Շաբաթ օրը «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների Երեւանյան դպրոցի (ՔԴԵԴ) 4-րդ ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների եւ ԵԽ-ի ստրասբուրգյան սեմինարին մասնակցության հավաստագրերի հանձնման արարողությունը: Ինչպես եւ նախորդ տարիներին, ՔԴԵԴ-ի 2008-2009 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների թվում էին լրագրողներ, պետական պաշտոնյաներ ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Դպրոցի այս եւ նախորդ ուսումնական տարվա շրջանավարտներին ողջունեցին ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որը Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցի շրջանավարտ է եւ կանգնած է Երեւանյան դպրոցի ստեղծման ակունքներում, Արծվիկ Մինասյանը, ով ՔԴԵԴ-ի առաջին տարվա շրջանավարտ է, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շ. Քոչարյանն իր խոսքում նշեց, որ ՔԴԵԴ-ի նպատակը Հայաստանի էլիտայի ձեւավորմանը նպաստելն է, Ա. Մինասյանն էլ կարեւորեց հատկապես լրագրող ուսանողների դերը: Իսկ Տ. Սարգսյանը, բնականաբար, խոսեց «հայկական աշխարհի» մասին` այդ գործում եւս կարեւորելով ՔԴԵԴ-ի դերը: Նշենք, որ Քաղաքական դասընթացների դպրոցներ գործում են աշխարհի տասնհինգ երկրներում: Դպրոցի ունկնդիրները մեկ տարվա ընթացքում անցկացնում են 4 սեմինար, որոնցից վերջինը տեղի է ունենում Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդում` բոլոր 16 երկրների ուսանողների մասնակցությամբ: Ի դեպ, այս տարվա ստրասբուրգյան սեմինարը համընկել է ԵԽ-ի ստեղծման 60-ամյա հոբելյանի հետ. հուլիսին տեղի ունեցած սեմինարին մասնակցել են Քաղաքական դասընթացների դպրոցների շուրջ 600 ուսանողներ: