Սեպտեմբերի 23-ին Արարատի մարզի 12 գյուղերի խաղողագործների կազմակերպված բողոքի ցույցից անցել է երեք օր, բայց գյուղացիների շրջանում բողոքի ալիքը դեռ շարունակվում է:
Ավելին` գյուղացիներն արդեն կորցրել են իշխանությունների նկատմամբ վստահությունը: «Գյուղնախարարն ու մարզպետը եկան, փափուկ բարձը դրեցին մեր գլխի տակ ու գնացին, բայց մեկ ա` մենք էլ Գյուլնազ տատի հեքիաթներին չենք հավատում»,- ասում են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչները` վերլուծելով ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքերը, որ իբր գյուղացիներն այս տարի խաղողի մթերման խնդիր չեն ունենալու եւ իրացման գինն էլ լինելու է 100-130 դրամ: «Սուտ ա, մթերման կետերը էսօր 130 դրամով չեն ընդունում: Նրանք, ովքեր մեջք ունեն, իրանք են կարողանում խաղողը հանձնել: Ես պրյամոյ կարամ ասեմ` էս սաղ տեղերն էլ իրանց մարդկանց են դրել` գինու գործարանի տնօրենն էլ, լրիվ իրանց մարդիկ են ու նալոգներն էլ իրանց ա հասնում: Մի խումբ մարդիկ երեւի ուզում են էս հողերն առնել, մեզ էլ պահել, որ բատրակություն անենք»,- ասում է Տափերականի բնակիչ պարոն Նորայրը, ում կանխատեսումներով` այս տարի կհավաքվի շուրջ 6 տոննա խաղող: Պարոն Նորայրն էլ, ինչպես գյուղացիներից շատերը, խաղողի այգին սկսել է մշակել Հայաստանի անկախացումից հետո: Ըստ գյուղացու` ինքն անկախ պետությունում ավելի շատ է զգում կախվածություն, քան մինչ անկախացումը: «1990-ական թթ. ասացին` հողերը տալ գյուղացիներին: Դա էդպես չի, պետք է ասեին` գյուղացիներին տալ հողերին կամ էլ հողերը տալ գյուղացիների գլխին»,- զայրացած դժգոհում է Տափերական գյուղի խաղողագործը: Արամ պապիկն էլ, որ 1957թ. խաղողի այգիների բրիգադիր էր, ու իր սեփական այգի ուներ` դառը ժպիտով խոսում է մթերման խնդիրների մասին: «Տելեվիզորով ասում են` բերքը լրիվ իրացնում ենք, մի հատ ծիրան էս տարի չմնաց ու էլի շատ բաներ: Բայց խաբում են ժողովրդին, խա՜բում: Ես ծիրանի մեծ այգին ունեմ, բայց ծիրանը մի կերպ մթերեցին, երբ որ մեծ մասն արդեն փչացել էր»,- պատմում է Արամ պապը, ում աղջկա ամուսինը, լսելով աներոջ պատմածը՝ գլորում է նարդու զառը: «Խաղող մշակո՞ւմ եմ: Ոչ: Ինչո՞ւ: Որ չփչացնեմ»,- սատիրական հարցադրումներով ինքն իր հարցերին պատասխանում է Արամ պապիկի փեսան: Խաղողի բերքի ռեկորդակիր Կարո Ղարիբյանը եւս այնքան է բարկացած գյուղացիների խնդիրների մշտապես չլուծված լինելու համար, որ մեր հարցերին սկզբից բավականին անտարբեր, հետո շիկացած դժգոհությամբ պատասխանեց: Ի դեպ, նա իր 0,5 հա հողամասից 1997թ. ստացել էր 17 տոննա խաղող: Վերջինս նաեւ այն «երջանիկներից» է, ով արդեն 6 տարի է, ինչ Այգեւանի մթերման կետի հետ պայմանագիր է կնքում: Պայմանագրի համաձայն` գյուղացիները կարող են անհրաժեշտ բուժանյութերն ու պարարտանյութերը ապառիկ գնել մթերման կետից եւ գումարը վճարել բերքի հանձնումից հետո: Բայց այստեղ էլ կա այն դժգոհությունը, որ մթերման կետերը գնված ապրանքները կրկնակի գնով են վաճառում: «Գյուղատնտեսության մինիստրն ասում ա` մի գիլա խաղող գետինը չի մնա: Ասում են` 137 դրամով կընդունեն, բայց տանում ես, որ հանձնես՝ 80 դրամով են ընդունում: Հա, ես պայմանագիր եմ կնքել: Էդ պայմանագիրը ամեն տարի կնքվում ա: Էս տարի էլ մի թազա կարգ են գցել: Ասում են` մինչեւ հողիդ վկայականը չբերես, չենք մթերի բերքդ»,- նշում է Կարո Ղարիբյանը` ցույց տալով նաեւ այն պայմանագիրը, որն օրեր առաջ կնքվել էր Այգեւանի մթերման կետի հետ: Ըստ այդ պայմանագրի` Տափերական գյուղի բնակիչ Կարո Ղարիբյանը կարող է 5,4 տոննա խաղող մթերել: «Տարեցտարի պակասեցնում են մթերելու չափը: Հիմա նայեք` ես ունեմ 6 տոննա խաղող, բայց ինձնից ընդունում են 5,4 տոննան, բա մնացածը ի՞նչ անեմ: Ամեն տարի 4 տոննա պակասացնում են: Մենք իրանց հարցնում ենք` ինչի՞ եք էդպես անում: Իրանք պատասխանում են` մեզ էդքան շատ բերք պետք չի»,- վրդովված է խաղողագործը, ում կանխատեսմամբ այս տարի էլ բերքի որոշ մասը կնեխի, որքան էլ հավաստիացնում են մեր գյուղնախարարն ու մնացած պատասխանատուները: Իսկ գյուղի խաղողագործների համար ամենադաժան ու ստորացուցիչ պահը` իրենց բերքի իրացման գործընթացն է: «Օրերով կկանգնեցնեն էն արեւի տակ ու կասեն՝ հերթով: Ով կարա բան ասի՝ վզներին կիլոներով ոսկի քցած տղերքին: Գյուղացին ի՞նչ անող ա: Գյուղացուն էլ մնում ա` արեւի տակ կանգնել ու սպասել, տեսնել, թե իրան ե՞րբ են ընդունելու: Մեկ էլ հերթդ գալիս ա, ներս ես մտնում: Էդ ժամանակ մթերողներն ասում են` էս բերքիդ կեսն արդեն փչացել ա»,- նշում է գյուղացիներից Արթուրը` առաջարկելով որոշում կայացնող իշխանավորներին ընդամենը մեկ օր գնալ դաշտ ու աշխատել: «Մնացած օրերը մենք կաշխատենք, թող էդ մի օրը իրանք աշխատեն»,- ավելացնում է Տափերականի բնակիչը` համոզված լինելով, որ միայն այդ ժամանակ իշխանավորները կմտածեն իրենց մասին:
Հ.Գ. Երեկ երեկոյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Արմավիրի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության նախարարների, Արմավիրի, Արարատի, Տավուշի մարզպետների մասնակցությամբ: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է խաղողի մթերման հարցը: «Այսօր առավոտյան նախագահն այցելեց մի քանի մթերող ձեռնարկություն: Խորհրդակցության ժամանակ հստակ հանձնարարություններ եւ խնդիրներ դրվեցին, որ այս տարի աճեցված խաղողի ամբողջ բերքը պետք է մթերվի»,- ասել է Գեւորգյանը, ըստ որի՝ մթերող ընկերություն-գյուղացի համագործակցության առումով լուրջ խնդիրներ չկան: Այդուհանդերձ, խաղողագործներին հուզող հիմնական խնդրի` մթերման գնի մասին Գեւորգյանը կոնկրետ որեւէ բան չի ասել: Ըստ նրա, միջին գներ հայտարարելը սխալ է, եւ յուրաքանչյուր տարածաշրջանում կոնկրետ գներ են լինելու: