Ի՞նչը չի լինի, եթե շաքարամանից երկու կտոր շաքար չպակասի

28/09/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պտույտը Սփյուռքի գաղթօջախներով, որպես նախաձեռնություն` հետաքրքիր է: Պարզապես, այդ այցելության համար ընտրված (նկատենք` ինչ-որ իմաստով ուշացած) ժամանակը եւ սփյուռքահայերի հետ զրույցի թեման արդեն ցույց են տալիս Սփյուռքի տրամադրությունների լրջությունը:

Հայկական գաղթօջախների մեր հայրենակիցների կարծիքը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին հնարավոր էր իմանալ` առանց մեկշաբաթյա ուղեւորության համար բյուջեից այդքան ծախս անելու: Այլ է խնդիրը, եթե տեղում սփյուռքահայերի ականջին այնպիսի բան պետք է ասվի, ինչը կարող է այս արձանագրությունների հանդեպ մարտական տրամադրված սփյուռքահայերին հակել դեպի ավելի մեղմ դիրքորոշում: Սակայն խնդիրն այն է, որ սփյուռքահայերի ականջին շշնջալու բան չկա: ՀՀ նախագահը Սփյուռքի հայերին եւ, առհասարակ, հայ ժողովրդին կարող էր տրամադրել` այդքան ծանր չտանել արձանագրությունների ստորագրումը` չհեռանալով անգամ իր աշխատասենյակից: Նա կարող էր, իսկ այս դեպքում, նաեւ պարտավոր էր հեռուստատեսությամբ դիմել ողջ ժողովրդին, համայն հայությանը եւ ներկայացնել այն առավելությունները, որոնք կտա այս արձանագրությունների ստորագրումը: Եվ նաեւ` հնարավոր ռիսկերը: Համարել, թե կուսակցությունների ղեկավարների կամ, օրինակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն արդեն հստակորեն շարադրել եւ ներկայացրել է իր ասելիքը, որոնք կարելի է ընդունել որպես բազում մտավախությունների պատասխան, այդպես չէ: Իշխանությունների կողմից բերված հիմնավորումներն այնքան էլ հասկանալի չեն, հակառակ դեպքում գրեթե ամեն կողմից չէր հնչի քննադատություն` հայտնի մտավախություններով:

Այդ դեպքում, ո՞րն է հայկական գաղթօջախներ մեկնելու իրական նպատակը: Գուցե Սփյուռքի, մեր ավանդական կուսակցությունների խիստ բացասական կարծիքը Սերժ Սարգսյանը նախատեսում է օգտագործել` այս արձանագրությունները չստորագրելու համա՞ր: Դժվար թե, քանի որ արդեն Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին, իսկ երկու երկրների խորհրդարանների քննարկմանը ներկայացվելու են արդեն հոկտեմբերի 11-ին: Քանի որ սփյուռքահայերի վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ որեւէ ձեւով չի կարող խոչընդոտել արձանագրությունների ստորագրմանը, ենթադրում ենք, որ ՀՀ նախագահի այս ճամփորդությունը բարոյահոգեբանական սպեղանի կլինի Սփյուռքի համար: Այն առումով, թե Հայաստանի իշխանությունների համար խիստ էական է Սփյուռքի կարծիքը: Որ հարուստ եւ ազդեցիկ Սփյուռքը Հայաստանի իշխանությունները չեն ընկալում բացառապես որպես լոբբի եւ եկամտի աղբյուր:

Մինչ օրս քննարկվում է, թե ինչ է լինելու այս` արդեն նախաստորագրված արձանագրությունների ստորագրումից հետո: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ ՀՀ նախագահը (ինչը նրա պարագայում գտնվող մեկի համար գրեթե անհնար է) հանկարծ հանդգնի չստորագրել այս արձանագրությունները: Արժե նկատել, որ արձանագրությունները ստորագրելու են ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներն, այլ արտգործնախարարները, ինչը դաշնակցականներին հնարավորություն կտա այսուհետ եւս կենտրոնանալ հենց ՀՀ արտգործնախարարի հրաժարականի վրա:

Եթե Սերժ Սարգսյանը չստորագրի արձանագրությունները, Սփյուռքի համար նա կդառնա հերոս, իսկ Հայաստանում, անգամ ծայրահեղ ընդդիմության ներկայացուցիչները երկար ժամանակով կմոռանան, որ իշխանությունները, այնուամենայնիվ, լեգիտիմության խնդիրներ ունեն: Այդպիսով կտրուկ կբարձրանա նրա վարկանիշը` զգալիորեն թուլացնելով ընդդիմության հնարավորությունները: Սակայն միջազգային վարկանիշը Սերժ Սարգսյանը երբեք չի ստորադասել ՀՀ քաղաքացիների եւ Սփյուռքի մեր հայրենակիցների վերաբերմունքին իր նկատմամբ, հետեւաբար՝ այս արձանագրություններն, ինչպես արդեն ասել է Էրդողանը, կստորագրվեն:

Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեր իշխանությունների համար չի ընկալվում որպես նախապես լավ ծրագրված, երկարատեւ մի ծրագիր: Հակառակ դեպքում ՀՀ նախագահը ոչ թե արձանագրությունների ստորագրումը կներկայացներ որպես ինչ-որ մի օր, ինչ-որ կետից խնդիրը տեղաշարժելու անհրաժեշտություն, այլ կբացատրեր, թե ինչու ճիշտ չեն մեր պատմաբանները` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը, պատմաբան Արմեն Այվազյանը, մյուսները: Հայաստանի քաղաքականությունը համարվում է կապիտուլյանտական, նշվում, որ Հայաստանն այլեւս չի փորձում պաշտպանվել վտանգներից, այդ թվում` ցեղասպանության ժխտումից, եւ որ հայ ժողովուրդը կանգնած է լինել-չլինելու առաջ: Պատմաբանները նշում են նաեւ, որ այս արձանագրություններում կա ոչ միայն Արցախի խնդիրը, այլեւ Կարսի պայմանագիրն ու Լոզանի դաշնագիրը, որը համարվում էր «Հայ դատի գերեզմանափոր»:

Այն, որ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում հասարակության մեծ մասը` գիտակցաբար, որոշ շերտեր` ենթագիտակցական մակարդակում, դեմ են այս արձանագրությունների ստորագրմանը, վկայում է այն մասին, որ հոկտեմբերի 10-ից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ կսրվի: Դրան կնպաստի ՀՀ ԱԺ-ի հավանությունը ստորագրված ու իր դատին ներկայացված արձանագրություններին (իսկ դա այդպես էլ կլինի): Ստեղծված լարված մթնոլորտն ավելի կշիկացնի Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնելը: Իսկ այն, որ նա կմեկնի, այլեւս քննարկման ենթակա չէ: Թող մենք սխալվենք, սակայն, կարծում ենք, գույներն ավելի կմռայլվեն, երբ հայ ֆուտբոլիստները Թուրքիայում խաղան այնպես, ինչպես Հայաստանում: Բողոքի զանգվածային ալիքը, արձանագրությունը ստորագրելուց հետո ընդդիմության շարքերի խտացումը, համազգային դժգոհությունը` ուղղված երկրի նախագահի դեմ, անհամեմատ կավելանա եւ կունենա գործնական շարունակություն` ընդդիմության հանրահավաքներն այլեւս չեն ընկալվի որպես զուտ «ավազակապետությունից» օր առաջ ազատվելու եւ Տեր-Պետրոսյանի` իշխանության գալու միջոց: Այդ դժգոհությունը` սնվելով նաեւ Սփյուռքից, կստանա համաժողովրդական բողոքի վիճակ: Եվ, չի բացառվում, որ այս անգամ ունենանք այն կրիտիկական զանգվածը, բողոքող մարդկանց այն թիվը, որը բավարար է իշխանությունից կամավոր հրաժարվելուն տրամադրվելու համար: