Սպասարկվում են միկրոավտոբուսային բոլոր երթուղիները, տրոլեյբուսային 7
երթուղի, ավտոբուսային երթուղիների կեսից ավելին չեն սպասարկվում՝
անհրաժեշտ քանակությամբ ավտոբուսներ չլինելու պատճառով: Վերգետնյա
ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալի 80%-ն իրականացնում են
միկրոավտոբուսները: Միկրոավտոբուսների բեռը թեթեւացնելու նպատակով
քաղաքապետարանի վերջերս ներմուծած 25 ավտոբուսները իրավիճակը չեն փոխել:
Թեեւ ուղեւորները գոհ են ֆրանսիական «Ռենո» մակնիշի հարմարավետ
ավտոբուսներից, սակայն գործող սակագների պայմաններում ավտոբուսային
երթուղիները չեն արդարացնում սպասելիքները: Քաղաքապետարանը, փորձելով
սրբագրել սակագնային համակարգը, հանճարեղ եզրահանգման է եկել՝ որպեսզի
մարդիկ օգտվեն ավտոբուսներից, պետք է թանկացնել միկրոավտոբուսների գները:
Թեեւ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը «նեղանում է», թե
քաղաքապետարանում նման խոսակցություններ չեն եղել եւ չկան, սակայն մամուլի
այլ միջոցներ՝ վկայակոչելով քաղաքապետարանի աղբյուրները, տեղեկացնում են,
որ սակագների թանկացման մասին լուրերը քաղաքապետարանում տեղի ունեցած
քննարկումների արդյունք են, քաղաքապետարանում նույնիսկ քննարկվել եւ
նախնական գին է հաստատվել՝ 130 դրամ: Քաղաքապետարանի Լրատվականը
հավաստիացնում է՝ նման բան կարող է լինել միայն այն դեպքում, եթե
երթուղիները սպասարկող տնտեսվարող սուբյեկտների կողմից սակագների
փոփոխության առաջարկ լինի: Նման բան չկա դեռ՝ պնդում են: Քաղաքապետարանի
այլ աղբյուրներ էլ պնդում են, որ երթուղիների 70%-ն արդեն հանդես է եկել
նման առաջարկով: Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունն առանց
քաղաքապետարանի Լրատվական ծառայության հրահանգի բերանը չի բացում,
Լրատվականն էլ համառորեն մերժում ու հերքում է պտտվող լուրերը: Ստացվում
է՝ ոչ ոք ոչնչից տեղյակ չէ եւ ուղեվարձերի թանկացումը միայն վարորդների ու
ուղեւորների ցանկությունն է:
«Մեզ համար ավելի լավ է, 50 դրամով մարշրուտկա քշենք, ժողովուրդն էլ
կարողանա հանգիստ օգտվել, էդ որ թանկացնում են՝ ո՞ւմ են լավություն անում.
եթե հիմա 20 հոգի են մարշրուտկա նստում՝ էն ժամանակ, պարզ չի՞, 10-ը
կնստեն, գծի տերը ստիպված գծի փողը կթանկացնի, գազն ու բենզինն էլ
կթանկացնեն ու կասեն՝ ձեր մասին մտածեցինք»,- երեկ վրդովված ասում էին 41
երթուղին սպասարկող միկրոավտոբուսների վարորդները: «Գծի տերերից ոչ մեկին
էլ ձեռ չի տալիս՝ գին բարձրացնի, եթե վերեւներից չստիպեն»,- հավաստիացնում
էին նրանք: Իսկ ուղեւորներից ոմանք այդ խոսակցություններից հետո լրջորեն
հաշվարկ էին անում: «Պետական հիմնարկում եմ աշխատում, 11.000 դրամ եմ
ստանում,- ասում էր 50-ամյա մի ուղեւոր,- էս գծի վրա էլ ավտոբուս չի
աշխատում, ի՞նչ իմաստ ունի էլ իմ աշխատելը, եթե օրական երկու տրանսպորտի
էդքան փող պիտի տամ, տեսնես ինչո՞վ են մտածում…»:
Դժվար է ասել՝ քաղաքապետարանում ինչո՞վ են մտածում, բայց որ առանց
մտածելու են անում՝ բացառվում է: Հակառակ դեպքում, միկրոավտոբուսների
գները թանկացնելու փոխարեն, գուցե մտածեին ավտոբուսների գներն էժանացնելու
մասին: Եթե նկատի ունենանք նաեւ այն փաստը, որ ըստ քաղաքապետարանի
հաշվարկների՝ ամեն օր միջին հաշվով երթուղի է դուրս գալիս ավելի քան 2600
միկրոավտոբուս եւ 90 ավտոբուս, կարելի է պարզ հաշվարկով ճշտել, թե մեր
աղքատիկ գրպանները թալանելով որքան շահույթ են ստանալու: Վերջում կմնա
ճշտել՝ հատկապես ովքե՞ր են այդ շահույթը հետապնդում: