Արդեն մի քանի օր է` «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվերով նկարահանված մի հոլովակ, որում ինչ-որ մարդիկ գովազդում են «Հայկական աշխարհը» եւ օտարերկրյա գործարարներին կոչ են անում ներդրումներ կատարել… «Հայկական աշխարհում»: Նման կոչեր անողների թվում են նաեւ ճանաչված, գուցե նաեւ տաղանդավոր դերասաններ, որոնք, սակայն, հասարակությանը հայտնի են, ասենք, որպես «Որոգայթ» կամ «Վերվարածները» սերիալի հերոսներ: Սակայն դա հարցի էսթետիկական կողմն է եւ գուցե շատ անգլիացի կամ ավստրալիացի գործարարներ շտապեն «Հայկական աշխարհ»` միայն այդ դերասանների կոչը լսելով: Մինչդեռ խնդիրն ավելի խորքային է եւ կապ չունի ոչ «Շանթի», ոչ էլ նրա նկարահանած հոլովակում կոչեր անողների հետ: Կարելի է պատկերացնել որեւէ լուրջ գործարարի դեմքի արտահայտությունը, երբ իրեն կոչ են անում գումար ներդնել… վիրտուալ տարածությունում, երբ պետության բոլոր ատրիբուտներն ունեցող երկրի կառավարության անունից հրավիրում են ներդրումներ անել ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ գոյություն չունեցող, միայն ոմանց երեւակայության մեջ գտնվող տարածքում: Երբ վարչապետ դառնալուց հետո սկզբնական շրջանում Տիգրան Սարգսյանը խոսում էր վիրտուալ, գոյություն չունեցող կատեգորիաներով, շատերը փորձում էին ըմբռնումով մոտենալ` իրենց հույս տալով, թե ինտելեկտուալ մարդ է, այդ կերպ է ադապտացվում նոր պաշտոնին ու դաժան իրականությանը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա Տիգրան Սարգսյանի համար ոչ թե ուղղակի «հաղորդակցության միջոց էր», այլ գործունեության սկզբունք կամ հայեցակարգ: Մի խոսքով, Տ. Սարգսյանը ոչ միայն մտածում է, ասենք, մտածողության հեղափոխության, լռությամբ ճգնաժամը հաղթահարելու կամ «Հայկական աշխարհ» կառուցելու մասին, այլ կարծում է, թե դրանք հնարավոր է իրագործել կյանքում, եւ ՀՀ վարչապետի պաշտոնը ծառայեցնում է այդ նպատակին: Ընդ որում` որպես իսկապես ինտելեկտուալ մարդ, Տ. Սարգսյանը հասկանում է իր այս ծրագրերի հնարավոր հետեւանքներն ու արձագանքը եւ թերեւս այդ պատճառով, ցանկացած նման նախաձեռնության մասին խոսելիս միշտ հղում է անում նախագահի նախընտրական ծրագրերին, ասում է, որ այս կամ այն քայլն իրականացվում է նախագահի հանձնարարությամբ կամ նրա հովանու ներքո: Գուցեեւ այդպես է: Սակայն բացառված չէ նաեւ, որ այս ճանապարհով վարչապետը փորձում է խուսափել պատասխանատվությունից: Ի վերջո, պետք է պարզել` Հայաստանի կառավարությունը գործում է թեկուզ վատ, բայց գոնե իրական քայլերո՞վ, թե՞ գործ ունենք այն երեւույթի հետ, որը հոգեբանության մեջ անվանում են սուբլիմացիա: