Ինչպես հայտնի է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ սփյուռքի գաղթօջախների կարծիքը լսելու նպատակով հոկտեմբերի 1-ից մեկնարկում է նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը: Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն «Ազատությանն» այս կապակցությամբ ասել է, թե նախագահի այցը շատ կարեւոր է, քանի որ սփյուռքում կարծիքները տարբեր են, հնչեցվել են մտահոգություններ. «Միշտ էլ ասել ենք, որ սփյուռքահայությունը շատ կարեւոր դեր է տանում Հայաստանի կյանքում: Կարեւոր եմ համարում նախագահի այս քայլը, որպեսզի սփյուռքահայությունը զգա, որ սա իրենց հայրենիքն է, եւ մենք կարեւոր դեր ունենք այստեղ»,- ասել է Ա. Վարդանյանը: «Նպատակը այն է, որ ինքը լսի կարծիքները, բացատրի Հայաստանի կառավարության դիրքորոշումը: Ես հուսով եմ, որ սփյուռքահայությունը կկարողանա մի քիչ ավելի լավ պատկերացնել, որովհետեւ կան տարբեր կարծիքներ: Մտահոգություններ կան եւ հնչեցվել են թե՛ ինտերնետով, թե՛ թերթերում, թե՛ ցույցերի ժամանակ, ու մարդիկ կարիք ունեն ավելի լավ պատկերացնել»,- հավելել է նա: