Թուրքիայի վարչապետը հանդիպել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Ելույթ ունենալով Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում` Ռեջեփ Թայիբ Էրդողանը հավաքվածներին համառոտ ներկայացրել է ԱՄՆ-ում ընթացող իր բանակցությունների արդյունքների մասին: Ըստ «Անադոլու» գործակալության` Էրդողանը, խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս կայացած գագաթաժողովի մասին, ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային զենքի տարածման կանխարգելման մեթոդները: «Հույս ունենք, որ աշխարհը ապահովված կլինի միջուկային զենքի սպառնալիքներից: Այդ նպատակին հասնելու համար հինգ երկրները` ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկեն»,- նշել է Էրդողանը: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, նա հայտարարել է, որ Թուրքիան իր կամքն է հայտնել բարելավել ՀՀ-ի հետ հարաբերությունները: «Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի լուծում ձեռք բերենք, որը շահավետ կլինի Թուրքիայի համար, բայց որը նաեւ չի վնասի Ադրբեջանին: Մենք այլընտրանքի մասին չենք կարող մտածել»,- ասել է Էրդողանը: Միեւնույն ժամանակ Associated Press-ը մեջբերում է Թուրքիայի վարչապետի խոսքը, համաձայն որի` արդեն իսկ որոշվել է հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման օրը: Ըստ նրա` դա տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: