Քրեական գործ են հարուցել

28/09/2009

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական եւ բույսերի կարանտինի` Բագրատաշենի եւ Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու եւ պետությանը 22.549.280 դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես, Գյուղատնտեսության նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական եւ բույսերի կարանտինի` Բագրատաշենի ու Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքների կատարումը ստանձնել է «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերությունը, որի համար ստացել է 2005թ. սեպտեմբերի 13-ի պայմանագրերով նախատեսված 185. 540.780 դրամ գումարը: Ձեռք բերված նյութերի համաձայն` «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերության տնօրեն Հ. Քեթցյանը 2008թ. հունվարի 26-ի կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է փաստացի չկատարված 22.549.280 դրամի աշխատանքներ եւ հսկիչ կետերի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Միրզոյան եւ որդիներ» ՍՊ ընկերության աշխատակից Ս. Թովմասյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է պետության առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի` բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը, ՀՀ Կառավարության` 2001թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1267 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարի` 2005թ. հունվարի 24-ի թիվ 9-Ա եւ 2005թ. սեպտեմբերի 14-ի թիվ 157-Ա հրամանների հիման վրա, հանդիսանալով վերը նշված պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ ստորագրել փաստացի չկատարված աշխատանքների հավելագրումներով կատարողական ակտերը: Այդպիսով պետությանը պատճառվել է 22.549.280 դրամի էական նյութական վնաս: Ձեռք բերված փաստերի հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով), 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Ոստիկանություն` նախաքննություն իրականացնելու: Նշենք, որ Վռամ Գյուլզադյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ: