Նիժնի Նովգորոդի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ սեպտեմբերի 16-ից միացել են ՀՅԴ-ի կազմակերպած ստորագրահավաքին, որի նպատակն է փոփոխություններ մտցնել հայ-թուրքական արձանագրություններում:
Ստորագրահավաքի կազմակերպման նախաձեռնությունը «Կամուրջ» վերլուծական-տեղեկատվական ալմանախինն է, որը հրատարակվում է քաղաքում: Ինչպես հայտնել է ալմանախի գլխավոր խմբագիր Լիանա Պողոսյանը, այսօրվա դրությամբ հավաքվել է շուրջ 500 ստորագրություն: Նիժնի Նովգորոդում անցկացվող ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 9-ը, ինչից հետո ստորագրված թղթերն ուղարկվելու են Հայաստան: Լ. Պողոսյանի հավաստմամբ` ստորագրածներից շատերը ասել են, որ եթե իրենք Հայաստանում գտնվեին, ապա կմիանային ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիային ու հացադուլին մասնակցող դաշնակցականներին: Իսկ Երեւանում` Հանրապետության հրապարակում շարունակվում է ստորագրահավաքն ու հացադուլը: Երեկվա հացադուլավորների (թվով մոտ 15-20 հոգի) մեծ մասը Գեղարքունիքի մարզից էին, մի քանիսն էլ՝ Երեւանից: Մեզ հետ զրույցում նրանք ասում էին, որ Դաշնակցության սփյուռքի ու Հայաստանի կառույցների շարքերում տարակարծություններ չկան: «Երեկվանից այս հարցով մեզ են միացել նաեւ հնչակներն ու ռամկավարները. Լոս Անջելեսում նրանք մեզ հետ միասին բազմահազարանոց միտինգ են արել: Նրանք արդեն պահանջում են մեր նախագահի հրաժարականը»,- ասում էր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Դրո» կոմիտեի խմբապետ Նորիկ Գեւորգյանը: Մեր այն հարցին, թե ինքը չէ՞ր ցանկանա, որ ՀՅԴ Հայաստանի կառույցն էլ պահանջեր նախագահի հրաժարականը, Ն. Գեւորգյանը պատասխանեց, թե իրենք դեռ հույս ունեն, որ Ս. Սարգսյանը կընդունի Դաշնակցության առաջարկները: «Մենք մեր ակցիան շարունակելով դեռ սպասում ենք, որ կարող է պատահի` մեր նախագահը խելոք լինի եւ մեր առաջարկությունները ընդունի: Եթե չընդունի, մենք այլ քայլերի կդիմենք: Դա արդեն Գերագույն մարմինն ու Բյուրոն կորոշեն,- ասաց Ն. Գեւորգյանը` հավելելով,- Համ էլ ժողովուրդը դեռ անտեղյակ է, թե ինչ են ստորագրել մեր արտաքին գործերի նախարարուհին եւ նախագահը. մեր ակցիան նաեւ տեղեկացնելու նպատակ ունի»: Մեր զրուցակիցների ասելով` Դաշնակցության Հայաստանի կառույցի ներսում ու նաեւ սփյուռքի ու Հայաստանի դաշնակցականների շարքերում հակասություններ չկան: «Մեզ մոտ բոլորս էլ հավասար ենք, վերեւ ներքեւ Դաշնակցության մեջ գոյություն չունի»,- ասում էին նրանք: Այն հարցին, թե նախագահի համահայկական ուղեւորությունը սփյուռքահայերի շրջանում ինչ-որ բան կարո՞ղ է փոխել, դաշնակցականներից մեկը պատասխանեց. «Ավելի շուտ նախագահը կհամոզվի, որ գա ու մեր առաջարկներն ընդունի»: «Նախագահը արտգործնախարարի վատ աշխատանքի արդյունքում է, որ հայտնվել է այս վիճակում: Նախագահը փորձագիտական մակարդակով կարող է նաեւ չտիրապետել որոշ նրբությունների, եւ արտգործնախարարը պետք այնպես ձեւակերպեր այդ արձանագրությունները, որ թաքնված ականներ չլինեին»,- սա էլ Գեղարքունիքի մարզային կոմիտեի նախագահ Արտակ Վարդանյանի կարծիքն էր: Նա նաեւ հույս ունի, թե ՀՀ ԱԺ-ն կարող է չվավերացնել արձանագրությունները: «Մենք հույս ունենք, որ մեր ԱԺ-ում էլ կլինեն մարդիկ, վերջում հայկական գենը իրենց մեջ կխոսի, եւ կարող է նաեւ փակ գաղտնի քվեարկության ժամանակ այն, ինչ մտածում է ՀՀ նախագահը կամ ԱԳՆ-ն, այդ արդյունքը չլինի»,- նշեց Ա. Վարդանյանը: «Սա դավաճան փաստաթուղթ է, ոչ մի հայ իրավունք չունի այս փաստաթուղթը ստորագրելու»,- ասում է հացադուլավոր Հակոբ Դաշյանը: Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի արձանագրությունների չվավերացմանը հասնել ՀԱԿ-ի կամ գոնե «Ժառանգության» հետ համատեղ պայքարի միջոցով: «ՀԱԿ-ը միայն իրա շահերի, այսինքն` իշխանության հասնելու համար է պայքարում, մենք ամբողջ հայ ժողովրդի շահի համար ենք այս հարցերը առաջ քաշում»,- ասում է Հ. Դաշյանը: «Մենք ՀԱԿ-ի հետ չենք կարող համագործակցել, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանն էլ իր իշխանության տարիներին հայտարարում էր, որ ցեղասպանությունը պետք է թողնել պատմաբաններին եւ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», լավ կլիներ, որ տարբեր քաղաքական կուսակցություններ միանային մեր ակցիային, քանի որ սա համազգային խնդիր է»,- ասում է Կարեն Հակոբյանը: «Համ էլ, եթե ռեալ նայենք, եթե Սերժը հրաժարական տա, ով ա գալու իրանից հետո, Լեւոնը չի գալու: Իրանց մեջ ի՞նչ տարբերություն»,- վրա բերեց մեկ այլ հացադուլավոր: Մենք հիշեցրինք, որ Լ. Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու, եթե Ս. Սարգսյանը հրաժարական տա: «Մեկ է, իրենցից մեկն է գալու»,- ասացին հացադուլավորները: Իսկ արդյոք նախագահի հրաժարական պահանջելուն կամ ավելի վճռական գործողությունների դիմելուն չի՞ խանգարում այն, որ Դաշնակցության ԳՄ-ի ու Բյուրոյի շատ անդամներ զանազան բիզնեսներով կապված են իշխանության հետ: Մեր այս հարցին պատասխանելիս հացադուլավորները նշեցին, թե դաշնակցականներին ոչ ոք ոչ մի բանով չի կարող «կապել»: «ԳՄ-ի 15 անդամներից կարող է մեկը միայն ինչ-որ բիզնես ունենա, իսկ էն 14-ը բիզնես չունեն, ոչ մի ձեւով էլ էդ քո ասած իշխանությունների հետ կապ չունեն»,- վստահ է հացադուլավոր Վրույր Մալխասյանը: