Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը սփյուռքահայ գաղթօջախներ: Այս մասին երեկ ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Այցի նպատակն է՝ լսել հայկական Սփյուռքի կարծիքներն ու մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: «Առաջին անգամ ՀՀ նախագահը կատարում է այսպիսի վերպետական, համազգային ուղեւորություն, որի նպատակն է լինել բոլոր այն հիմնական հայաշատ կենտրոններում, որտեղ ձեւավորվում են հայկական Սփյուռքի հանրային կարծիքն ու մոտեցումները»,- ասել է նա` հավելելով, թե Ս. Սարգսյանն այցելելու է Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով, որտեղ տեղի կունենան տարածաշրջանային հանդիպումներ: Փարիզի հանդիպմանը հրավիրված են ներկա լինելու ներկայացուցիչներ բոլոր եվրոպական պետությունների հայկական համայնքներից, Նյու Յորքի հանդիպմանը մասնակցելու են արեւելյալ ափի եւ Կանադայի հայկական համայքների ներկայացուցիչները, Լոս Անջելեսում կայանալիք հանդիպմանը` արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները, Բեյրութում հանդիպմանը կլինեն հյուրեր Իրանից, Սիրիայից, Եգիպտոսից, Դոնի Ռոստովում հրավիրված են մասնակցելու ԱՊՀ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչներ: Ըստ Վ. Սարգսյանի` ընդգծված կերպով հայկական կողմը որեւէ երկկողմ քաղաքական հանդիպումներ չի խնդրել այն երկրներում, որտեղ լինելու է ՀՀ նախագահը: Այցի հիմնական նպատակը, միակ շեշտը Սփյուռքի հետ շփումն է: Յուրաքանչյուր քաղաքում Ս. Սարգսյանը լինելու է 24 ժամից պակաս, որը բավարար չէ որեւէ այլ լրացուցիչ միջոցառում անցկացնելու համար: Միակ բացառությունը Լոս Անջելեսն է, որտեղ նախատեսված է ՀՀ նախագահի ընդլայնված հեռուստահարցազրույցը այնտեղ գործող հայկական ալիքների համար: Հարցին` արդյո՞ք հրավերներ ուղարկվել են ՀՅԴ արտերկրի մարմիններին, Վ. Սարգսյանը դրական է պատասխանել՝ հավելելով, թե ակնհայտ է, որ Դաշնակցությունը բոլոր համայնքներում ունի շատ մեծ դերակատարում, եւ առանց Դաշնակցության նման քննարկումներն անիմաստ են: