Լավագույն ռեժիսորը վավերագրողն է

28/09/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Այս տարի ծովափնյա Անապա քաղաքում անցկացվող ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» կինոփառատոնում հայ կինովավերագրող, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը «լավագույն ռեժիսոր» է ճանաչվել` իր վերջին՝ «Սահման» վավերագրական ֆիլմի համար: «Սահմանը» պատմություն է գոմեշի ու բարձրադիր գոտիներում գտնվող գյուղի բնակիչների մասին: Ֆիլմում գյուղացիների դժվարին ու միապաղաղ կենցաղը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ ու սիրով: Գոմեշներին տանում են արածելու, հետո կաթից պատրաստում են պանիր, տուն են կառուցում, հարսանիք են կազմակերպում, փորձում են վերացնել հանկարծակի բռնկված հրդեհի վնասները, մի խոսքովգ կյանքը իր հունով գնում է: Ֆիլմի գլխավոր հերոսը հենց գոմեշներից մեկն է, որը պարբերաբար դուրս է պրծնում իր կացարանից ու կտրելով ձյունածածկ կամ խոտածածկ տարածքները` փորձում է հասնել ինչ-որ մի երազած վայրի: Մարդիկ էլ նրան ետ են բերում:

Գրեթե բոլոր անոտացիաներում «Սահման» ֆիլմը ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական սահմանագծում նկարահանված մի պատմություն, որի հիմքում սահմանների բաց լինելու պարտադրանքն է: Ուշագրավ է, որ սահմանի ու փշալարի առկայության մասին ակնարկվում է միայն ֆիլմի ֆինալում, երբ գոմեշն իր ձագի հետ խճճվում է լարերի մեջ ու անհույս պառկում է գետնին: «Սահման» ֆիլմը իրականում սահմանի մասին չէ, այլ` փոքր ու կանգուն մի գյուղի, որի ամենօրյա կյանքի վրա հայ-ադրբեջանական սահմանի գոյությունը ազդեցություն չի թողնում: Այդ գյուղը կարծես ինքնին հավերժ, կանգուն ու փորձություններով լի կյանքի խորհրդանիշն է: Ի դեպ` սկզբում ֆիլմը պետք է այլ անվանում ունենար, այն պետք է կրեր գոմեշի անունը` Նախշուն: Եվ այդ դեպքում ֆիլմն ավելի ամբողջական կդիտվեր, քանի որ սահմանի անընդհատ հիշատակումը լավ է գործում միջազգային կինոփառատոներում ներկայանալու համար, իսկ հանդիսատեսին այն միայն շփոթեցնում է: Ֆիլմի ռիթմն ու կառուցվածքը հիշեցնում են Արտավազդ Փելեշյանի մոտեցումը, որտեղ մի փոքր հողակտորի վրա տեղի ունեցածի մեջ արտացոլվում է ողջ տիեզերական կարգը: Թեեւ, իհարկե, Ա.Փելեշյանը միշտ ձգտում էր հակիրճ ու սեղմ ֆիլմեր ստեղծել, նրա համար ժամանակը նույնպես նյութ էր, իսկ Հ.Խաչատրյանը փորձում է ավելի ծավալուն ու ձգված ներկայացնել իր տեսակետը: Եվ անկասկած գտնում է իր սեփական տիեզերքը, որից մի քիչ «թրիքի հոտ է գալիս» (Հ.Խաչատրյանի բառերն են), որտեղ չկա սարքովի գեղեցկություն, բայց փոխարենը հույս, սեր ու լուռ հպարտություն կա: Առանց որեւէ սահմանի: