«Հեռանկարի» առաջին քայլը

28/09/2009

Նոյեմբերի 8-16-ը Չինաստանում կայանալիք աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցելու է նաեւ հայ դպրոցականների թիմը: Այս օլիմպիադային մեր թիմի մասնակցությունը նախորդներից տարբեր է լինելու: Երեխաները եւ նրանց մարզիչներն առաջին անգամ աջակցություն են ստացել մասնավոր հատվածի կողմից: Մոտ մեկ ամիս առաջ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի նախաձեռնած «Հեռանկար» ծրագիրը երեկ արեց առաջին քայլը` ֆինանսապես աջակցելով պատանիների թիմին: 14-18 տարեկան դպրոցականների այս օլիմպիադայի նպատակն է տաղանդավոր, օժտված երիտասարդների հայտնաբերումը, երիտասարդների մոտ դեպի աստղագիտությունը հետաքրքրություն զարգացնելը, ինչպես նաեւ աստղագիտության ու ֆիզիկայի դպրոցական կրթության ոլորտում միջազգային կապերի ամրապնդումը: Օլիմպիադայի կարեւոր մասն է ինտելեկտուալ մրցույթը: Այն բաղկացած է երեք փուլից` տեսական, գործնական եւ դիտողական, որոնց ժամանակ առաջարկվում են տարբեր տեսակի խնդիրներ աստղագիտությունից, աստղաֆիզիկայից եւ երկնային մեխանիկայից:

Հայ դպրոցականները մշտապես մասնակցել են տարբեր առարկաներից միջազգային օլիմպիադաների` երբեմն հասնելով լուրջ հաջողությունների: Ընդհանրապես դպրոցական միջազգային օլիմպիադաները համարվում են կարեւորագույն ստուգատեսներ: Դրանք ուղղակիորեն կապվում են երկրի վարկի ու հեղինակության հետ: Ըստ մասնագետների, այժմ այնքան են բարդացել միջազգային օլիմպիադաներում առաջադրանքները, որ հաջող են հանդես գալիս միայն բացառիկ օժտված դպրոցականները: Հաջողությունը խոսում է նաեւ տվյալ երկրում գիտության եւ կրթության զարգացվածության մակարդակի մասին: Այս օլիմպիադային մասնակցելու է երկու տասնյակից ավելի երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Բրազիլիան, Բուլղարիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իտալիան, Կորեան, Ռումինիան, Շվեդիան, Սերբիան եւ այլն: Մեր թիմը մշտապես ստացել է պետական աջակցություն, որը, բնականաբար, երբեք բավարար չի եղել:

«Քանի որ ժամկետները սեղմ են, մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ, մենք որոշեցինք հարցն անհապաղ ներկայացնել Գագիկ Ծառուկյանին: Նա ընդունեց խնդրի կարեւորությունը եւ որոշում կայացրեց ցուցաբերել անհրաժեշտ ֆինանսական աջակցություն: Հաջորդ հարցն այն էր, թե ինչ սկզբունքով պետք է դա անել, որ խնդիրները պետք է լուծվեն առաջին հերթին: Ի վերջո, մենք որոշեցինք գնալ հետեւյալ ճանապարհով. Օլիմպիադա մեկնող թիմը կարիք ունի լուրջ նախապատրաստման, եւ այն մասնագետները, որոնք աշխատում են թիմի հետ, պետք է պատշաճ կերպով վարձատրվեն: Նրանք կատարում են շատ պատասխանատու աշխատանք եւ արժանի են համապատասխան վերաբերմունքի: Հաջորդը. մենք գումարներ ենք հատկացնում այդ դպրոցականների ծնողներին` իրենց երեխաների պատշաճ հագուկապը հոգալու, ուղեւորության համար անհրաժեշտ պիտույքները ձեռք բերելու համար: Եվ երրորդ` Չինաստան մեկնող մեր դպրոցականները պետք է իրենց գրպանում ունենան որոշակի գումար` իրենց հայեցողությամբ ծախսելու համար: Դա երեխաների համար նույնպես կարեւոր է:

Ահա այս ուղղություններով է հիմնադրամն աջակցել թիմին: Հավատացնում եմ Ձեզ, որ բոլոր այս երեք կետերով կար նման անհրաժեշտություն»,- ասում է ծրագրի տնօրեն Վահե Հովհաննիսյանը:

Այս անգամ Հայաստանից մասնակցում են երեք դպրոցական` Տեփանյան Հայկ («Քվանտ» վարժարան, 11 դաս.), Հակոբյան Հայկ (Երեւանի ֆիզմաթ դպրոց, 11 դաս.), Շմավոնյան Հովհաննես (Երեւանի ֆիզմաթ դպրոց, 11 դաս.): Երեխաները, ծնողներն ու մարզիչներն իրենց դրամաշնորհները ստացան երեկ` Երեւանի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում կայացած ջերմ ու ամենեւին ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ:

«Պատահական չէ, որ «Հեռանկար» ծրագրի առաջին քայլը կատարվեց հենց դպրոցում: Այս դպրոցականներն իրոք տաղանդավոր մարդիկ են. կամ մենք կդողանք նրանց վրա, կաջակցենք ամեն կերպ, ու նրանք կկայանան որպես լուրջ մասնագետներ Հայաստանում, կամ նրանք մի օր կլքեն երկիրը, ու այստեղ կիշխեն այլ որակներ: Դուք տեսաք, թե ինչ անկեղծությամբ էին նրանք շնորհակալություն հայտնում Գագիկ Ծառուկյանին: Դա ամենեւին տրված գումարների համար չէ, այլ` վերաբերմունքի: Մարդիկ ուզում են գնահատված լինել, թե ծնողը, որը այդպիսի երեխա է մեծացրել, թե ուսուցիչը, որի շնորհիվ են նրանք այդ գիտելիքները ստացել, եւ իհարկե, այդ տաղանդավոր տղաները, որոնք ապացուցում են, որ կարելի է սեփական խելքով եւ կամային որակներով հասնել հաջողությունների»,- ասում է «Հեռանկար» ծրագրի համակարգող Էլինար Վարդանյանը:

Ըստ մասնագետների, այս տարվա մեր թիմն իրոք շատ ուժեղ է, եւ կան բոլոր նախադրյալները, որ նրանք հաջող հանդես կգան:

«Մեր խնդիրը նրանց համար պայմաններ ստեղծելն է: Եթե կուզեք` սա նաեւ արժանապատվության խնդիր է. հայ դպրոցականները պետք է լինեն պատշաճ պատրաստված, ոչնչով, անգամ` հագուստով եւ պիտույքներով չզիջեն իրենց օտարերկրյա հասակակիցներին: Իսկ նման դեպքեր, ցավոք սրտի, նախորդ տարիներին եղել են: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հենց այդ քաղաքականության կողմնակիցն է. ստեղծել պայմաններ եւ հետո միայն ակնկալել արդյունքներ: Սա «Հեռանկար» ծրագրի առաջին քայլն էր դպրոցում: Վստահ եմ, որ այն ունենալու է իր շարունակությունը»,- ասում է Վ. Հովհաննիսյանը:

Արտակ ՍԱՐԳՍՅԱՆ