Հավանությունների շարքը շարունակվում է

25/09/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում տնտեսագետ գիտնականները քննարկեցին հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետեւանքները: ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը բացման խոսքում նշեց, որ սահմանի բացման տնտեսական հարցերը այսօր ավելի քիչ ու պակաս խորությամբ են քննարկվում, քան զուտ քաղաքական խնդիրները, այդ պատճառով իրենք որոշել են նման միջոցառում կազմակերպել: Սկզբում զեկույցներով հանդես եկան ՀՊՏՀ-ի մի քանի պրոֆեսորներ եւ բազմաթիվ դասախոսներ, իսկ քննարկման ավարտին որոշում ընդունվեց, որով հավանություն տրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: «Կարեւորելով ՀՀ տնտեսական եւ սոցիալական կայուն զարգացման, տարածաշրջանում անվտանգության, խաղաղության ու հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության հաստատումը` հավանություն տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը` առանց նախապայմանների կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները»,- նշված է ՀՊՏՀ գիտխորհրդի որոշման առաջին կետում: Հիշեցնենք, որ երկու օր առաջ նմանատիպ մի որոշում էլ Գիտությունների ազգային ակադեմիան էր ընդունել: «ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշեց հավանություն տալ վերջին շրջանում ՀՀ ղեկավարության վարած քաղաքականությանը` ուղղված Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն»,- նշված էր ԳԱԱ-ի հայտարարության մեջ: Ինչեւէ, ՀՊՏՀ-ում կազմակերպված քննարկման առաջին զեկուցողը` պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը, ասաց, որ սահմանի բացումը կմեծացնի ՀՀ տնտեսության զարգացման պոտենցիալը: «Սահմանի բացումն ու տնտեսական կապերի խորացումը այսօր հրամայական պահանջ է, մենք չենք կարող 280 կմ սահման ունեցող հարեւանի հետ հավերժական փակ սահման ունենալ»,- ելույթն ամփոփելով` նշեց նա: Իսկ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Գրիգոր Նազարյանի վերլուծությունը վերաբերում էր ՀՀ-ի եւ Թուրքիայի համեմատական առավելություններին, այսինքն` այն ապրանքախմբերին, որոնք ՀՀ-ում եւ Թուրքիայում արտադրվում են առավել քիչ ծախսերով, առավել մրցունակ են եւ հետեւաբար` արտահանման դեպքում առավել մեծ հաջողություններ կարող են ունենալ:

«Այս ապրանքային խմբերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը արտահանման պոտենցիալ ունի, որն անհրաժեշտ է զարգացնել»,- նշեց Գ. Նազարյանը: Բոլոր ելույթ ունեցողներն էլ համակարծիք էին, որ սահմանի բացմամբ Հայաստանը տնտեսապես ավելի շատ կշահի (կապված առաջին հերթին տրանսպորտային ծախսերի կրճատման հետ), քան թե կտուժի: Որպես տնտեսական սպառնալիքներ` տնտեսագետները հիմնականում նշեցին թուրքական ապրանքների (հատկապես գյուղատնտեսական) ներխուժումը, հնարավոր դեմպինգային քաղաքականությունը (որոշ ժամանակով ցածր գների սահմանում` մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար), Հայաստանի բնակչության ազգային կառուցվածքի փոփոխությունները եւ այլն: «Կապված այն հարցի հետ, որ Թուրքիայի տնտեսությունը զարգացման ավելի բարձր մակարդակ ունի, քան մեր տնտեսությունը, եւ մենք կարող ենք տնտեսական էքսպանսիայի ենթարկվել, նշեմ, որ մեր ուսումնասիրություններում դա այդպես չէ: Որովհետեւ մեր եւ Թուրքիայի տնտեսությունների, ներմուծման ու արտահանման կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսության շատ ոլորտներ կարող են զարգանալ բաց սահմանի պարագայում եւ ավելին, մենք կարող ենք արտահանել ոչ միայն Թուրքիայի տարածքով այլ երկրներ, այլ նաեւ հենց Թուրքիա: Շատ գյուղատնտեսական ապրանքներ (օրինակ` կաթ, կարտոֆիլ) 1 շնչի հաշվով Հայաստանում ավելի շատ են արտադրվում, քան Թուրքիայում»,- նշեց ՀՊՏՀ ռեկտոր Յու. Սուվարյանը` անդրադառնալով քննարկման ժամանակ բարձրաձայնված մտահոգություններին: Հնարավոր տնտեսական սպառնալիքները հաղթահարելու համար քննարկման վերջում ընդունված որոշման մեջ ՀՊՏՀ գիտխորհուրդը երկրորդ կետով առաջարկեց իշխանության մարմիններին` ա) ապահովել ՀՀ անվտանգությունը` մաքսային եւ հարկային կարգավորման միջոցով, բ) ապահովել ազատ մրցակցություն` բացառելով հնարավոր խաթարումները, եւ գ) մշակել համապատասխան քաղաքականություն` հայկական գործարարությունը խթանելու, տեղական արտադրության ծավալները ընդլայնելու, արտաքին շուկաներ արտահանվող ապրանքների մրցունակությունը բարձրացնելու համար: Որոշման երրորդ կետով ՀՊՏՀ-ում ստեղծվեց գիտահետազոտական խումբ` սահմանի բացման տնտեսական զարգացումներն ուսումնասիրելու նպատակով: Նշենք, որ մի քանի դասախոսներ խոսեցին նաեւ նախաստորագրված արձանագրություններում տեղ գտած սահմանների ճանաչման ու պատմական հարցերով ենթահանձնաժողովի մասին: ՀՊՏՀ նախկին ռեկտոր, այժմ` Տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Գրիգոր Կիրակոսյանը, ընթերցելով նախաստորագրված արձանագրություններում սահմանների ճանաչման եւ պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ կետերը, նշեց, որ եթե դրանք փոփոխության չենթարկվեն, ապա ընդունելի չեն կարող համարվել: «Այս ձեւակերպումներով կետերը ընդունելի չեն»,- հայտարարեց նա: Մեր հարցին` եթե նախաստորագրված արձանագրություններում ոչ մի փոփոխություն տեղի չունենա, ընդունելի կլինի՞ այդ գինը (Թուրքիայի սահմանի ճանաչումն ու պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծումը), որ մենք վճարելու ենք սահմանների բացման դիմաց, Գ. Կիրակոսյանը պատասխանեց` ոչ: «Նախաստորագրված արձանագրություններում նշված է, որ ստեղծվելիք ենթահանձնաժողովներից մեկը պետք է զբաղվի պատմական հարցերի ուսումնասիրությամբ: Իմ կարծիքով` սա ընդունելի չէ: Բացի այդ` թեեւ այս փաստաթղթերում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, բայց նաեւ տողատակում զգացվում է այդ վտանգը: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները օրուգիշեր ելույթներ են ունենում, որ մինչեւ «գրավված» տարածքները չվերադարձվեն, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի»,- սա էլ զեկուցող Ս. Մելքումյանի կարծիքն էր: Այդքանից հետո եւ՛ Ս. Մելքումյանը, եւ՛ Գ. Կիրակոսյանը կողմ քվեարկեցին առաջարկվող որոշման նախագծին: Որոշմանը դեմ քվեարկեց միայն դաշնակցական, մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Գարեգին Մխիթարյանը, որը, սակայն, ՀՊՏՀ գիտխորհրդի անդամ չէ: Ի դեպ, մեկ այլ դաշնակցական` գիտխորհրդի անդամ, ՀՊՏՀ պատմության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Արարատ Հակոբյանը, կողմ քվեարկեց որոշման նախագծին: Միակ ձեռնպահ քվեարկողը ՀՊՏՀ գիտխորհրդի անդամ, փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանն էր: Որոշման նախագծի քվեարկությունից առաջ նա առաջարկեց առանձին քննարկում կազմակերպել միայն հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր վտանգներին, որից հետո նոր որոշում ընդունել, որպեսզի չստացվի «հակառակն ապացուցող փաստերի անտեսում»:

Մեզ հետ զրույցում նույնպես Ա. Սարգսյանը նշեց, որ մենք չպետք է վավերացնենք նախաստորագրված արձանագրությունները այս տեսքով եւ չպետք է վճարենք այն գինը, որն առաջարկվում է սահմանների բացման դիմաց: «Ես չեմ ընդունում քաղաքականության մեջ տարածված այն պնդումը, որ մշտական թշնամիներ ու մշտական բարեկամներ չկան: Ինձ համար թուրքը մշտական թշնամի է մնում: Հավասար գործընկերության իրավունքով հարաբերություններ կարելի է ունենալ, բայց ոչ բարեկամություն: Սահմանը, իհարկե, պետք է բացել, տնտեսական շփումների առումով վատ չէ: Բայց այդ երկու նախապայմանը, որի մասին հասարակությունը ասում է, եւ որոնք կան արձանագրություններում, այդ մտահոգությունը ես էլ ունեմ: Չարժի այդ գինը վճարել սահմանի բացման դիմաց»,- ասաց Ա. Սարգսյանը: