Բուժիչ նամակներ

28/09/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Հարբուխի բուժումը ժողովրդական միջոցներով

Հարբուխը, որը նաեւ կոչում են քթաբորբ կամ րինիտ, քթի լորձաթաղանթի բորբոքումն է: Այն հաճախ շատ վարակիչ հիվանդությունների ախտանիշ կարող է լինել: Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում է ալկոհոլի չարաշահումը եւ այլ հիվանդություններ:

Հիվանդության սկզբում լորձաթաղանթի այտուցվածության հետեւանքով քթի խոռոչում կամ կոկորդում առաջանում է այրոցի եւ չորության զգացում: Մի քանի օր անց սկսում է քթից հոսել: Ջերմությունը կարող է բարձրանալ (հնարավոր է նաեւ, որ չբարձրանա): Հաճախ թուլանում է հոտառությունը, դժվարանում է քթային շնչառությունը: Այն հատկապես ծանր է ընթանում կրծքի երեխաների համար:

Գոյություն ունի նաեւ ալերգիանման հարբուխը, որն ունենում են ծաղկափոշու, տնային, գրադարանային, արտադրական փոշու հանդեպ բարձր զգայունությամբ մարդիկ:

Սուր հարբուխը, հատկապես, եթե այն հաճախ է կրկնվում, կարող է դառնալ քրոնիկական, մշտական: Այն կարող է հանգեցնել քթի խոռոչի լորձաթաղանթի գերաճման, հետեւաբար նաեւ` շնչառության դժվարացման կամ դրա հետաճման: Այս դեպքում շատ դժվար է վերականգնել լորձաթաղանթի ֆունկցիան ու հոտառությունը: Ահա թե ինչու է կարեւոր քրոնիկական հարբուխի կանխումը:

Ըստ որոշ պատմաբանների` Նապոլեոն Բոնապարտը Վաթերլոոյի ճակատամարտում պարտվել է, որովհետեւ հարբուխի պատճառով փակվել է նրա շնչառությունը, եւ նա չի կարողացել կենտրոնանալ:

Եվ իսկապես փակված քթով շնչելը սարսափելի դժվար է: Իսկ ի՞նչ անել դրանից մեկընդմիշտ ազատվելու համար: Հիվանդության սկզբում, հետագա խորացումը կանխելու նպատակով, հարկավոր է խմել տաք թեյ` մեղրով կամ մուրաբայով: Պետք է հարբուխին հակահարված տալ սկսվելուն պես: Դրա համար, օրինակ, կարելի է օգտագործել 100 տոկոսանոց թեյի ծառի եթերային յուղ, իսկ քանի որ այն իր ուժեղ ներգործությամբ կարող է այրել ու վնասել լորձաթաղանթը, այդ պատճառով պարզապես կարելի է թեթեւակի քսել քթանցքերի հենց սկզբնամասին, որպեսզի լորձաթաղանթին չհասնի:

Ակտիվ հարբուխի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի տաքացնել հայմորիտային խոռոչները: Այս դեպքում գլխավոր բուժումը քթանցքերի լվացումն է: Այժմ գոյություն ունի լվացման հեշտ, ֆիտոդրենաժային մեթոդը, որը մասնագետները կարող են ապահովել: Քթի խոռոչների լվացման համար հին ու արդյունավետ մեթոդ է ծովի աղաջրով պրոցեդուրաները:

Հարբուխի դեմ արդյունավետ միջոցներ.

– Վերցնել 10-ական գրամ կարտոֆիլի հյութ, սոխի հյութ, արեւածաղկի ձեթ եւ մեղր: Այս բոլորը լավ խառնել իրար եւ ստացված զանգվածից կաթոցիչով 1-2 կաթիլ կաթեցնել յուրաքանչյուր քթանցքում` քնելուց առաջ: Այն շատերին է օգնել:

– Օգնում է նաեւ սովորական նարինջը: Նարինջը կեղեւից ազատել եւ ուտել, իսկ կեղեւը մի քիչ փոքրացնել, որպեսզի հնարավոր լինի քթանցքերի մեջ մտցնել, իհարկե, զգույշ, որպեսզի հանկարծ կեղեւը շատ խորը չմտնի, ապա շնչել նարինջի կեղեւի եթերային գոլորշին:

Իհարկե, անոթաշարժական եւ ալերգիական հարբուխի դեպքում բուժումը միանշանակ իրականացնում է բժիշկը:

Հարբուխի դեմ շատ լավ միջոց է սպիտակ խնկենու յուղաթուրմը: Այս թուրմի միակ թերությունն այն է, որ պատրաստվում է 21 օրվա ընթացքում, մինչդեռ հարբուխն առաջանում է շատ անսպասելի: Իհարկե, շրջահայաց տանտիրուհիները պատրաստում են այն նախապես: Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 100գ արեւածաղկի ձեթ ու վրան լցնել 1 ճաշի գդալ չոր սպիտակ խնկենի: Թուրմը պետք է պահել մութ տեղում եւ 21 օրվա ընթացքում ամեն օր պետք է թափահարել:

Ժողովրդական լավ միջոց է պտղարմատների հյութը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է քերիչով անցկացնել մի քիչ գազար ու բազուկ, հետո ստացված զանգվածը քամել թանզիֆի կտորով, ավելացնել 1:1 հարաբերությամբ ձեթ ու մի քանի կաթիլ սխտորի հյութ: Ստացված հյութը օրվա մեջ 3-4 անգամ կաթեցնել յուրաքանչյուր քթանցքում` հիվանդության ամբողջ ընթացքում: Այս խառնուրդը կարելի է օգտագործել նաեւ բամբակե տամպոններ դնելու տարբերակով` թրջել բամբակը եւ դնել քթանցքում:

Քրոնիկական հարբուխին շատ օգնում են կալենդուլայով լվացումները: Տաք թուրմը ներս են քաշում քթանցքերով ու թափում` բերանով: Այս պրոցեդուրան տհաճ, բայց շատ արդյունավետ միջոց է: