Պալիատիվ օգնությունը՝ Հայաստանում

28/09/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամեն տարի աշխարհում մահանում է 55 միլիոն մարդ, որոնցից 10 միլիոնը մահանում է չարորակ ուռուցքների հետեւանքով: Իսկ ուռուցքները շատ հաճախ հայտնաբերվում են 3-րդ եւ 4-րդ փուլերում, երբ արդեն ամբողջությամբ ճյուղավորված են լինում:

«Եվ սովորաբար այս մարդկանց, որոնց վիրահատական միջամտությունը, քիմիաթերապիան կամ ճառագայթումը չի օգնում, բժիշկները խորհուրդ են տալիս տնային պայմաններում սիմպտոմատիկ բուժում ընդունել: Իսկ որպես կանոն` այդ բուժումը չի իրականացվում, պարզապես հիվանդին տանում են տուն` մահանալու»,- ասում է «Հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Հրանտ Կարապետյանը: Ըստ նրա` նման դեպքերում ամբողջ աշխարհում կազմակերպվում է մի օգնություն, որը կոչվում է պալիատիվ օգնություն: Ի դեպ, հայերենով դա նաեւ կոչվում է ամոքիչ օգնություն: «Պալիատիվ բժշկության մեջ մտնում է երեք բնագավառ` հակացավային թերապիան, այսինքն` ցավի բուժումը, սիմպտոմատիկ թերապիան` ֆիզիկական սիմպտոմների դեմ պայքարը, եւ հոգեսոցիալական օգնությունը»,- նշում է Հրանտ Կարապետյանը` ցավ ապրելով այն փաստի համար, որ մեզ մոտ պալիատիվ բժշկությունը դեռեւս զարգացած չէ, այնինչ 2003թ. նոյեմբերի 12-ին Եվրախորհրդի 860-րդ ժողովին 52 երկիր, այդ թվում՝ նաեւ Հայաստանը, ստորագրեցին մի փաստաթուղթ, ըստ որի` յուրաքանչյուր երկիր պարտավորվում է կազմակերպել պալիատիվ բուժօգնություն: Բայց մինչ օրս մեր երկրում այդ պարտավորվածությունը շարունակում է մնալ պաշտոնական թղթի շրջանակներում: «Մինչ 2007թ. մենք էլ չգիտեինք այդ համաձայնագրի գոյության մասին: Ու քանի որ եվրոպական կառույցներում մենք կապեր ունեինք, իմացանք այս մասին: 2007թ. փաստաթուղթը թարգմանված տարբերակով հրատարակեցինք: Հիմա ՀՀ Կառավարությունում էլ տեղյակ են այս մասին, բայց ծառայությունը չեն կազմակերպում` ճգնաժամի գործոնը երեւան բերելով: 2003թ. մենք բացեցինք այս կազմակերպությունը: Իսկ 2009թ. ապրիլին նաեւ հիմնեցինք պալիատիվ օգնության կենտրոնը: Այժմ ծրագրում ենք նմանատիպ կենտրոն բացել նաեւ Վանաձորում, Գյումրիում եւ Գորիսում: Մինչ օրս մենք օգնել ենք շուրջ 300 հիվանդի»,- նկատում է կենտրոնի տնօրենը: Ու թեեւ պալիատիվ բուժօգնության համակարգն աշխարհում բավական երիտասարդ է (այն հիմնել է Սեսիլիա Սանդերսը 1967թ., իսկ 1970-ական թթ. օգնության այս տեսակը կազմակերպվում էր արդեն 40 երկրներում), այնուհանդերձ, այսօր գրեթե ամբողջ աշխարհում տարածված է օգնության այս տեսակը` անգամ Աֆրիկայում: Սակայն Հայաստանում, Հրանտ Կարապետյանի համոզմամբ, այս ծառայության հանդեպ դեռեւս կա կարծրատիպային մտածելակերպ ու տեղեկացվածության պակաս: «Տարիներ առաջ ականատես էի մի միջադեպի, որը կատարվեց Բժշկական ինստիտուտի գիտական գրադարանում: Մի տխուր աղջիկ ներս մտավ ու խնդրեց աշխատակիցներին իրեն տրամադրել ուռուցքով հիվանդ մարդկանց խնամքի մասին գրքեր: Աշխատակիցները նախ մերժեցին, քանի որ գրադարանը սպասարկում էր մասնագետների, ապա` ընդառաջեցին: Աղջիկը, տեսնելով գրքերի մեծ ծավալը, ասաց. «Ախր ես մինչեւ այսքանը կարդամ, մայրս կմահանա»,- վերհիշում է բժիշկը ու ցավ ապրում, որ մեր իրականության մեջ կան երեւույթներ, որոնք շտկելու կարիք ունեն: «Հիվանդ մարդիկ մշտապես կարիք ունեն հոգեբանական զրույցների, մինչդեռ հիվանդատեսի գնացողները, մի քանի վայրկյան տեսնելով հիվանդին, նրան թողնում են մենակ ու գնում հարեւան սենյակում սուրճ խմելու: Իսկ երբ մեր կենտրոնի շրջիկ ծառայությունը գնում է հիվանդներին այցելության, մենք նախեւառաջ զրուցում ենք հիվանդների հետ»,- նշում է Հրանտ Կարապետյանը: Վերջինս կարեւորում է նաեւ պալիատիվ օգնության հոսպիսի ծառայությունը, որն անբուժելի հիվանդի կյանքի վերջին ծառայությունն է մահվանից հետո: Սակայն, ըստ Հ. Կարապետյանի, անգամ մահվանից հետո իրենց ամոքիչ ծառայությունը չի եզրափակվում: «Մենք շարունակում ենք այդ հիվանդի ընտանիքին հոգեբանական օգնություն մատուցել»,- ասում է «Պալիատիվ օգնության կենտրոնի» տնօրենը: Ըստ վերջինիս` այսօր Հայաստանում օրական 1200-1500 մարդ կարիք ունի պալիատիվ օգնության: «Ամենակարեւորն այն է, որ երբ մարդիկ գալիս են կենտրոն, իրենք տեսնում են, որ միայն իրենք չեն անբուժելի հիվանդ: Նրանք ընկերանում են միմյանց հետ: Առավելագույնը մեր կենտրոնում հիվանդը կարող է մնալ 10 օր: Այս ժամանակահատվածում մենք ամբողջությամբ հոգ ենք տանում նրա մասին` թե՛ սննդի մասին, թե՛ դեղորայքի, որը նմանատիպ հիվանդների պարագայում բավականին դժվար է գտնելը: Իսկ այս ժամանակահատվածում հիվանդի ընտանիքը կարող է հանգստանալ»,- ասում է Հրանտ Կարապետյանը` եզրափակելով, որ ամեն դեպքում կյանքը շարունակվում է, քանի դեռ չես մահացել: «Պալիատիվ օգնության նպատակն է՝ բարելավել հիվանդի կյանքի որակը, քանի դեռ նա ապրում է»,- նշում է բժիշկը: