Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 10 մլն 660 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 385.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.25 դրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ում իրականացվել էր 7 մլն 780 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 386.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փաստորեն, դոլարի փոխարժեքը 20 օրվա ընթացքում բարձրացել է շուրջ 10 դրամով. սեպտեմբերի
4-ին մեկ դոլարն արժեր 376.9 դրամ։ Սա տնտեսական մեկնաբաններին հիմք է տալիս ենթադրելու, որ ԿԲ-ն սկսել է կրկին ինտերվենցիաներ կատարել՝ փոխարժեքը պահելու համար։ Այսինքն՝ նորից շեղվել է «լողացող փոխարժեքի» քաղաքականությունից։ Նշենք, սակայն, որ առայժմ միանշանակ նման ենթադրություն անելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ԿԲ գործառնությունների մասին տեղեկատվությունը հրապարակվում է միայն երկուշաբթի օրերին։ Այսինքն՝ միայն երկուշաբթի օրը պարզ կլինի, թե սեպտեմբերի 22-25-ն ընկած ժամանակահատվածում բորսայում իրականացված 18,590,000 ԱՄՆ դոլարի առքուվաճառքից որ մասն է բաժին ընկնում ԿԲ-ին։ Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 24,025,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք։ Այդ գումարից 17,875,000 դոլարը (այսինքն՝ մեծ մասը) վաճառել է ԿԲ-ն։ Այնպես որ, սպասենք մինչեւ երկուշաբթի։