Հերթական «Մարտի 3»-ին սպասելիս

28/09/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այն, ինչ կատարվում է արտարժույթի շուկայում, կարելի է անվանել մեկ բառով՝ «դեժավյու»։ Հետեւելով իրադարձություններին՝ մի պահ կարող է թվալ, թե վերապրում ենք այս տարվա ապրիլ ամիսը։ Ավելի կոնկրետ՝ ապրիլի սկզբից մինչեւ մարտի 2-ը։ Իսկ մարտի 3-ին, ինչպես հիշում եք, դրամը «պայթեց»։

Տարբերությունն այն է, որ եթե մինչեւ մարտի մեկն ընկած ժամանակահատվածը Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը պահում էր կայուն 305 դրամի նիշի վրա, ապա այժմ այն դանդաղ, բայց սահուն կերպով աճում է։ Մեկուկես ամսվա ընթացքում դոլարի գինը աճել է 15 դրամով՝ հասնելով 385-ի։ Տարբերություն կա նաեւ ԿԲ ղեկավարության կեցվածքի առումով։ Եթե նախկինում ԿԲ-ն հավաստիացնում էր, որ ֆինանսական շուկան կայուն է, ավելին՝ հորդորում էին խնայողությունները պահել դրամով, ապա այժմ կատարյալ լռություն է պահպանում, ինչն, ի դեպ, ավելի է մեծացնում անորոշությունը եւ խուճապը։

Իսկ անորոշ եւ խուճապային վիճակը նախամարտիմեկյան ժամանակահատվածի եւ այսօրվա գլխավոր նմանությունն է։ Մարդիկ նորից սպասողական վիճակի մեջ են. սպասում են դրամի հերթական արժեզրկմանը՝ հերթական մարտի 3-ին։ Առեւտրային բանկերն, իրենց հերթին՝ իրենց գործողություններով սրում են այդ սպասելիքները։ Օրինակ, բանկերի մեծ մասը սպառողական վարկերը ամբողջությամբ կամ մասնակի կերպով տրամադրում է արտարժույթով։ Արդյունքում, մարդիկ արդարացիորեն մտածում են, որ բանկերն իրենց ապահովագրում են դրամի արժեզրկումից։

Կրակի վրա յուղ է լցնում Կենտրոնական բանկը՝ իր ինտերվենցիաներով՝ մեծ ծավալներով դոլար վաճառելով։ Օրինակ, սեպտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն բորսայում վաճառել է 17.8 միլիոն դոլար, իսկ սեպտեմբերի 22-25-ն ընկած ժամանակահատվածում՝ 18.59 միլիոն։ Ստացվում է՝ ԿԲ-ն 11 օրում վաճառել է շատ մեծ քանակի՝ 36.4 միլիոն դոլար։ Վաճառել է, որպեսզի թույլ չտա փոխարժեքի կտրուկ տատանում։ Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, հենց այդ նույն ժամանակահատվածում դոլարն ավելի քան 10 դրամով թանկացել է։

Եվ քանի որ այդ ամենը տեղի է ունենում թափանցիկ եղանակով, բնական է, որ ԶԼՄ-ներն այդ մասին խոսում են։ Բնական է նաեւ, որ այդ մասին խոսում են հիմնականում տպագիր ԶԼՄ-ները, քանի որ հեռուստաընկերությունները լծված են միայն հաճելի լուրեր հաղորդելու գործին։ Իշխանություններն էլ, իրենց հերթին, խուճապային տրամադրությունների առաջացման համար մեղադրում են ԶԼՄ-ներին։ Լրագրողներն, իհարկե, ուղղակիորեն չեն կարող ազդել Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի գործունեության վրա, սակայն նրանք ազդում են ֆինանսական շուկայի վրա։ Պարզ ասած՝ տեղի է ունենում հետեւյալը. թերթը, ինչ-ինչ գործոններ հիմք ընդունելով, գրում է, որ դրամն արժեզրկվելու է։ Ընթերցողը կարդում է, եւ եթե հավատում է այդ թերթին՝ ապա աշխատում է իր մոտ եղած դրամը շտապ փոխարկել արտարժույթի։ Միաժամանակ, վերահաս վտանգի մասին տեղյակ է պահում իր հարազատներին, ընկերներին, ծանոթներին։ Նրանք էլ՝ իրենց շրջապատին։ Ստեղծվում է մի մեծ բանակ, որը հանրապետությունով մեկ գրոհում է բանկերի ու արտարժույթի փոխանակման կետերի վրա՝ մեծացնելով դոլարի նկատմամբ պահանջարկը։ Բանկերն իրենց հերթին սկսում են դոլարի պահանջարկ ներկայացնել, որը Կենտրոնական բանկը ստիպված է բավարարել՝ դոլար վաճառելով։ Եթե չվաճառի՝ դոլարի գինը սրընթաց կաճի, եւ այս պրոցեսը ձնագնդի էֆեկտով կմեծանա՝ փլուզելով ֆինանսական համակարգը։ Ստացվում է՝ թերթերը արհեստականորեն սրում են վիճակը, ԿԲ-ն էլ ստիպված պատասխան քայլեր է ձեռնարկում՝ նոր քննադատությունների տեղիք տալով։

Այս ամենի մեջ, իհարկե, ճշմարտության տարր կա։ Չնայած, եթե մի քանի թերթեր՝ մի քանի հազար տպաքանակով, կարող են խախտել ֆինանսական կայունությունը, այն դեպքում, երբ իշխանության տրամադրության տակ են բոլոր հեռուստաընկերությունները, սա արդեն խոսում է իրական վտանգի մասին։ Սա նշանակում է, որ մամուլը փոխարժեքի շուկայի վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան Կենտրոնական բանկը, եւ ընդհանրապես՝ ողջ իշխանական համակարգը։ Ու հենց այս տրամաբանությունից ելնելով, կարելի է ասել, որ ԿԲ-ն կոմպետենտ չէ։ Սակայն դա էլ միանշանակ չէ։ Խնդիրը ոչ թե ԿԲ-ի կամ ԶԼՄ-ների կամ առանձին անձանց գործունեության մեջ է, այլ շատ ավելի խորքային։ Իրականում, դրամի կտրուկ արժեզրկման ոչ մի լուրջ պատճառ չկա։ Մարտի 3-ին ձեւավորված փոխարժեքը կարծես համապատասխանում էր շուկայականին, եւ դրանից շատ մեծ շեղում դժվար թե լինի։ Իհարկե՝ նվազել են արտահանման ծավալները եւ դրսից ստացվող մասնավոր տրանսֆերտները, հետեւաբար նաեւ՝ Հայաստան մտնող արտարժույթի ծավալները։ Սակայն, մյուս կողմից, նվազել է նաեւ ներմուծումը, այսինքն՝ Հայաստանից հիմա ավելի քիչ արտարժույթ է դուրս գնում, քան մեկ տարի առաջ։ Պետք չէ մոռանալ նաեւ ավելի քան 1 միլիարդ դոլարի ներգրավված վարկերի մասին։ Իհարկե, հանրապետություն մտնող եւ այստեղից դուրս եկող արտարժույթի հարաբերակցությունն ի օգուտ մեզ չէ, սակայն այն աստիճանի ողբերգական էլ չէ, որ հանգեցնի դրամի հերթական պայթյունին։

Այդ պայթյունին կարող է հանգեցնել միայն համընդհանուր խուճապը։ Իսկ խուճապի համար ոչ ԿԲ-ի շարքային մասնագետներն են մեղավոր, ոչ բանկերը, ոչ էլ առավելեւս՝ թերթերը։ Խնդիրն այն է, որ հասարակության մեջ կա տոտալ անվստահության մթնոլորտ իշխանությունների, նրանց քայլերի եւ խոսքերի նկատմամբ, որը տարածվում է նաեւ ԿԲ-ի վրա։ Իսկ անվստահության մթնոլորտում չես կարող մարդկանց ստիպել հավատալ «ռեալ» հայկական դրամին, առավելեւս` վիրտուալ Հայկական աշխարհին։ Այդ ամենի համար հարկավոր է շատ ավելին, քան եռագույնով պատկերված կաթի շշերով հեռուստատեսային գովազդը։

Հ.Գ. Երբ արդեն պատրաստ էր այս հրապարակումը, երեկ ԿԲ-ն տարածեց հերթական հաղորդագրությունը` Ֆոնդային բորսայում իրականացված գործարքների վերաբերյալ: Ըստ այդմ, երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 6 մլն 650 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 385.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.58 դրամ: Ինչպես ասում են, այն, ինչ պահանջվում էր ապացուցել։