզող հարցերին` կապված հայ-թուրքական նախաստորագրված երկու արձանագրությունների հետ: «Մենք գրավոր պատասխանի տեսքով ակնկալում ենք հանդիպման վայրի, օրվա եւ ժամի վերաբերյալ Ձեր առաջարկությունը»,- ասված է նամակում: Հիշեցնենք, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հեռուստառադիոբանավեճեր կազմակերպելու առաջարկով «Ժառանգությունը» սեպտեմբերի 24-ին դիմել էր նաեւ «Հ1» հեռուստաընկերությանն ու Հանրային ռադիոյին: Սակայն այդ առաջարկի կապակցությամբ դեռեւս պատասխան չեն ստացել հիշյալ հեռուստա- եւ ռադիոընկերությունների ղեկավարությունից: