Ապրում են՝ առակի նյութ դառնալու համար

28/09/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Կինոռեժիսորներ եւ սցենարիստներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը վերջերս հայ հանդիսատեսին ներկայացրեցին իրենց նոր՝ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմը, որն արդեն մի քանի խոշոր կինոփառատոների է ներկայացվել եւ ցուցադրվել է Ռուսաստանի կինոթատրոններում:

Հիմք վերցնելով Աստվածաշնչյան հայտնի առակը, հեղինակները ջանացել են հենց առակի իլյուստրացիա ստեղծել` մերօրյա Հայաստան տեղափոխելով անառակ որդուն, նրա հորը, եղբայրներին եւ նրանց կոնֆլիկտը: 15 տարի հայրենիքից բացակայած ու ընտանեկան փողերը քամուն տված Վահեն (դերասան Միքայել Ջանիբեկյան) վերադառնում է հայրենի տուն ու հասկանում, որ իրեն ոչ ոք տանը չի սպասում: Ու թեեւ հայրը (Արմեն Ջիգարխանյան) նրան գրկաբաց է ընդունում ու ասում, որ այս տանը նա միշտ էլ տեղ կունենա, սակայն այդ տունն արդեն իրենը չէ: Այդ տունը կառուցել է նրա ավագ եղբայրը, որի համար իր անառակ եղբայրն արդեն գոյություն չունի։ Շատ ջուր է հոսել, ընտանեկան վերքերը բնավ էլ չեն սպիացել, եւ երիտասարդ տղամարդը ոչ առաջ գնալու, ոչ ետդարձի ճանապարհ չունի:

«Անառակ որդու վերադարձը» խելացի ու երկիմաստ է սկսվում, առաջին իսկ դրվագում հայտնվում է գնացքի ուղիները հսկող Կարեն Ջանիբեկյանի հերոսն ու զրուցելով տուն վերադարձող ու շփոթված երիտասարդի հետ` կարծես նախապատրաստում է հոր եւ որդու հանդիպման հողը: Առաջին բարկությունից հետո նա ասում է` իհարկե, հայրդ կընդունի քեզ, տղա ջան, հայրդ քեզ չի էլ դադարել սպասել, գնա՛: Եվ որդին գնում էգ

Այդ գեղեցիկ դրվագից հետո ֆիլմն արդեն բոլորովին այլ ռիթմ է ստանում, գրեթե անհետանում են դիալոգներն ու սկսվում է տանջանքը: «Անառակ որդու վերադարձը» նկարահանված է մինիմալիստական ոճով (սկզբում ու վերջում լեռներ են, իսկ բոլոր գործողությունները կատարվում են մեկ տան մեջ): Ֆիլմը գրեթե զուրկ է խոսքերից (խոսում են հիմնականում ընտանիքի հյուրերը, եւ նրանց ասածը միայն ֆոն է հոր եւ որդու լռության համար) ու ամբողջովին կառուցված է երկար ու ձիգ խոշոր պլանների վրա: Նվազագույն միջոցներով` միայն հերոսների հայացքներով հեղինակները փորձել են զգացմունքների խառնաշփոթը ցուցադրել: Դանդաղ հոսում է արցունքը (մոտ 4 րոպե), հետո հայրը թակում է որդու սենյակի դուռն ու կանչում նրան

(4 անգամ), կոտրվում է լուսանկարի ապակին (մոտ 10 րոպե), հայրը բացում է ծորակն ու երկար նայում է հոսող ջրին, կարծես ապավինելով ջրի մաքրագործ դերին (2-3 րոպե): Շատ լավն է ավագ որդին` Արա Դեղտրիկյանի կատարմամբ, որը ի տարբերություն մնացած հերոսների` ոչ թե սիմվոլ, այլ` կոնկրետ մարդ է խաղում ու ասելու տեքստ ունի։ Վահեն միայն վերացական տառապում է, երկար հագնվում է, երկար նայում է լուսանկարին, երկար լռում է։

Հայտնի է, որ Ն.Մկրտչյանն ու Ա.Ազատյանը սիրում են Տարկովսկու եւ Փարաջանովի անշտապ էսթետիկան (նրանց նախորդ ֆիլմերը նվիրված էին հենց այդ անվանի կինոռեժիսորներին) եւ իրենց ամենանշանակալի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմում փորձել են կիրառել կադր կառուցելու այդ երկու փայլուն վարպետների ոճը։ Այդ փորձերից մի քանիսը հաջող են, իսկ շատերը՝ ոչ։

Ֆիլմն ընդհանրապես եւ՛ շատ ցայտուն արժանիքներ, եւ՛ աչք ծակող թերություններ ունի: Առավելությունը ցանկացած կադրում առկա ճաշակն ու ճանաչելի մարդկային ճակատագրերի վրա հիմնվելու ցանկությունն է: Կան դրվագներ, որոնք իրոք շատ ճանաչելի ու ընդհանրացում հուշող են։ Հաջող քայլ է գտնված՝ որդու վերադարձի քեֆը ներկայացնելու համար. սեղանն ու հյուրերը ցուցադրվում են դռների արանքից, որպեսզի հանդիսատեսին թվա, որ այդ հավաքույթը չարժե լուրջ ընդունել։ Անընդհատ աստիճաններով վեր ու վար անող Արմեն Ջիգարխանյան-հայրն, օրինակ, շատ լավն է, նա թակում է տարբեր հարկերում գտնվող իր որդիների դռները՝ խնդրելով նրանց հաշտվել միմյանց հետ, հետո շտապում ներքեւ՝ հյուրերի մոտ։ Հայրն ուզում է ամեն կերպ վերականգնել իր երբեմնի ամբողջական ընտանիքը, սակայն այդ գործն արդեն իր ուժերից վեր է։ Պարզվում է, որ հայ պատրիարքալ ընտանիքը կորցրել է իր նշանակությունը։ Ժամանակներն են փոխվել։ Եվ անվերջ աստիճանավանդակը դառնում է հոր Գողգոթան, երկար մի ճանապարհ, որի վերջում մահն է։ Ներումի պատրաստ հայրերի սերունդն է վերանում, ֆիլմի վերջում պարզ է դառնում, որ կյանքից հեռացել է նաեւ Կարեն Ջանիբեկյանի հերոսը, միգուցե նա էլ իր սրտի խորքում ինչ-որ մեկի վերադարձին էր սպասում, սակայն այդպես էլ այդ վերադարձի ականատեսը չդարձավ։ Սրանք այն ենթադրություններն են, որոնք կռահվում են, այլ ոչ թե հեղինակների կողմից խոթվում են մեր աչքը։

Ֆիլմի թերությունը հենց այդ աչք խոթելն է։ Հեղինակները կարծես ամեն բանի մեջ այլաբանություն են տեսնում։

«Անառակ որդու վերադարձը» դիտելու գնացող հանդիսատեսն, օրինակ, ենթադրում է, որ եթե հեղինակները նման «խոսուն» վերնագիր են ընտրել, ապա ֆիլմը կենցաղային պատմություն է լինելու, իսկ բիբլիական զուգահեռները պետք է տողատակում կարդացվեն: Իսկ եթե ֆիլմը պետք է առակ լիներ, ապա հերիք էր այն կոչել պարզապես «Վերադարձ» ու թույլ տալ, որ առակն իր հունով զարգանա, այլ ոչ թե բռնել հանդիսատեսի ձեռքն ու ամեն կադրով գոռալ՝ տես, սա առակ է։ Հեղինակները, կարծես չվստահելով հանդիսատեսին` անընդհատ ընդգծում են բիբլիական սյուժեի նմանությունը: Օրինակ, ստիպում են իրենց հերոսներին առաջին իսկ կադրերում հիշատակել Քրիստոսի պատմած առակը, որպեսզի հանդիսատեսի մոտ կասկած անգամ չմնա, որ այս պատմությունը Քրիստոսի պատմածն է: Իսկ անառակ որդին էլ հոր առջեւ ծնկի է գալիս այնպես, ինչպես պատկերված է հայտնի կտավներում ու իլյուստրացիաներում: Վահեն չի գրկում հորն ու եղբայրներին, այլ՝ ծնկաչոք առաջ է գալիս։ Իսկ դա արդեն շտամպ է։

Ֆիլմում երկու անգամ խոշոր պլանով ցուցադրվում է նաեւ հոր մահճակալի կողքին դրված «Աստվածաշունչը», որպեսզի հստակ լինի, որ հայրը կարդացել է այդ «Գիրքն» ու ընդունել, որ ներելու պատրաստ լինելն իրեն հուշել է Աստվածը: Միգուցե Ա.Ազատյանին ու Ն.Մկրտչյանին թվում է, որ հանդիսատեսի գործը հեշտացնելու համար հարկավոր է ամեն բան ծամել ու մի քանի անգամ հրամցնել:

Բայց այդ դեպքում շատ բնական հարց է ծագում` ո՞ւմ համար է այդ ֆիլմը ստեղծվել: Եթե այն պետք է դիտի առակին ծանոթ հանդիսատեսը, ապա առնվազն նրան պետք է մտածելու տեղ թողնել ու այդքան ճակատային զուգահեռներ չանցկացնել, իսկ եթե այն նախատեսվում է ցուցադրել մտածելու հատկությունը կորցրած հանդիսատեսին, ապա այդ հանդիսատեսը ֆիլմը չի դիտի, նրան հերիք են սերիալները:

Սա այն դեպքն է, երբ հանդիսատեսին վստահել է պետք, համենայնդեպս՝ գոնե չթերագնահատել։ Եվ հարկ չկա անընդհատ ընդգծել, որ սա սոսկ ընտանեկան պատմություն չէ, այլ` ավելին է: Հանդիսատեսն այդ «ավելին» ինքն էլ կարող է հասկանալ։ Ի դեպ՝ բիբլիական առակին գումարվում են նույնիսկ ֆրեյդիստական բարդույթները (մոր եւ որդու լուսանկարը դառնում է երկու եղբայրների խանդի, մոր ուշադրության համար մրցող անձանց պայքարի սիմվոլը): Տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմը դանդաղեցված ռեժիմով է նկարահանված ու ցանկացած կադր այնքան է ձգված, որ ակամայից 1,5 ժամ տեւող ֆիլմը դիտելով, սկսում ես հոգնել: Ֆիլմում շատ են սիմվոլները, եւ քիչ է իրականությունը: Իրականությունը միայն նշմարվել է` թաղվելով ամեն գնով այլաբանական գեղեցկություն ստեղծելու հավակնության տակ:

Իհարկե, պետք է նկատել, որ չնայած ֆիլմը բավականին տխուր տպավորություն է թողնում, ամեն դեպքում վերջին տարիների ընթացքում ստեղծված հայկական ֆիլմերի շարքում այն առանձնանում է: Ֆիլմի թեման լավն է, ոճը գրագետ է։ Պարզապես առակը դուրս է մղել կյանքը։ Եվ եթե հեղինակները ոչ թե սիմվոլիստական պատմություն ստեղծելով մտահոգվեին, այլ՝ շեշտը դնեին հենց կոնկրետ մարդկային հարաբերությունների վրա, ֆիլմն, անկասկած, կշահեր։